Հատկապես այս երեք հատկանիշներն են պետք լինելու Հայաստանին առաջիկա տարում արտաքին ճակատի վրա սպասվող փորձությունները հաջողությամբ հաղթահարելու համար։ Եթե անցնող տարին Հայաստանի եւ հարեւան երկրների համար եղավ, բացի Իրանից, տեւական ընտրությունների ժամանակաշրջան, որն արդեն հայտնի ելքով առաջիկա օրերին կավարտվի նաեւ Վրաստանում, ապա ժամանող տարին լինելու է, անկասկած, դիրքորոշումները վերջնականորեն հստակեցնելու, հարաբերություններն ու կեցվածքները պարզելու, տարակարծությունները հաղթահարելու տարի։ Սպասողականությունն այլեւս չի թույլատրվելու, ձգձգումներն ու ծեքծեքումները չեն հանդուրժվելու։
Տարածաշրջանում ռուսական զենքի ու կապիտալի ազդեցությունը պահպանելու Մոսկվայի ջանքերին զուգահեռ հետզհետե ավելի է շեշտվում ամերիկյան ձգտումըՙ իր հաշվին ապահովագրել Անդրկովկասն ամբողջ տարածաշրջանի վերահսկողության համար։ Եվ անպայման չէ, որ այս երկուՙ գերհզոր եւ հզոր երկրների շահերն այստեղ բախվեն հակամարտության ձեւով։ Ավելի շուտՙ Վաշինգտոնն ու Մոսկվան ստիպված են Կովկասում փոխադարձաբար հանդուրժվող համակեցություն ստեղծել ու ձեռնպահ մնալ միմյանց դիրքերը թուլացնող ավանդական խարդավանքներից։ Եվ հենց այդ պատճառով նրանք այս երկրներից պահանջելու են հուսալի, տեւական կայունություն, անգամ անտեսելու են այս կամ այն կողմի կենսական շահերը, նույնիսկ ոտնակոխելով դրանք։ Վաղուց արդեն տարածաշրջանը դիտվում է իբրեւ տնտեսական ու տրանսպորտային մեկ եւ միասնական միավոր, որտեղ բացառվում է առանձին որեւէ երկրի առաջանցիկ զարգացումը անկախ մյուսից եւ մյուսներից։
Հետեւաբար կայունացման եւ միավորման գործընթացի կանոններն առաջիկա տարի պարտադրվելու են նաեւ Հայաստանին։ Այլ խոսքովՙ ղարաբաղյան հիմնահարցը մտցվելու է կարգավորման արագընթաց հուն։ Թերեւս նաեւ հաստատվեն պայմանաժամեր։ Հարցի լուծման հնարավոր բոլոր գաղափարներն արդեն տրվել են հակամարտ կողմերին։ Նորերի համար տեղ ու ժամանակ չկա։ Մեզ մնում է ակտիվ կերպով ներգրավվել կարգավորման գործընթացների մեջ եւ ձգտել նվազագույն կորուստներով դուրս գալ սակարկություններից եւ Ադրբեջանի հետ հաստատել արդար խաղաղություն։
Դրա համար, ինչպես ասվեց վերեւում, մեզ պետք է իրատեսություն, ճկունություն եւ թիկունքն ամրացնող համախոհություն։