Հայաստանում հենակետային մարզաձեւերի ներկայացուցիչներից թերեւս առավել հաջողը մեր ծանրորդների մրցելույթներն էին։ Այսօր Հայաստանի նվաճած օլիմպիական 9 ուղեգրերից 5-ը բաժին են ընկնում ծանրորդներին։ Նոյեմբերին Կանադայի Վանկուվեր քաղաքում անցկացված ծանրամարտի աշխարհի հերթական առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով գրավեց 10-րդ տեղը եւ իրավունք ստացավ 2004 թ. Աթենքի օլիմպիադայում մրցահարթակ դուրս բերելու 5 ծանրորդի։ Ճիշտ է, անհատական մրցումների արդյունքներն այնքան էլ հաջող չէին մեր ծանրորդների համար։ Մրցահարթակ դուրս եկած ութ ծանրորդներից մրցանակակիր դարձավ միայն Գեւորգ Դավթյանը։ 77 կգ քաշային կարգում Գեւորգը երկամարտի 355 կգ արդյունքով դարձավ աշխարհի փոխչեմպիոն։ Մինչ այդ, հունիսին Մեքսիկայում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում Գեւորգ Դավթյանը դարձել էր բրոնզե մրցանակակիր։ Այդ նույն մրցաշարում աշխարհի փոխչեմպիոն էր դարձել Տիգրան Մարտիրոսյանը (85 կգ), իսկ Արթուր Դանիելյանը (62 կգ) նվաճել էր բրոնզե մեդալ։