Դարուփոսն ավարտեց իր պատմության եւս մեկ կարեւոր ժամանակաշրջանՙ 2003 թվականը (ընդհանրապես Դարուփոսի համար բոլոր ժամանակներն էլ կարեւոր են)։ Ոչխարից պրծանք։ Եկող տարիՙ 2004-ին, 366 օր շարունակ կապիկություն ենք անելու, թեեւ, անկեղծ ասած, քիչ կապիկություն չենք արել նաեւ անկապիկ տարիներին։ Քաղաքական գործիչների, պաշտոնատար եւ անպաշտոն մարդկանց մասին չեմ խոսում, որովհետեւ իրենք նեղանում են։ Միայն մեկը կար Դարուփոսում, որ չէր նեղանում եւ հումորով էր ընդունում իր մասին ասված ամեն խոսք։ Նրան դեսպան ուղարկեցին։ Արմեն Ավագիչը։
Դարուփոսում մնացել են նեղացկոտները։
Տեսեք, մարդկային ազատությունների եւ մարդու ազատությունների միակ պաշտպան պարոն Մայրիկյանին վտարեցին իր զբաղեցրած տարածքներից։ Դատով, դատարանով վտարեցին։ Բա հիմա ո՞վ է պաշտպանելու դարուփոսցու իրավունքները։ Ոչ ոք։ Էսպեսՙ անպաշտպան, անօմբուդսմենի եւ անմայրիկ պիտի դռնեդուռ ընկնենք։
Կարապետիչը փորձում է ելք գտնել ստեղծված իրավիճակից եւ զրույցի է հրավիրում Սադի Արշակին։ Վերջինիս այցն անիմաստ կլիներ, եթե Կարապետիչը չկարողանար զրույցի բերեր նաեւ Իսագուլ Գառնուկին, որին Սադի Արշակը եւս մեկ անգամ պետք է նույն հարցը տար. «Եղբայր, դու հիմա ագե՞նտ չես... Չէ, չէ, դու ասա, ագե՞նտ ես, թե՞ չէ... Տո, բա ի՞նչ ես, ագենտ ես, էլի...»։ Ու էս խեղճ Իսագուլը, ի վերջո, համաձայնվում է, որ ինքը նախկին հետախույզ է եղել...
Էսպես, ուրախ-զվարթ ապրում ենք Դարուփոսում։ Ու որպեսզի ազատախոհ, համարձակ, հերոս երեւանքՙ գնում, ձեռ ենք առնում Դարուփոսի նախարարներին, բայց այն նախարարներին, որոնցից վնաս չկա, որովհետեւ իրենք ոչ հզոր կարողություն ունեն, ոչ էլՙ մեզ վնասելու լծակ։ Ում մասին չխոսենք-չխոսենք, Դարուփոսի կուլտուրայի տան դիրեկտոր Թամարը կա ու կա։ Ճիշտն ասած, դա էնքան էլ մեր մեղքը չէ։ Իր տան աշխատողներն ուղղակի կամ անուղղակի այնպիսի բաներ են հասցնում թերթերի աշխատողներին, որ, ուզես թե չուզես, արձանագրում ես։ Ճիշտ է, վերջին ժամանակներս Դարուփոսի կուլտուրայի տունը համարվում է փակ կառույց (ինչպես ասենքՙ Պենտագոնը Ամերիկափոսում), բայց լուրեր մեզ հասցնում են։
Վերջերս, օրինակ, պարզվել է, որ տիկին Թամարը որոշել է աշխատանքից հեռացնել... Շագալին։
Բանն այսպես է եղել։ Տիկին Թամարի մոտ է մտնում իր մերձավորներից մեկը եւ հայտնում, թե, գիտես, Թամար ջան, մեր Դարուփոսում ունենք-չունենք մի Շագալ ունենք, էն էլ ոչ մի ժամ Դարուփոսում չի մնում։ Մեկ Ֆրանսիափոսում է, մեկՙ Գերմանափոսում, մեկ... «Հիմա ո՞ւր է», զայրացած հարցնում է տիկին Թամարը։ «Ճապոնափոսում»։ «Հենց կգա, կհասնի Դարուփոս, մի լավ հարցաքննեք, նախ խիստ նկատողություն արեք, իսկ եթե շարունակի իր թափառումներըՙ գործից հեռացրեք»։
Բայց տիկին Թամարին խայտառակ անողն իր խոսքերը չեն, այլ հենց իր կուլտուրայի տան աշխատողները, որ խայծ են գցում ժուռնալիստներին, սրանք էլ սկսում են ամեն ինչ ծաղկեցնել։
Էս մասին հեշտ է ասելն ու գրելը. անվտանգ է։ Ուրիշների մասին բան չեն ասում, չեն կարող ասել։
Դարուփոսում երթուղային տաքսիների գները թանկացան։ Ժուռնալիստները հարյուր քսանվեց անգամ հարցազրույց արեցին Դարուփոսի գարաժի արեգակնափայլ վարիչի հետ, եւ վերջինս էլ հարյուր քսանվեց անգամ մատը թափ տվեց երթուղային գծերի տերերի վրա, թեՙ «Տեսեք, հա, կբռնեմ, ձեզ գծից կհանեմ»։ Դարուփոսի ժողովուրդն էլ միամտորեն սկսեց վիճել տաքսիների վարորդների հետ, ասելով, որ արեգակնափայլն իրենց ասել է 50 եւ ոչ թե 100 դրամ վճարել։ Տաքսիների վարորդներն ու գծերի տերերն էլ անհարմար մի բան ասացին ու շարունակեցին աշխատել իրենց դրած գներով։
Հացը թանկացրին Դարուփոսում, հայտարարելով, որ «փորձում ենք համապատասխանել միջազգային չափանիշներին»։ Տո, եղբայր, աշխատավարձ, վաստակ ապահովելու համար միջազգային չափանիշի մասին չեք խոսում, իսկ երբ խոսքը գնում է թանկացումների մասինՙ էլ Աշխարհափոս, էլ Եվրափոս ու չգիտեմ թե ինչ փոս եք մեջբերում։ Բա եղա՞վ։
Էս ա, մի քանի օր է, ինչ պատրաստվում ենք Ամանորին։ Անգամ Չարուփոսի ժամանակների գումար չունենալով փորձում ենք Դարուփոսի ժամանակների գնումներ անել։ Աստված վկա, ֆոկուսնիկ ենք։
Բայց, դե, հո չպիտի նստենք ու ողբանք։ Ամանոր է գալիս, ու բոլոր դարուփոսցիներս այս մի Ամանորն էլ կնշենք։ Մեկ տարվա վաստակով խոզի բուդիկ կառնենք, սառնարանը վաճառելովՙ երկու շիշ օղի, պահարանը տալովՙ ծիծակ, բողկ ու թթվասեր կբերենք... Չէ, մեզ ոչինչ չի վախեցնում։ Ու նստելով սեղանՙ Ամանորի գիշերն իրար արեւշատություն կմաղթենք ու հարատեւություն։ Այս էլ քանի հազար տարի եթե Դարուփոսը չի մեռել, Կապիկի տարում էլ չի մեռնի։ Մենք լավատես ենք, էն էլՙ ինչ լավատես։
Ողջ եղեք, եւ թող Կապիկի տարում ձեր տունը լցվի բարությամբ.
ասաց ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԸ
կապիկի տարուց 2-3 օր առաջ