Այս տարի տոնվում էր Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 80-ամյակը։ Բազմաթիվ միջոցառումների շարքը եզրափակվեց օրերս Թեքեյան կենտրոնում Հայաստանի Թեքեյան մշակութային միության կազմակերպած լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսով, որտեղ ցուցադրվում էին մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի գեղարվեստական լուսանկարչական բաժնի 15 ուսանողների 60 աշխատանքները, որոնց հետ կարելի է ծանոթանալ մինչեւ շաբաթավերջ։ Ցուցահանդեսը բացելու պատիվը տրվեց բաժնի ղեկավար, ճանաչված ու սիրված կինոօպերատոր, ժողովրդական արտիստ Ալբերտ Յավուրյանին։ Պրն Յավուրյանը, շնորհավորելով ուսանողներին, նշեց նաեւ, որ մանկավարժական համալսարանի կոլեկտիվի, արվեստանոցների ղեկավարների ջանք ու եռանդի շնորհիվ լուսանկարչությունից հեռու երիտասարդները 1, 2, 3 տարվա ընթացքում անհատներ են դարձել ու ներկայանում են փայլուն աշխատանքներով։ Իհարկե, ուսանողներին մեծ աջակցություն են ցուցաբերում նաեւ ռեկտոր Արտուշ Ղուկասյանը եւ դեկան Ռուբեն Միրզախանյանը։ Ցուցահանդեսը յուրատեսակ քննություն էր մասնակիցների համար, եւ այն հաշվի կառնվի առաջիկա քննաշրջանի ընթացքում, նշեց պրն Յավուրյանը։
Պրն Ղուկասյանն էլ հույս հայտնեց, որ հանձինս նրանց, երկու տարի հետո համալսարանը կնախապատրաստի իր առաջին պրոֆեսիոնալ լուսանկարիչ-մասնագետներին, որոնց կարիքն այժմ շատ է զգացվում։ «Ռեկտորատը միշտ իր ուշադրության կենտրոնում է պահում արվեստի բնագավառի նեղ մասնագիտությունները, բավականին հետաքրքրական արդյունքներ ունենք ու շարունակելու ենք այդ քաղաքականությունը»։
ՀԹՄՄ նախագահ, համալսարանի մշակույթի ֆակուլտետի դեկան Ռուբեն Միրզախանյանը, շնորհավորելով ուսանողներին գեղեցիկ աշխատանքներ ներկայացնելու համար, նշեց, որ ուրախ է ու բերկրանք է ապրում։ «Լուսանկարչությունը լրջագույն արվեստ է, շատ հեռանկարային, ասաց պրն Միրզախանյանը եւ ավելացրեց, որ այն նաեւ ծայրաստիճան կիրառական է։ Համոզված եմ, որ առաջիկա տարիներին այդ կիրառական արվեստի ճյուղի ներկայացման որակից կախված է նաեւ այն հանգամանքը, թե ինչպես մեր երկիրըՙ Հայաստանը, մեր ժողովուրդը կներկայացվի ողջ աշխարհին։ Կարեւոր է եւ կիրառական նաեւ այն տեսանկյունից, երբ գովազդն իրապես գերկարեւոր նշանակություն ունի։ Այսօր խոսել գովազդի մասին, առանց պրոֆեսիոնալ լուսանկարչական մակարդակի, կարծում եմ, տեղին չէ եւ անհնար է։ Այդ տեսանկյունից եկեք խոստովանենք, որ մեր գովազդային ծրագրերի մեջ բավականին հետ ենք մնում։ Հենց դա էր պատճառը, որ համալսարանում երեք տարի առաջ հիմնվեց բաժին, որտեղ մեր գեղարվեստական լուսանկարչական լավագույն գիտակներն իրենց փորձն են հաղորդում ուսանողներին», ասաց պրն Միրզախանյանը։
Իսկ գեղարվեստական լուսանկարչության բաժնում իրենց փորձն ու հմտություններն են փոխանցում ուսանողներին նախկին կինոօպերատորներ եւ լուսանկարի վարպետներ Մարտին Շահբազյանը, Բորիս Հովսեփյանը, Սահակ Թովյանը եւ շատ ու շատ ուրիշներ։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ