«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2003-12-24 | #238, 2003-12-25 | #239, 2003-12-26


ՀՈԳԵՎՈՐ ԿՅԱՆՔԸ ՈՐՔԱՆՈ՞Վ Է ԿԱՐԵՎՈՐԵԼԻ ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Տարիներ առաջ էր։ Երիտասարդական պալատ տանող աստիճաններին ինձ մոտեցավ միջահասակ մի կին. երիտասարդական պալատի մեծ դահլիճներից մեկում այդ օրը մշտապես հավաքվում էր հավատացյալ մարդկանց մի խումբՙ իրենց հոգեւոր պահանջները բավարարելու որոշակի արարողություններ անում։

Կինը դողացող ձայնով, գրեթե աղերսագին խնդրեց. «Աղջիկ ջան, ասա՛, ո՞ւր գնամ, այստեղից էլ դուրս եկա, չմնացի։ Քանի-քանի նման տեղերում եմ եղել, հոգուս բավարարում ոչ մի տեղ չեմ ստացել։ Ամեն մեկը մի բան է ասում, հոգիս թափառական է դարձել, խաղաղվել եմ ուզում»։ Դժվար էր ինչ-որ բան ասել։ Կինը տանջվում էր, աչքերի մեջ փշրված ինչ-որ բան կար. «Գուցե գնաք եկեղեցի՞, այնտեղ փնտրեք խաղաղություն», ասացի ու հեռացա։ Չգիտեմ ուր գնաց։ Այդ տարիներին փողոցներում, այգիներում հաճախ կարելի էր հանդիպել հոգեւոր դեգերումների մեջ ընկածների, իսկ իրենց համոզմունքների մեջ հաստատվածները տնից-տուն էին ընկնում, վերջին դատաստանի ու հոգու փրկության մասին իրենց «ուսմունքները» տարածում։ Հիմա նրանք քչացել են, համենայն դեպս հասարակական վայրերում սակավ են հանդիպում։

Տարին տարվա հետ գլորելովՙ փոփոխությունների ակնկալիքով ենք ապրում։ Սակայն ամեն երեւույթի ընկալում անհատականացված է, ընդհանրացում, ըստ էության, դժվար է անելՙ հատկապես հոգեւոր կյանքին առնչվող հարցերի շուրջ։ Կյանքի մակերեսներին դրանք տեսնելն ավելի դյուրին է, եթե դա վերաբերում է, ասենք, եկեղեցաշինությանը կամ հոգեւոր պատմա-մշակութային կառույցների պահպանմանն ու վերանորոգչական աշխատանքներին։ Անցնող տարում մի քանի նորակառույց եկեղեցիներ բացվեցին եւ օծվեցին։ Եկեղեցական շինության գոյությունը որեւէ տեղանքում ստեղծում է հոգեւոր միկրոկլիմաՙ մերձակա բնակչությանն ակամա ձգելով դեպի այդ միջավայրը։ Սա նկատելի է, երբ շփվում ես տվյալ բնակավայրում ապրող մարդկանց հետ, որոնք ասում են, թե եկեղեցու զանգերն անգամ խորհրդանշական են։ Այնպես որ եկեղեցաշինությունը հոգեւոր կյանքն արթնացնելու, հայ մարդուն իր հավատքին կապելու լավագույն ձեւերից մեկն է։ (Չնայած հավատացյալ մարդկանց հետ իմ զրույցներից այն տպավորությունն եմ ստացել, որ նրանցից շատերը, Հայ առաքելական եկեղեցու կրոնական ծիսակատարություններին մասնակցելով, հոգեւոր անհրաժեշտ սնունդ չեն ստանում, ժամանակակից կյանքի ռիթմին համապատասխան հոգեւոր խոսք են փնտրում)։

Ի՞նչ է արվում հոգեւոր կյանքն ակտիվացնելու համար

Երեւանում գործում է շուրջ 8 եկեղեցի։ Բավարարո՞ւմ են նրանք միլիոնանոց քաղաքի բնակչության հոգեւոր պահանջմունքը, ճի՞շտ են արդյոք տեղաբաշխված։ Դրանցից 5-ը Կենտրոն համայնքում է։ Բացի Սբ. Գրիգոր Լուսավորչից եւ Նոր Նորքի VII զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցուց, նոր եկեղեցի մայրաքաղաքում չի կառուցվել։ Արաբկիրի տարածքում եկեղեցի չկա, իսկ կարիքն անպայման կա։ Ամեն դեպքում կյանքի ծանր պահերին հոգեւոր տաճարն ամենախաղաղեցնող վայրն է։ Եկեղեցի այցելողներից շատերն են ասում, որ մոմավառությունը մխիթարանք է, աղոթքըՙ մաքրագործման արարողություն։

Աշխարհիկ եռուզեռի մեջ, նյութականի գերակայությամբ հոգեւոր կյանքը հետզհետե ստվերվում, դառնում է անկարեւոր։ Այդպես էՙ աշխարհում աշխարհիկ օրենքներն են իշխում, հոգեւոր կյանքի սպեկտրը նեղ է։ (Ոչինչ չես կարող անել։ Հոգեւոր սկզբունքները գործում են անհատի ներքին իրականության մեջ։ Եվ այդ իրականությունը թելադրում է բարոյական կենսակերպ։ Ավա՜ղ, այդպիսիք շատ սակավ են)։ Հեռուստահաղորդումների չնչին տոկոսն է անդրադառնում բուն հոգեւոր խնդիրներին (արարողությունից արարողություն, տոնից տոն իբրեւ տեղեկատվություն արվածը հոգեւոր կյանքին սնուցում չի տալիս), օրաթերթերըՙ առավել եւս։ Որովհետեւ մարդկային կյանքի առտնին պահանջին գոհացում են տալիս նախ եւ առաջ քաղաքատնտեսասոցիալ-մշակութային շատ կարեւոր տեղեկատվությունները։ «Շողակաթ» հեռուստաընկերությունը եւ «Վեմ» ռադիոկայանը եկեղեցական կյանքին անդրադարձող հաղորդումներով, ֆիլմերով, հարցազրույցներով շատ հպանցիկ փորձում են լրացնել այդ բացը։ Իրականում հոգեւոր ուժեղ լիցքեր պարունակող խոսքը բացակա է, որովհետեւ հոգեւոր էներգիա կրող անհատները, որոնք իրապես ապրում են այդ կյանքը, ոչ միայն քարոզում, կամ չկան, կամ ստվերում են։

Իհարկե, այս տարի հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրերում հայոց եկեղեցու պատմություն առարկայի ընդգրկելը IV-VII դասարաններում, քրիստոնեական դաստիարակության առաջին լուրջ քայլն էր, դասագրքերի տպագրությունն ու առաքումը դպրոցներՙ ողջունելի եւ հուսադրող։

Այն իրականացավ Ամենայն հայոց հայրապետիՙ Գարեգին Բ¬ի անմիջական նախաձեռնությամբ, որին բարեբախտորեն աջակցեց հանրապետության կառավարությունը տպագրական ծախսերը բնականաբա՜ր թողնելով Մայր աթոռի հոգածությանը։

Բայց խնդիր է, թե ինչպե՞ս է կազմակերպվում ուսուցումը, ունե՞նք արդյոք որակյալ մասնագետներ, ովքե՞ր են դասավանդում եւ ինչպե՞ս. նույն մեթոդներով, ինչ, ասենք, մաթեմատիկա կամ թեկուզ պատմություն առարկաները, պատասխանատվությա՞մբ են, արդյոք վերաբերվում առարկային դպրոցների տնօրենությունները, աշակերտները, ծնողները։ Առայժմ սրանք խոցելի հարցեր են։

Հասարակության ինչպիսին լինելը (որակը) հիմնականում կախված է այնտեղ գործող կրթական համակարգից եւ բարոյական լիցքեր կրող այն անհատներից, ովքեր իրականացնում են այդ կրթությունը։ Բարոյականությունը սնվում է հոգեւոր աշխարհից։ Եթե հոգեւորը ստվերվում, անտեսվում է, հասարակության անկումն ավելի նկատելի է դառնում, որքան էլ մենք փորձենք մեզ համոզել, որ այս տարվա հրապարակի տոնածառն ավելի շքեղ է եւ ամանորյա տորթըՙ մեծ։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4