Գիտության ու կրթության ոլորտում անցնող տարվա ընթացքում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ ու փոփոխություններ, որոնք թույլ են տալիս ասելու, որ դրանցում բեկումնային փուլ է սկսվում վերջին տարիների ճգնաժամային վիճակից հետո։ Տարբեր համաժողովներում հնչեցին հասարակության մտավոր ներուժին տեր կանգնելու, սփյուռքի հետ համախմբված գործելու բազում խոստումներ, որոնց իրականացումը տեսնելու մեր պահանջն անտարակույս պիտի շարունակենքՙ շոշափելի արդյունքներ տեսնելու ակնկալությամբ։
Գիտության, մասնավորապես հայագիտության բնագավառում նշանակալից իրադարձություն էր սեպտեմբերին տեղի ունեցած հայագիտական միջազգային առաջին համաժողովը, որն իրականանալի դարձավ պետության ու եկեղեցու անմիջական հովանավորությամբ։ Դրանով ամենքիս համար պարզ դարձավ, որ զուր են մեր պետության անզորության տրտունջները, որ ցանկության դեպքում իրագործելի է համազգային խնդիրներ հետապնդող ամեն մի նախաձեռնություն։ Մեր հասարակության ինտելեկտուալ շերտը վերջին տարիների նյութական զրկանքների ճնշման տակ այսչափ չէր մեկուսանա ու չէր դառնա այսքան անզոր, եթե իր թիկունքում մշտապես զգար պետական հոգածություն։ Այլ խնդիր է, որ երկարատեւ թմբիր մտած գիտությանը գործնական շունչ հաղորդելու հնարավորություն ունեցող գործարար խավը, որն արդեն բավականին ձեւավորված է եւ օրավուր զորանում է մեր կողքին, դեռեւս ինչպես հարկն է չի արժեւորում գիտության ու կրթության կարեւորությունը։ Հիշենք, որ հայագիտական համաժողովի կազմակերպման համար հայաստանյան գործարարներից ոչ մեկը գումար չէր ներդրել։ Այսինքն, գործարար եւ գիտական խավի միջեւ այսօր գոյություն ունի տեսանելի վիհ, որը խորանալու միտում ունի։ Թերեւս դրան որոշ չափով նպաստում է նաեւ մեր պետական այրերի ոչ բավարար ուշադրությունը գիտական ուսումնասիրությունների նկատմամբ։ Այս մասին, իհարկե, խոսվեց հայագիտական համաժողովի եզրափակիչ նիստում, հնչեցին քննադատական խոսքեր, պետական գործիչներին մեղադրելով պատնեշված գործելու ու գիտնականների հետ անմիջական ու ամուր կապ չունենալու համար։ Միաժամանակ ընդգծվեց նրանց համագործակցության անհրաժեշտությունըՙ երկրի անվտանգության, տարածաշրջանային զարգացումների արդյունավետ ուղիների մշակման եւ այլ հիմնահարցերի լուծումները համատեղ գտնելու համար։ Սակայն, ինչպես ասում են, սայլը տեղից չշարժվեց, եւ տարին փակեցինք հենց նույն համաժողովի որոշումներից մեկն անգամ կիսով չափ չիրականացրած։ Մինչդեռ խոստումներ եղել էին, այն էլՙ բավականին շռայլ։ Անշուշտ, մեղքի իրենց բաժինն ունեն նաեւ գիտնականները, որոնք երբեմն, եթե ոչ հաճախ, առաջնորդվում են զուտ փառասիրական նկրտումներով, բաժանվում առանձին բանակներիՙ այդ կերպ սառեցնելով համընդհանուր ոգեւորությունը։
Տարվա գիտական մեծագույն նվաճումն արձանագրվեց ժնեւյան տեղեկատվական հասարակության գագաթաժողովում, որտեղ ԳԱԱ Ֆիզիկայի ինստիտուտի ստեղծած էլեկտրոնային էջը հաղթող ճանաչվեց լավագույն հնգյակում։ Այնտեղ մեկնած պատվիրակությունը, ի դեմս նախագահի, հրաշալի հնարավորություն ունեցավ վերստին չափելու մեր գիտական ներուժի մակարդակը եւ ուրվագծելու առաջիկա տարիների անելիքները։ Գուցե այս հաջողությունը վերջապես նպաստի պետական ու գիտական օղակների ամրակուռ համագործակցությանը։
Կրթության ոլորտում վիճակը շատ ավելի բարդ էր ու հակասական, քանի որ կրթական համակարգում տեղի ունեցած առաջին փոփոխությունները մեր հասարակությունը ընդունեց նկատելի հուզումներով, որը հաճախ բացատրվում է կրթական բարեփոխումների մասին ոչ բավարար տեղեկատվությամբ։ Թե ինչ կբերի կրթական նոր համակարգը, որը խոստանում է ուսումնական նոր ծրագրեր, գնահատման նոր չափանիշներ, տեղեկատվական հաղորդակցման նոր տեխնոլոգիաներ եւ վերջապես ավելի կատարելագործված ուսուցիչներՙ առայժմ վաղ է գնահատականներ տալ։ Միայն առաջիկա 2 տարիներին տեսանելի կդառնան դրանց արդյունքները եւ հենց այդ ժամանակ էլ հնարավոր կլինի համարձակորեն ասել, թե որքանով էին այդ փոփոխությունները բարի մեր հասարակության համար։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ