Դրա լավագույն միջոցը Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումն է
Անկախ Մերձավոր եւ Միջին Արեւելքում ընթացող քաղաքական զարգացումների բնույթից, տարածաշրջանում ԱՄՆ-ի սանձազերծած հակաիրաքյան պատերազմի հետեւանքներից, ինչպես նաեւ Իրաքում շարունակվող բախումներից եւ ահաբեկչական գործողությունների ծավալումից, 2003 թ. միջազգային հարաբերությունների առումով Հայաստանի համար, այնուամենայնիվ, բարեհաջող էր։ Սա նշանակում է, որ հայկական դիվանագիտությունը հակաիրաքյան պատերազմի հետեւանքով տարածաշրջանային երկրների եւ ԱՄՆ-ի միջեւ առաջացած լարվածության, ամերիկյան քաղաքականությանը Եվրամիության առաջնակարգ երկրների հակազդեցության, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Վրաստանի պես հարեւան երկրներում իշխանափոխությունից բխող անորոշության պայմաններում կարողացել է ճիշտ կողմնորոշվել։
Ինչ խոսք, այս կողմնորոշումը նպաստում է Հայաստանի քաղաքական դիրքերի հետագա ամրապնդմանն ինչպես միջազգային ասպարեզում, այնպես էլ տարածաշրջանում եւ հատկապես Անդրկովկասում։ Առաջին հայացքից գուցե տարօրինակ թվա, բայց 2003 թ. Հայաստանի համար բարեհաջող էր նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների առումով։ Խոսքը տվյալ դեպքում ի դեմս Շվեյցարիայի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ծավալմանը չի վերաբերում, այլ Հայաստանի նկատմամբ հակասական մոտեցումներով Թուրքիայի հայկական քաղաքականության դիրքերի կատարյալ սպառման մասին է։
Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 5-ին Բրյուսելում Եվրատլանտյան գործընկերության խորհրդի շրջանակում հանդիպելով ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ, Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման պատրաստակամություն էր հայտնել։ Բարելավումը ենթադրում է Թուրքիայի հայկական սահմանի բացումը։ Հունվարի սկզբին Գյուլը պաշտոնական այց կատարեց Բաքու, որտեղ, մոռանալով իր պատրաստակամության մասին, հայտարարեց, որ քանի դեռ հայերը չեն ազատել Ադրբեջանի «գրավյալ տարածքները», Թուրքիան հայկական սահմանը չի բացի, ոչ էլ կբարելավի Հայաստանի հետ հարաբերությունները։
Բաքվում Գյուլի արած հայտարարությունը հակասում է նրա պատրաստակամությանը, որը նա հայտնել էր Բրյուսելում։ Թեեւ նրա հայտարարությունը մասամբ կարելի է պայմանավորել Ադրբեջանում Թուրքիայի ազդեցությունը պահպանելու հրամայականով, բայց եւ այնպես նա ոչ միայն հակասեց ինքն իրեն, այլեւ կատարյալ անսկզբունքայնություն դրսեւորեց, ընդ որումՙ մեկ ամսվա պես կարճ ժամանակահատվածում։ Մինչդեռ Թուրքիայի հայկական սահմանի բացումը պահանջում էին ոչ թե հայկական իշխանությունները, այլ ԱՄՆ-ն ու ԵՄ-ը։
Ուրեմն Գյուլի հակասական հայտարարություններով Թուրքիան ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին է հակադրվել։ Հայկական սահմանի բացմանը Թուրքիայի մոտեցումների հակասականությունը եւ այդ հարցում ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին հակադրվելը, անկախ պատճառների բնույթից, մի անգամ եւս բացահայտում է Հայաստանի նկատմամբ Թուրքիայի որդեգրած թշնամական քաղաքականության դիրքերի սպառումը։ Թերեւս սպառվածությունն է պատճառը, որ թուրք գործիչները որեւէ նոր առաջարկ անելու փոխարեն դեռեւս 1991-ին Հայաստանին առաջադրված նախապայմաններից են կառչում։
Հարկ է, սակայն, նշել, որ 90-ականներին Անդրկովկասում ԱՄՆ-ը Թուրքիայի միջոցով էր գործում։ Նկատի ունենալով դա, Ադրբեջանն ու Վրաստանը ԱՄՆ-ի գլխավորությամբ Արեւմուտքի հետ իրենց կապը պայմանավորում էին Թուրքիայի միջնորդությամբ։ Անդրկովկասում ամերիկյան ռազմական ներկայության ապահովումն ԱՄՆ-ին ձերբազատել է Թուրքիայի միջոցով գործելու պարտավորությունից։ Դա Ադրբեջանին ու Վրաստանին հնարավորություն է ընձեռել Թուրքիայով միջնորդավորված կապի փոխարեն անմիջական կապ հաստատել ԱՄՆ-ի հետ։
Թուրք-ամերիկյան տարաձայնությունների առկայությամբ եթե Վաշինգտոնն ուղղակի կապի առումով ընդառաջի ադրբեջանական եւ վրացական նորընտիր իշխանություններին, որը միանգամայն հավանական է, ապա Թուրքիան կկանգնի Ադրբեջանում եւ Վրաստանում իր դիրքերը կորցնելու սպառնալիքի առջեւ։ Նման իրավիճակում Հայաստանի նկատմամբ թշնամական քաղաքականությունը նրան կկանգնեցնի Անդրկովկասից դուրս մղման սպառնալիքի առջեւ։ Քանի որ Անդրկովկասը Թուրքիայի համար Միջին Ասիա ներթափանցելու ցատկահարթակ է նաեւ, ուստի դուրսմղումը նրան կզրկի ներթափանցման հնարավորությունից։
Այլ կերպՙ Ադրբեջանում եւ Վրաստանում Թուրքիայի դիրքերի թուլացման սպառնալիքը ենթադրում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը։ Սակայն թուրքական իշխանությունները դա անտեսում են հանուն թշնամական քաղաքականության։ Ուրեմն նրանք խճճվել են, իսկ դրան, բացի Ադրբեջանի եւ Վրաստանի իշխանափոխությունից եւ Անդրկովկասում ամերիկյան ռազմական ներկայության ապահովումից, մեծապես նպաստել է նաեւ «Թուրքիայի հետ առանց որեւէ նախապայմանի տնտեսական, քաղաքական, մշակութային համապարփակ երկխոսություն սկսելու» պատրաստակամության մասին Հայաստանի ղեկավարության հայտնի հայտարարությունը։
Թերեւս Հայաստանի հաջողությունը հենց այդ խճճվածությունն է, որովհետեւ Թուրքիային ստիպում է արմատապես վերանայել Հայաստանի նկատմամբ որդեգրած թշնամական քաղաքականությունը, այլապես նրան անխուսափելիորեն կանգնեցնում է Անդրկովկասից դուրս մղման սպառնալիքի առջեւ։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ