«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#240, 2003-12-27 | #1, 2004-01-13 | #2, 2004-01-14


ԻՆՉՈ՞Ւ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՃԻՇՏ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՀԱՍԱՆ ԲԱՔՈՒ

Մութ պատմություն, անհասկանալի մեկնաբանություններ

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

«Ազգը» երեկվա համարում ցավալի սխալ էր թույլ տվելՙ գրելով, թե հունվարի 13-ին հայկական զինվորական պատվիրակությունըՙ գնդապետ Մուրադ Իսախանյան, փոխգնդապետ Ալբերտ Բաղդադյան, կապիտան Արմեն Մարտիրոսյան, արդեն ժամանել է Բաքու, որտեղ հունվարի 13-15-ն անց է կացվում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի «Համատեղ լավագույն ջանք-2004» զորավարժությունների նախնական պլանավորման կոնֆերանսը։

Ներողամտություն հայցելով ընթերցողներիցՙ պետք է նշենք, որ մեր տեղեկատվության համար հիմք էր ծառայել ՀՀ ՊՆ մամլո հաղորդագրությունը, որում նշվում էր. «Այսօրՙ հունվարի 12-ին երկու հայ սպաներ եւ մեկ թարգմանիչ մեկնել են Բաքու»։ Մենք հիմք էինք ընդունել տրամաբանությունը. մեկ օրում Երեւանից Բաքու հասնել հնարավոր է։

Պարզվում է, հայ սպաները Բաքու են ուղեւորվել Երեւան-Ստամբուլ, Ստամբուլ-Բաքու չվերթով։ Բայց քանի որ, անհասկանալի պատճառներով, Երեւանից Ստամբուլ մեկնող ինքնաթիռը մոտ երկու ժամ ուշացումով է թռել, հայ սպաները ուշացել են Ստամբուլ-Բաքու չվերթից եւ գիշերել Ստամբուլում։

Հայկական պատվիրակությունը Բաքու մեկնելու համար ընտրել էր Ստամբուլը, որովհետեւ, ինչպես նշեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը. «Ստամբուլն ընտրել ենք ժամանակային առումով, այդ պահին ամենահարմար ուղին էր»։ Թերեւս հայ սպաները կարող էին Բաքու հասնել նաեւ Թբիլիսիով կամ Մոսկվայով, ինչը դատելով չվացուցակից, առավել նախընտրելի ուղի կարող էր լինել։

Թուրքական կողմը որեւէ բացատրություն չի տվել «Հայկական ավիաուղիներին», թե ինչ պատճառով է Երեւանից Ստամբուլ մեկնող ինքնաթիռը երկու ժամ ուշացել։ Գնդապետ Շահսուվարյանն ասաց, որ հայ սպաները Ստամբուլից Բաքու կմեկնեն հունվարի 13-ի երեկոյան, ինչը նշանակում է, որ նրանք հարեւան Ադրբեջանի մայրաքաղաքում կլինեին երեկ կեսգիշերից հետո։

Անհասկանալի է մնում նաեւ, թե ինչու է հայկական կողմն Ադրբեջան սպաներ ուղարկելու նպատակով Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանությունից մուտքի արտոնագրեր ստանալու դիմում ներկայացրել, երբ, համաձայն 1992 թ. Բիշքեկի համաձայնագրի, Հայաստանի քաղաքացիներին Ադրբեջան մեկնելու համար մուտքի արտոնագրեր հարկավոր չեն։ Պրն Շահսուվարյանն ասաց, որ մուտքի արտոնագիրը վիզան չէ, այլ այն կնիքը, որ օդանավակայանում դրվում է քաղաքացու անձնագրում։ Սակայն եթե խոսքը դրոշմակնիքին է վերաբերում, ապա դեսպանությունը սովորաբար նման գործառույթներ չի իրականացնում։

ՀՀ ԱԳՆ վիզաների բաժնի վարիչ Հրաչ Հովհաննիսյանն ասաց, որ մուտքի արտոնագիրը վիզան է, ինչը «բացարձակապես պետք չէ Հայաստանի քաղաքացիներինՙ Ադրբեջան մեկնելու համար»։ «Այս պատմությունն ինձ համար նույնպես անհասկանալի է եւ մութ», ասաց Հովհաննիսյանը։ Վերջինիս ասելով, Ադրբեջանի քաղաքացիներիՙ Հայաստան ժամանելու համար եւս վիզա պետք չէ, «օդանավակայանում դրոշմակնիք է խփվում» եւ վերջ։ «2003 թ. հոկտեմբերին Հայաստան էր ժամանել ադրբեջանական պատվիրակություն, այս անգամ դրոշմակնիք չդրվեց նրանց անձնագրերում», ասաց Հովհաննիսյանը։

Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը հունվարի 11-ին Բաքվի ANS հեռուստաընկերությանն ասել էր, որ հայ սպաները Բաքվի օդանավակայանում վիզաներ չեն ստանա, քանի որ, իբր, Հայաստանն Ադրբեջանին որպես պետություն չի ճանաչում։ Գուլիեւը նաեւ նշել էր, որ Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանությունը պարզապես փորձել է ստուգել հայ սպաների տվյալները, թե արդյոք նրանք մասնակցե՞լ են ղարաբաղյան պատերազմին։

Մեզ մնում է պարզապես ենթադրել, որ հայկական պատվիրակությունը փորձել է մուտքի արտոնագիր ստանալ Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանությունից, որպեսզի ինչ-որ կերպ պատասխանատվությունը դնի ադրբեջանական կողմի վրա այն դեպքում, եթե հայ սպաների հետ Բաքվում տհաճ միջադեպեր արձանագրվեն։

Նշենք, որ այսպես կոչված Ղարաբաղի ազատագրական կազմակերպությունը նախապես սպառնացել էր դիմել քայլերի, որից հայ զինվորականները կզղջային Բաքու ժամանելու համար։

Կարելի է նաեւ ենթադրել, որ ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձել է դիվանագիտական աղմուկ բարձրացնելՙ միջազգային հանրության աչքին Հայաստանը ներկայացնելու որպես ագրեսոր պետությունՙ օգտագործելով ՆԱՏՕ-ի կոնֆերանսը։ Մյուս կողմից, հայկական կողմը փորձում է գնալ հակաքայլերիՙ միջազգային հանրությանն ապացուցելու, որ Բաքուն չի ցանկանում Երեւանի հետ որեւէ հարաբերություն ունենալ անգամ ՆԱՏՕ-ի գործընկերության շրջանակներում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4