«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2003-12-24 | #238, 2003-12-25 | #239, 2003-12-26


ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ «ՇՈԿԱՅԻՆ ԹԵՐԱՊԻԱ» Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ

Ցավոքՙ ինքն իր նկատմամբ

Կարծես ամենամյա պրակտիկա է դառնում, որ հանրապետության խորհրդարանն իր աշխատանքի ոչ փոքրածավալ մասն իրականացնում է տարվա ավարտին։ Հետաքրքրական փաստ է, որ մի քանի օրվա ընթացքում խորհրդարանը «քննարկում» է տասնյակ օրինագծեր, օրենքներում կատարելիք փոփոխություններ։ Ընդ որում, որպես կանոն, տարվա ավարտին օրենսդրական «չաղ» փաթեթով խորհրդարան է գալիս կառավարությունը։

Այն, որ Ազգային ժողովը հապճեպորեն եւ իբր քննարկում է որոշ օրենքներում կատարելիք էական եւ ոչ էական փոփոխությունները, դեռ կարելի է համարել ոչ կարեւոր։ Սակայն եթե մի երկրի խորհրդարան այդ պետության գործունեության համար կարեւորագույն մի փաստաթուղթ, ինչպիսին բյուջեի նախագիծն է, ընդունում է նույն ընթացակարգով, պարզ է, որ այդ բյուջեն արդեն կատարման առումով երբեւէ ապահովված չի լինի։

Այս օրերին խորհրդարանն իր արտահերթ նստաշրջանի յուրաքանչյուր օր օրակարգը սպառելու նկատառումից ելնելով արագորեն անցնում է մի կետից մյուսը։ Չեն լինում քննարկում, չեն հնչում հարցեր, չեն լինում ելույթներ։ Ստացվում է, որ խորհրդարանը նմանվում է ավելի շուտ դակիչի։ Այսինքնՙ հապճեպորեն կնքում է կառավարության վերջին օրերին ներկայացրած օրինագծերը, եւ արդյունքում այդ օրինագծերն անցնում են այնպիսին, ինչպիսին ցանկանում է տեսնել կառավարությունը։

Երեկվա իր աշխատանքի ընթացքում խորհրդարանը ցուցաբերեց բացառիկ արդյունավետություն։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես այս մի քանի օրվա աշխատանքի ընթացքում խորհրդարանը պատրաստ է եւ կարող է սպառել մի ողջ տարվա օրակարգ։ Մինչդեռ, որպես արդյունք, ունենում ենք այնպիսի օրենքներ, որոնք հարմար են իշխանությանը եւ կիրառության առումով նպաստում են կառավարության դիրքերի ամրապնդմանը։

Եթե պատգամավորների ողջ տարվա դանդաղկոտությունը փոխհատուցվում է նման հրթիռայնությամբ, ապա բնավ էլ նման օրինագծերի հրատապ ընդունումն արդարացված չէ։ Արդարացված չէ թեկուզ այն պատճառով, որ հետագայում եւս այս օրերի ընթացքում ընդունած օրենսդրական փոփոխությունները ժամանակավոր են եւ հավանաբար կենթարկվեն նոր փոփոխությունների։

Գալիք տարին կառավարությունը կսկսի արդեն 2004 թ. բյուջեի շրջանակներում իրականացնելիք միջոցառումներից։ Եվ եթե այս արտահերթ նստաշրջանում խորհրդարանն ընդունի կառավարության ներկայացրած բյուջեի նախագիծը, ապա կարելի է ասել, որ կառավարությունը 2004 թ. կգործի այնպես, ինչպես նախընտրելի է իր համար։ Իսկ օրենսդիրներն ուղղակի իրավունք չեն ունենա որեւէ հարցում քննադատելու կառավարությանը, եթե իսկապես առանց նորմալ քննարկումների, առաջարկությունների, ելույթների ու հարցադրումների ընդունեն բյուջեի նախագիծը։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4