«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2003-12-25 | #239, 2003-12-26 | #240, 2003-12-27


ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐՆ ԻՐԵՆՑ ԼԱՎ ԵՆ ԶԳՈՒՄ

Գագրայում կկառուցվի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

Դեկտեմբերի 22-ին «Sakartvelo.ru» վրացական ինտերնետային թերթի (գրասենյակը գտնվում է մերձմոսկովյան Դուբնա քաղաքում) տարածած տեղեկատվությունը, թե Աբխազիայում բնակվող հայերի եւ աբխազների հարաբերությունները խիստ լարվել են, վերջերս իբր պայթեցվել է Գագրայի հայկական դպրոցը, հրկիզվել է տեղի առաքելական եկեղեցին, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։

Այս մասին «Ազգի» հետ հեռախոսազրույցներում հաստատեցին Հայ առաքելական եկեղեցու Հարավային Ռուսաստանի թեմից։

Սոչիի հայկական եկեղեցու քահանա տեր Կոմիտասն «Ազգի» հետ հեռախոսազրույցում հաստատեց, որ իրենք տեղյակ են այդ ապատեղեկատվությանը։ Վրաց ուղղափառ եկեղեցին կտրականապես դեմ է Վիրահայոց թեմի քահանայիՙ ժամանակ առ ժամանակ Աբխազիա մեկնելու եւ աբխազահայության համար աղոթք անելուՙ հայկական կողմի առաջարկությանը։ Այդ պատճառով Աբխազիա է մեկնում Հարավային Ռուսաստանի թեմի քահանաներից մեկը։

Երեկվա համարում «Ազգը» գրել էր, որ Գագրայում չկա հայկական եկեղեցի, այդ իսկ պատճառով աբխազները չէին կարող հրդեհել։ Մենք պարզեցինք, որ Գագրայում երկու տարի առաջ կառուցվել է մի փոքրիկ մատուռ, որտեղ աղոթք են անում Գագրայի գոտու եւ ընդհանրապես աբխազահայությունը։ Ադլերի հայկական եկեղեցու քահանա տեր Նորայրը, ով ամեն ամիս մեկնում է Գագրա եւ տեղի հայկական մատուռում պատարագ եւ ծիսակատարություն անուն հավատացյալ հայերի համար, «Ազգի» հետ հեռախոսազրույցում հերքեց վրացական ինտերնետային թերթի եւ վերջին երկու օրերին վրացական մամուլում այդ թեմայի շուրջ տպագրվող հրապարակումների իսկությունը։

«Այդպիսի բան չկա։ Գագրայի մատուռն անվնաս է, Գագրայի հայկական դպրոցը չի պայթեցվել։ Աբխազահայերն ու աբխազներն ապրում են հաշտ եւ համերաշխ», ասաց տեր Նորայրը, ավելացնելով, որ ֆինանսների գոյության դեպքում Գագրայի հայկական մատուռի տեղում կկառուցվի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին։

Երեկ վրացական մամուլում, այդ թվումՙ ընդգծված հայատյաց «Ջորջիան թայմս» թերթում վրացական ինտերնետային էջում տեղադրված հոդվածի առնչությամբ, որը բացարձակապես կապ չունի իրականության հետ, մեկնաբանություններ են տվել Վրաստանի հետախուզության դեպարտամենտի տնօրեն Ավթանդիլ Իոսելիանին (սույն պարոնը եղել է Գագրայի բնակիչ եւ քաղաքից հեռացել է վրացական օկուպացիոն ուժերի ջախջախումից հետո), Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Վան Բայբուրթյանը, այսպես կոչված Աբխազիայի վտարանդի կառավարության (կենտրոնակայանըՙ Թբիլիսի) ղեկավար Թամազ Նադարեիշվիլին։ Անիմաստ ենք համարում մեջբերումներ անել վերոնշյալ անձանց մեկնաբանություններից, քանի որ նրանք սուբյեկտիվ մեկնաբանություն են տվելՙ հիմք ընդունելով կատարյալ ապատեղեկատվությունը։

Կրկին նշենք, որ Աբխազիայում հայությունը տարբեր ժամանակահատվածներում ենթարկվել է անասելի բռնությունների, տառապանքների, ինչը, սակայն, այլ նյութի թեմա է, եւ ինչի մասին «Ազգը» ժամանակին տպագրել է մի շարք թղթակցություններ։

Քանի որ վրացական մամուլը «խիստ անհանգստացած» է Գագրայում չեղած հայկական եկեղեցու հրդեհման «փաստով», խորհուրդ ենք տալիս մեր վրաց գործընկերներին պարզել, թե ո՞վ եւ ի՞նչ նպատակներով է հրդեհել Թբիլիսիի կենտրոնում գտնվող (Հին Թբիլիսի, փողոց Սերեբրեննայա) 1702 թ.-ին կառուցված հայկական Սուրբ Նշան եկեղեցին։ Սա տեղի է ունեցել 2002 թ.-ի հոկտեմբերին, Սուրբ Նշանն այրվում էր գրեթե մեկ օր, իսկ վրացական մամուլը հարկ չհամարեց անհանգստության նշաններ ցույց տալ։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4