Երեկ առավոտյան Քաբուլում ՄԱԿ-ի ներկայացուցչության շենքի մոտ տեղի է ունեցել հուժկու պայթյուն։ Ֆրանսպրեսը հաղորդում է, որ ռումբի պայթյունից քանդվել է նախագահական պալատից ոչ հեռու գտնվող այդ շենքի պարսպի մի մասը։ Աֆղանստանի անվտանգության ծառայության սպաներից մեկը հայտնել է, որ ռումբի պայթյունից որեւէ մեկը չի տուժել։ Փշրվել են մոտակա շենքերի լուսամուտների ապակիները։ Ռումբը դրված է եղել հենց պարսպի մոտ, որը հեռու չէ նախագահական պալատից եւ անվտանգության միջազգային ուժերի շտաբից ոչ հեռու։ Աֆղան սպան նշել է, որ, ամենայն հավանականությամբ, խոսքն ահաբեկչական քայլի մասին է, թեեւ «դժվար է ստույգ ասել, թե ով է դրել ռումբը»։ Վերջին օրերին Քաբուլի վրա յոթ հրթիռ էր արձակվել։ Թալիբ զինյալներն ստանձնել էին այդ ձեռնարկումների պատասխանատվությունը, զգուշացնելով, որ իրենք ձգտում են խոչընդոտել Լոյա ջիրգայի (ազգային ժողովի) աշխատանքը, որը ներկայումս Քաբուլում քննարկում է երկրի սահմանադրության նախագիծը։