Վանաձորից Ալավերդի ավտոմայրուղու 31-րդ կմ-ում վթարային մի հատված կար, որ տարիներ շարունակ դժվար անցանելի ու վտանգավոր էր երթեւեկի համար։ Փամբակ գետի ջրերը տասնամյակի ընթացքում ողողելով ափամերձ ճանապարհի հենապատերը, արդեն իսկ դրանք հասցրել էին փլուզումների սահմանին, մշտապես սպառնալից իրավիճակներ ստեղծելով վարորդների համար։
Օրերս ավարտվեց 2 կամուրջների շինարարությունը, որոնք գետի աջ ու ձախ ափերին մերձակա ճանապարհահատվածները մատչելի դարձրին տարվա ցանկացած եղանակի եւ ցանկացած փոխադրամիջոցի համար։
Շինարարությունն իրականացրել է «Դարոժնիկ» ՍՊԸ արցախյան կազմակերպությունըՙ դարձյալ «Լինսի» հիմնադրամի միջոցներով։ Կամուրջներից մեկի թռիչքը 33,12 մ է, մյուսինըՙ 33,33 մ, համապատասխանաբար 45 եւ 66 մ երկարությամբ։
Շինարարությանն իբրեւ «Լինսի» ծրագրերի իրականացման գրասենյակի տեխնիկական վերահսկիչ մասնակցել է անվանի կամրջաշինարար Գեորգի Ջանշյանը։ Կամուրջների պաշտոնական բացման արարողությունն սպասվում է առաջիկա օրերին։ Դրանք ամանորյա լավագույն նվերը դարձան տեղի բնակչությանըՙ այլեւս անվտանգ դարձնելով հաղորդակցումը շրջակա համայնքների ու բնակավայրերի հետ։
Կ. Դ