Անդրեյ Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղը 2003 թվականի ընթացքում անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրել 1533 քաղաքացիների եւ իրավաբանական անձանց, մասնակցել 38 քաղաքացիական եւ քրեական գործերի քննությանը։ Փաստաբանական աջակցություն է ցույց տրվել տարբեր դատական ատյանների ուղղված 43 հայցադիմումների եւ դիմումների կազմմանը։ Հանրապետության ղեկավար մարմիններին, տարբեր նախարարություններ, գերատեսչություններ, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններ հասցեագրվել են 81 դիմումներ, հարցումներ, միջնորդագրեր, ստացվել է 47 պատասխան։ Մասնաճյուղի աջակցությամբ գրանցվել է 11 իրավաբանական անձ։ Սա ընդամենը մի փոքր մասն է 1996 թվականից գործող իրավապաշտպան այս կազմակերպության անցնող տարվա աշխատանքների, որոնց ամփոփմամբ երեկ «Ասպարեզ» ակումբում լրագրողների առջեւ հանդես եկավ մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը։
Մարդու իրավունքները կարող են պաշտպանվել, երբ դրանք գիտակցված են։ Ելնելով այս դրույթից, կազմակերպությունը մեծ ուշադրություն է նվիրում իրավական-լուսավորչական գործունեությանը։ Տարվա ընթացքում մշակվել, բազմացվել ու տարածվել է ՀՀ օրենսդրությունը եւ միջազգային իրավունքի նորմերը լուսաբանող հարյուրից ավելի հուշաթերթ, անցկացվել մարդու իրավունքների եւ ժողովրդավարության, քաղաքացիական կրթության, պետության եւ իրավունքի հիմունքների, համայնքային զարգացման, ՀԿ ղեկավարման, հանրային քարոզչության եւ այլնի վերաբերյալ 32 դասընթացներ ու պարապմունքներ կենտրոնի Քաղաքացիական հասարակության դպրոցում, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան ինստիտուտին առընթեր քաղաքացիական կրթության կենտրոնում, հանրակրթական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում, հասարակական կազմակերպությունների եւ համայնքային խմբերի համար։ Կազմակերպվել են նաեւ սեմինար-քննարկումներ, կլոր սեղաններ, եթեր հեռարձակվել մարդու իրավունքներին, թրաֆիքինգին, փախստականների հպատակագրման գործընթացին, քաղաքացիական հասարակության կայացման հիմնախնդիրներին նվիրված հեռուստառադիոհաղորդումներ։ Օրենքների նախագծերի քննարկումների, օրենսդրական նախաձեռնությունների եւ այլնի միջոցով ապահովվել է հնարավոր մասնակցություն օրինաստեղծման գործընթացներին։ Համապատասխան ծրագրային օգնություն է ցուցաբերվել Շիրակի, Լոռու եւ Արագածոտն մարզերի գյուղական համայնքներում տեղաբաշխված փախստականներինՙ իրենց սոցիալ-տնտեսական եւ քաղաքացիական իրավունքների իրացման գործում, ստեղծվել է 25 համայնքների ու դրանցում բնակվող փախստական ընտանիքների բնութագրերը պարունակող տվյալների համակարգչային բազա։
Մասնաճյուղին կից գործող Քաղաքացիական հասարակության դպրոցը կրթականից բացի իրականացնում է նաեւ համագործակցության, հանրային կարծիքի ձեւավորման, ռեսուրս-կենտրոնի գործառույթներ։ Այստեղ գործում է նաեւ իրավական ու քաղաքացիական կրթության գրադարան, ՀԿ-ներին, ԶԼՄ ներկայացուցիչներին տեխնիկական աջակցություն, բազմաբնույթ տեղեկատվությունՙ մամուլի տեսություն, տեղեկատուներ, դրամաշնորհային հնարավորություններ տրամադրելու հստակ մեխանիզմ։
Գ. Մ.