Երեկ Թեքեյան կենտրոնում Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանն ասուլիսի էր հրավիրել լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Հանդիպման հիմնական նպատակը ՀԹՄՄ «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակների շնորհման կարգին ու վարչության որոշմանը ծանոթացնելն էր (տեսՙ «Ազգ», 25.12.03)։
Ինչպես տեղեկացրեց պրն Միրզախանյանը, «ԹՄՄ ԱՄՆ-ի եւ Կանադայի կազմակերպությունը վերջերս ստացել է կտակ որպես անձեռնմխելի հիմնադրամ, որի տոկոսները յուրաքանչյուր տարի հատկացվելու են ՀԹՄՄ մրցանակներին։ Հետագայում կլինեն այլ հնարավորություններ մրցանակների եւ նոմինացիաների թիվն ավելացնելու համար։ «Մրցանակաբաշխության հիմնական նպատակն էՙ ունենալ խթանիչ դեր գրականության, արվեստի զարգացման գործում», նշեց պրն Միրզախանյանը եւ պատասխանեց լրագրողների հարցերին։ «Հայոց աշխարհ» թերթի թղթակցի այն հարցին, թե ինչպես է գնահատում անցնող տարին քաղաքական տեսանկյունից, արդյունավե՞տ էր եւ այլն, պատասխանեց. «Մի բան պարզ է ու լավ, որ ոչխարի տարին ավարտվում է ու մտնում ենք կապիկի տարի։ Դա արդեն լավ է, հուսանքՙ հետ չենք գնա, կատակեց պրն Միրզախանյանը եւ ավելացրեց, որ տարին գերհագեցած էր ամենատարբեր իրադարձություններով, «բարձր մակարդակի ընտրություններով» եւ ի վերջոՙ մենք ունենք այն արդյունքը, ինչ որ ունենք։ Ունենք ներկայիս ԱԺ-ի կազմն իր հայտնի մակարդակով։ Իհարկե, ընտրություններով պայմանավորված են այն որոշակի փոփոխությունները, որոնք առկա են նաեւ գործադիր իշխանության մարմիններում։ Ժամանակը, կարծում եմ, ցույց կտա եւ կդնի իր լավագույն գնահատականը։ Այնուամենայնիվ, անցած ամիսներն ընդամենն ամիսներ են», ասաց պրն Միրզախանյանը եւ ավելացրեց, որ մեկ տարի հետո կարելի է փոփոխություններից որեւէ «արդյունք» ակնկալել։
ԼՂՀ-ի հարցի լուծման վերաբերյալ հարցին հնչեց այսպիսի պատասխան. «Հարավային Կովկասում շատ լուրջ փոփոխությունները ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Վրաստանում ուղղակիորեն անդրադառնում են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հարցի քաղաքական զարգացումներին։ Այնպես որ, պատրանքներով առաջնորդվել ԼՂՀ-ի կարգավորման խնդրում ոչ մի դեպքում պետք չէ։ Մենք նախ եւ առաջ պետք է ելնենք նրանից, թե պետությունն ինչ հետաքրքրություններ ունի տարածաշրջանում»։
ԹՄՄ առաջիկա ծրագրերի մասին խոսելիս պրն Միրզախանյանը նշեց, որ 2004 թ. կգործի միության թատրոնը, որ կունենա 12-14 դերասան, եւ բանակցություններ են ընթանում փորձերի համար համապատասխան դահլիճ գտնելու համար։
Վերջին 4-5 ամիսների ընթացքում ԹՄՄ-ն կազմակերպել է մի շարք միջոցառումներ, որոնք երեւելի եղան մեր մշակութային կյանքում։ Գիտությունների ակադեմիայի հետ նշվեց Վահան Թեքեյանի ծննդյան 125-ամյակը։ Ի դեպ, թե սփյուռքում եւ թե Հայաստանում մի շարք միջոցառումներ կազմակերպվեցինՙ նվիրված մեծ բանաստեղծի ու մտավորականի հոբելյանին։ Սակայն մեր նախաձեռնածը այլ բնույթ էր կրում, այն գիտապրակտիկ կոնֆերանս էր։ Բոլոր կարդացված զեկուցումները շուտով կհրատարակվեն մի ամբողջական գրքույկով։ Հայաստանի գրողների միության հետ համատեղ նշվեց Շահան Շահնուրի 100-ամյակը։ ԹՄՄ բարձրագույն պարգեւինՙ «Ադամանդակուռ Արարատ» շքանշանին արժանացան ՀԳԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը եւ մեծանուն արվեստագետ, երաժիշտ Ջիվան Գասպարյանը։
Իսկ Ամանորի առիթով պրն Միրզախանյանը ԹՄՄ անունից շնորհավորեց ներկաներին, մաղթեց նորանոր ձեռքբերումներ ու որպես Ամանորի նվեր նրանց հանձնեց միության 2004 թ. փառավոր օրացույցը, որտեղ տեղադրված են հայ անվանի ու ճանաչված նկարիչների 12 լավագույն աշխատանքները։ Ի դեպ, այդ աշխատանքների բնօրինակները հեղինակները նվիրաբերել են Թեքեյան մշակութային միությանը, որն առաջիկայում կվաճառի դրանք եւ հասույթը կօգտագործի մշակութային-կրթական իր ծրագրերն իրականացնելու համար։
1000 տպաքանակով օրացույցերից 600-ն արդեն ուղարկվել է սփյուռքի կառույցներին, իսկ մյուսներըՙ կիրացվեն Հայաստանում։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ