Հաշված օրեր են մնացել 2004 թ.ՙ կապիկի տարվան, որը շուտով կբախի մեր դռները։ Իսկ թե ինչպիսի՞ն է լինելու եւ ի՞նչ է մեզ խոստանում Նոր տարին, խնդրեցի մեկնաբանել մաթեմատիկոս, աստղաբան Էլյա Հովհաննիսյանին։ Տիկին Էլյան պատասխանեց. «Ըստ թվաբանական հաշվարկի, երկրագնդի համար 2004 թվի թվանշանների գումարը 6 թիվն է։ 6, 66, 666 թվանշանների մասին շատ սխալ կարծիք կա։ 6 թիվը ղեկավարում է ընտանիքը։ Ընտանիքը սրբություն է, եւ նրան ավելորդ բառեր կպցնելը կոպիտ սխալ է։ Ի՞նչ է պահանջում 6 թիվըՙ որպես 2004 թ.-ի ուղեցույց։ Ստեղծել հանգստի վայրեր, նոր տներ, հասարակության օգտին նոր շինություններ կառուցել։ Տարին մեծացնում է պատասխանատվությունն աշխարհի ճակատագրի նկատմամբ, որտեղ ղեկավարներից պահանջվում է լուծել համաշխարհային խնդիրներ։
Հայաստանում 12 կենդանակերպերից յուրաքանչյուրին սպասվում է յուրատեսակ ժամանակաշրջան եկող տարվա ընթացքում։
Խոյ- Նրանք, ովքեր ծնվել են խոյ կենդանակերպի տակ, պետք է զգուշանան։ Նրանց մեջ կա տագնապ, որը ոչ թե պետք է վախեցնի, այլ պահանջում է լուրջ մոտեցում բոլոր գործերին։ Վտանգավոր տարի է, բայց կախված է հենց իրենցից, թե ինչ դիրքորոշում կունենան յուրաքանչյուր հարցի նկատմամբ։ Խորհուրդ է տրվում պահպանել խաղաղություն իրենց շրջապատում։
Ցուլ- Ընտանիքում կարող են լինել անախորժություններ։ Կնոջ կամ ամուսնու հետ կապված հարցեր կարող են առաջանալ, եւ այդ հարցերի լուծումը կախված է իրենցից։ Գժտությունները պետք է կարողանան խաղաղեցնել։
Երկվորյակներ- Հատկապես պետք է անհանգստանան իրենց առողջության համար։ Ամբողջ տարվա ընթացքում կարող են լինել թեթեւ կամ լուրջ հիվանդագին երեւույթներ։ Հետեւեք ձեր առողջությանը։
Խեցգետին- Զբաղվեք ձեր երեխաներին հուզող ու անհանգստացնող հարցերով։ Օգնեք նրանց լուծելու այդ հարցերը։
Առյուծ- Հույս մի դրեք ձեր ծնողներից ու մերձավորներից ստացված օգնության վրա, այլ լուծեք ձեր խնդիրները սեփական ուժերով։
Կույս- ուժեղացրեք ձեր կապը եղբայրների հետ, որի արդյունքը կլինի երկուստեք շահավետ։ Այս է տարվա կարեւոր ուղեցույցը։
Կշեռք- Կմեծանան ֆինանսական հնարավորությունները։ Պետք է տարվա բոլոր ամիսները կազմակերպված անցկացնել ու խելացի պլանավորել։ Ճիշտ օգտվեք տարվա հնարավորություններից, քանզի նման հաջողակ տարի կշեռքների համար մեկ էլ կլինի 12 տարի հետո։
Կարիճ- Այս տարի կապրեք աներկյուղ կյանքով։ Չփորձեք այն ի չարս գործածել։ Ստեղծելով հնարավորություններ, դուք հաջորդ տարի կունենաք ֆինանսական հաջողություններ։
Աղեղնավոր- Շրջապատի հետ հարաբերությունները դրսեւորեք այնպես, որ չշատացնեք թշնամիների թիվը։ Առանց այդ էլ նրանք կշատանան։ Զգուշացեք թշնամիներից։
Այծեղջյուր- Սիրել եք, թե ոչ, կարող եք սիրել նորից։ Հաջողությունը եւ բուռն զգացումները ձեր ուղեկիցներն են լինելու։
Ջրհոս- 2004 թ. հաջողությունները հիմնականում ձեզ համար են։ Դուք դրանք կարող եք օգտագործելՙ ձեր հետագա անելիքները ավելի բարենպաստ պայմանների հասցնելու համար։
Ձկներ- Ճանապարհ ունեք, որն ընդհանրապես ձեզ համար լավ չի լինի։ Եթե խելացի կազմակերպեք այդ ճանապարհը, անվտանգ դարձնեք եւ միշտ զգույշ լինեք, ապա անփույթ ճանապարհ չեք գնա։
Իսկ թե 2004 թ. եւ ընդհանրապես ինչ է սպասում մեր վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, խնդրեցի տկն Էլյային իր թվային հաշվարկներով ներկայացնել։ 1951 թ. հունիսի 12.
45 տարեկանում նրա գործերը եղել են շատ լավ, որից հետո 5 տարի անկում է ապրել, դժվարություններ է ունեցել, բայց ոչ շատ։ Այժմ նա դուրս է եկել այդ անկումից եւ գնում է վերելք 10 տարի շարունակ։ Ճիշտ է, ոչ մեծ չափերով, բայց դանդաղ աճ ունի։ 60 տարեկանում կունենա այնպիսի դժվարություններ, ինչպիսին ունի հիմա։ Շատ վատ չի լինի։ Իսկ 60-ը լրանալուց հետոՙ շատ մեծ վերելք է սպասում նրան, ինչպես եղել է 35 տարեկանում եւ հասնում է իր հնարավորությունների գագաթին։ 70 տարեկանում շատ մեծ հաջողություններ կունենա եւ կրկին կհասնի իր կարողությունների գագաթին։ Բայց դրանից հետո անկում կունենա։ 75-ում վիճակը կբարդանա։ Հատկապես այդ տարիքում զգույշ պետք է լինի։ Քանի որ նա երկվորյակ է, ապա այս տարի հատկապես պետք է ուշադրություն դարձնի իր առողջությանը։
Վարդան Օսկանյանի (ջրհոսի համաստեղության տակ ծնված) համար 2004 թ. հաջողությունների տարի է։ Տարին կարող է օգտագործել հետագա անելիքներն ավելի բարենպաստ պայմանների հասցնելու համար։
Արթուր Բաղդասարյանի (կարիճի համաստեղության տակ ծնված) համար տարին բարենպաստ է եւ կապրի աներկյուղ կյանքով։ Ոչ մի դեպքում չպետք է այն ի չարս գործադրել։ Եթե 2004 թ. ստեղծի իր համար հնարավորությունների լայն դաշտ, ապա հաջորդ տարին նրան ֆինանսական հաջողությունները կժպտան։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ