«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#240, 2003-12-27 | #1, 2004-01-13 | #2, 2004-01-14


ԱՄՆ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՖԻՆԱՆՍԱՊԵՍ ԱՋԱԿՑԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ

Ախալքալաքից եւ Բաթումից դուրս բերելուն

Թբիլիսիի պահանջով Մոսկվան պատրաստ է Վրաստանի տարածքից դուրս բերել Ախալքալաքի 62-րդ եւ Բաթումի 12-րդ ռուսական ռազմակայանները, բայց դա կանի քաղաքակիրթ ձեւով եւ ընդունելի ժամկետներում։ Ռուսաստանն իր այս դիրքորոշումը փոխանցել է օրերս Մոսկվա այցելած Վրաստանի արտգործնախարար Թեդո Ջափարիձեին, հաղորդում է «Ռուսաստանի ձայնը»։

Համաձայն ԵԱՀԿ Ստամբուլի 1999 թ. գագաթաժողովի պայմանավորվածությունների, Մոսկվան համաձայնել է ռազմակայանները դուրս բերել Ախալքալաքից եւ Բաթումից, սակայն փաստաթղթում ժամկետ չի նշվել։ Թբիլիսին պահանջում է երեք տարի, մինչդեռ Մոսկվան պնդում է, որ ռազմակայանների դուրսբերման համար անհրաժեշտ է նվազագույնը տասը տարի։

Ջափարիձեին Մոսկվան ակնարկել է, որ ռազմակայանները դուրս կբերի ավելի սեղմ ժամկետում, եթե Վրաստանը գտնի արտասահմանյան հովանավորների, որոնք ռուս զինվորների, ռուսական տեխնիկայի եւ զենքի դուրսբերման համար վճարեն։

ԱՄՆ-ը պատրաստ է ֆինանսավորել Վրաստանի տարածքից ռուսական երկու ռազմակայանների դուրսբերումը, երեկ Թբիլիսիում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի փոխօգնական Լին Պասկոն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։ Ամերիկացի դիվանագետն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Միխայիլ Սաակաշվիլու, Զուրաբ Ժվանիայի, Նինո Բուրջանաձեի հետ։

Սաակաշվիլին նախօրեին հայտարարել էր, թե ռուսական զորքի դուրսբերումից հետո Վրաստանում չեն տեղակայվի ամերիկյան ռազմակայաններ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4