Երուսաղեմի հայոց պատրիարք Թորգոմ արք. Մանուկյանը Իսրայելի ներքին գործերի նախարար Աբրահամ Պորազին գանգատվել է, թե «ծայրահեղական հրեաները հայհոյում եւ թքում են հայերի վրա, երբ մեր ժողովուրդն անցնում է փողոցով», հունվարի 13-ին գրում է իսրայելական «Հաարեց» թերթը։ Թորգոմ սրբազանը ծայրահեղական հրեաների արարքի մասին նախարար Պորազին տեղեկացրել է վերջինիսՙ Իսրայելի քրիստոնյա համայնքների հետ հանդիպման ընթացքում։ Երբ Պորազը ոստիկանության սպաներին հարցրել է, թե ինչու համապատասխան քայլեր չեն ձեռնարկում, որպեսզի ծայրահեղական հրեաները չանարգեն հայ պատրիարքին եւ հայությանը, սպաները պատասխանել են, թե միջոցների բացակայության պատճառով չեն կարող հսկել յուրաքանչյուր վանականի։