«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#240, 2003-12-27 | #1, 2004-01-13 | #2, 2004-01-14


ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԻ

Շվեյցարիայի խորհրդարանին

«Օրեր » ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի հարցերին պատասխանում է Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության համանախագահ Սարգիս Շահինյանը, ով ակտիվ մասնակցություն է ունեցել 2003 թվականի դեկտեմբերի 16-ին Շվեյցարիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման լոբբիստական աշխատանքներում։

- Պրն. Շահինյան, նախ թույլ տվեք մի անգամ եւս շնորհավորել ձեզ եւ ձեր կազմակերպությանը, ձեր բոլոր աջակիցներին Շվեյցարիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ։ Ներկայացրեք խնդրեմ, թե ինչ ճանապարհ անցաք եւ ո՞րն էր հիմնական գործոնն այս անգամ, որը խթանեց այդ օրինագծի անցկացումը։ Որքան հիշում եմ, 2001-ի մարտի 13-ին, երբ առաջին անգամ այդ հարցը դրվեց քվեարկության, կրկին ձեր ջանքերով էր, եւ հիմա էլ հատկապես ձեր կազմակերպության քրտնաջան աշխատանքը տվեց նման արդյունք։

¬ Այն, ինչ կատարվեց, հիմնված էր շատ պարզ օրենքների վրա։ Այս արդյունքը եղավ շատ մեծ ջանքերի գնով։ (Ես դեռ չեմ խոսում հաջողության մասին։) Այդ ջանքերը զուսպ էին, փողաձայնի պես հայտարարության հետեւանք չէին, այլ շատ հիմնարար, գիտական ձեւով ծրագրված աշխատանք։ Շատ գոհ ենք, որ դա տեղի ունեցավ, քանի որ, երբ Ժոզեֆ Զիսիադիսի (Համայնավար կուսակցություն) առաջ քաշած բանաձեւը 2001-ի մարտի 13-ի քվեարկության ընթացքում մերժվեց 73-ը 71 ձայնի հարաբերակցությամբ, նույն երեկոյան մեզՙ Լուգանոյի հատուկ նիստին ներկա հայկական կազմակերպություններին պատած տխրությունը թույլ տվեց լուրջ հետեւություններ անել։ Կատարվածը շատ պարզ ցույց տվեց, որ մենք սխալ ձեւով ենք մոտեցել հարցին։ Առաջին հերթին ծրագրված չէր մեր յուրաքանչյուր քայլը, որը պետք է երաշխավորեր մեր հաջողության հասնելը։ Երկար եղավ մեր գործունեությունը, այն հիմնվեց շատ ամուր կապերի ու քաղաքական անձնավորությունների վրա։ Դա զարգացավՙ օրեցօր փնտրելով եւ ստանալով կարեւոր աջակցություններ ոչ միայն քաղաքական ու հասարակական կուլիսներից, այլեւ վերջապես եկեղեցական կարեւոր ատյաններից։

Հասանք այն կետին, երբ այդ կապերն այլեւս ստացել էին ներշնչող փոխադարձ ուժ, եւ Շվեյցարիայի պես կարեւորՙ մարդու իրավունքների պաշտպանության ջատագով երկիրը չէր կարող զրկվել այսչափ կարեւոր քաղաքական քայլից։ Շատ կարեւոր բովանդակություն ունեցավ այս ճանաչումը, քանի որ խղճալի նախաբանի վրա տեղի չունեցավ, այլ լրջորեն քննարկվեցին յուրաքանչյուր բառը, յուրաքանչյուր նախադասությունը։ Ընդունված բանաձեւի կետերը հիմնված են միջազգային իրավունքի վրա։

Ոչ համեստորեն պիտի ասեմ, որ այս ձեւը կարող է ճանապարհ բացել կամ արդեն բացված ճամփաներին կոնկրետ աջակցել, թե ինչպես է հնարավոր նույնիսկ միմյանց հակառակ քաղաքական ուժերին մոտենալ եւ այս տեսակ քաղաքական ու հասարակական պատճառաբանություններով նախ փորձել իրենց միտքը հասկանալ եւ փորձել համոզել շատ ամուր եւ հստակ հիմքի վրա ճանաչելու հայերի ցեղասպանությունը։

Երբ ասացիք, թե դա քրտինքի վրա հիմնված աշխատանք էր, իրականությունից հեռու բան չասացիք։ Մոտ 2.5-3 տարի մեր խումբը միայն այս հարցով զբաղվեց, բայց հարստությունը, որ ստացանք այս ճանաչումից, միայն արդյունքը չէ, իհարկե, դա կարեւոր խնդիր է, սակայն միայն վարագույրն է։ Կարեւորը մեր անցած ճանապարհն է։ 2001 թվականին, երբ ես եւ Եղեռնի վկա լուսահոգի Արամ Ջամբազյանը (դժբախտաբար այս տարվա մայիսին նա վախճանվեց եւ չկարողացավ լսել ճանաչման լուրը) դատ հարուցեցինք 9 թուրքական կազմակերպությունների դեմ, դա եղավ այս ճանաչման ընթացքի մի կարեւոր գործոնը։ Մենք կարողացանք որոշ նախապայմաններ դնել, եւ հասարակությանը հասավ այն պատգամը, որ եթե քաղաքական ուժը չընդունի հայերի դեմ կատարված ցեղասպանությունը, քրեական օրենսդրության մեջ այդ հոդվածը հայերին ի նպաստ լինելու իրավունք չունի։ Քանի որ ոչ մի տեղ այդ ճանաչումը սեւով սպիտակի վրա չի գրված, ոչ մի դատավորի հնարավորություն չի տա դատապարտելու այն անձնավորություններին, որոնք ժխտում են ցեղասպանությունը։ Կամաց¬կամաց մեկը մյուսին կապելով հասանք մեր նպատակին։ Այստեղ մեծ աշխատանք տարավ նաեւ շվեյցարական լրագրությունըՙ թերթերը, ռադիոն, հեռուստատեսությունը։ Դա մեծ ազդեցություն ունեցավ, որպեսզի մարդկանց մեջ խարսխվի հայերի դեմ գործած ցեղասպանությունը ճանաչելու հասկացողությունը։

- Այս որոշումն օրենքի ինչպիսի՞ ձեւ ունի, ի՞նչ ազդեցություն ունի։ Այսինքն, վարչական մարմինների կողմից կիրառման ինչպիսի՞ հնարավորություններ կան, դատական իշխանությունները ինչպե՞ս կարող են օգտագործել։

¬ Առաջին հերթին ազգի բարձրագույն ատյանը հայերի ցեղասպանությունը ընդունում է իբրեւ իրողություն։ Այդ հստակ որոշումը, արդեն կարելի է ասել, հաջողություն է։ Երկրորդ, որ խորհրդարանում 1,5 ժամ տեւած հարցուպատասխանի արդյունքում միայն ընդունվեց այդ որոշումը։ Շատ հազվադեպ է, երբ մի քաղաքական խնդրի շուրջ, որը պետք է քվեարկության դրվի, այդքան երկար խոսեն։ Նիստին ներկա պատգամավորների վրա այդ խոսակցությունը մեծ ազդեցություն ունեցավ։ Ի դեպ, թուրքերի կողմից նույնպես անուղղակի ճնշումներ եղան, նույնիսկ մի անձի միջոցով հակառակ բանաձեւ ներկայացվեց, որը քվեարկությունից մի օր առաջ բաժանվեց բոլոր պատգամավորներին։ Դրանում ասվում էր, որ չարժե այս կարգի հին պատմությունների անդրադառնալ եւ վատացնել հարաբերությունները այնպիսի գործընկերոջ հետ, ինչպիսին Թուրքիան է։ Սակայն կարողացանք քննարկման ընթացքում նրանց առաջ քաշած բոլոր անիմաստությունները մեջտեղ բերել, այդ արտահայտությունների հեղինակներին խեղճացնելՙ ասելով, թե ինչպես կարելի է նման անիմաստ եւ անփույթ պատճառաբանություններով պնդել, որ կարեւոր չէ հայերի դեմ գործած ցեղասպանությունը ընդունել։ Շվեյցարացիների համար այդ բանաձեւը ոչ միայն ճանաչումն է, այլեւ այդ ամբողջ գործընթացի բովանդակությունը։

- Ես նկատի ունեի, թե օրենսդրական առումով պատկան մարմինների շրջանում ի՞նչ ազդեցություն կունենա բանաձեւի ընդունումը։ Այսինքն, եթե թուրքական կազմակերպությունների դեմ կրկին դատ հարուցվի, այս որոշումը ի՞նչ դեր կխաղա։

¬ Որոշման հաջորդ օրը կարեւոր թղթակիցներից մեկը հարցազրույց ունեցավ այն դատավորի հետ, որը 2001-ին ազատ արձակեց այդ 9 թուրքական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Դատավորն ուղղակի ասաց, որ այսօրվանից արդեն հնարավոր չպիտի լինի հայերի դեմ գործած ցեղասպանության ժխտումը։ Դա այս ճանաչման ամենավարձակատար արդյունքն էր։ Ինչ վերաբերում է Շվեյցարիայի կառավարությանը, ապա նրա դիրքը սարսափելի թույլ է եւ այդպես էլ կմնա, մինչեւ որ հայ կառավարությունը չկարողանա պաշտոնապես շնորհավորել շվեյցարական քաղաքական մարմիններին այս կարեւոր քայլին հասնելու համար։ Այս է, որ իրականության մեջ ինձ սարսափելի նեղում է։ Հայաստանից եկած արձագանքն այն է, որ մի կողմից շատ գոհ ենք, որ նման ճանաչում տեղի ունեցավ, սակայն մենք մերժում ենք, որ այս տեսակ ճանաչումները Հայաստան-Թուրքիա երկխոսության մեջ կարողանան դեր ունենալ։ Իհարկե, ԱԳՆ մամուլի խոսնակ Համլետ Գասպարյանի այս բանաձեւումը կարելի է չեզոք գնահատել, բայց քանի որ դա ճանաչված հայկական կառավարության կողմից է տեղի ունենում, արդեն մի քիչ տարօրինակ է։ Քանի որ հայերի դեմ գործած ցեղասպանությունը մի վճռական խնդիր է, որ ոչ մի հայ չի կարող դրանից հետ կանգնելՙ որեւէ այլ նախապատվություն իր առջեւ դնելով։ Եթե մենք ստիպված ենք այն քայլին հասնել, որ գլուխ ծռենք թուրքի առջեւ, որպեսզի մենք կարողանանք մեր երկխոսությունը կամ երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնել եւ իրենցից մուրալ, որ Հայաստանի հետ սահմանները բացեն, որպեսզի հասնենք տնտեսական զարգացման, լիովին սխալ մոտեցում որդեգրած կլինենք։

- Իմ կարծիքով, սահմանների բացման շուրջ ամբողջ հիստերիան ավելորդ խոսակցություն է եւ ժամավաճառություն։

¬ Սակայն փաստն այն է, որ ներկա կառավարությունը ենթարկել է իրեն անզորության, մինչեւ որ ինքը զգույշ լինի եւ ձայնը շատ չբարձրացնի կամ շատ չուրախանա երրորդ երկրի կողմից հայերի ցեղասպանության ճանաչման համար։ Որովհետեւ պետք է զգույշ մնալ, որ Թուրքիան հանկարծ չզայրանա։ Սա, իհարկե, իմ ենթադրությունն է Համլետ Գասպարյանի 17 դեկտեմբերի հայտարարությունների մասին։ Սակայն պիտի ասեմ որ Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Զոհրաբ Մնացականյանը, որի հետ էինք այդ օրը («Հայլուրին» եւ այլ ռադիո-հեռուստատեսային կայաններին հարցազրույցներ տվեցինք), հստակ խոսեց, թե ինչ նշանակություն ունի այդ ճանաչումը մեզ համար։ Իհարկե, դեսպանը չէ, որ արտաքին քաղաքականություն է որոշում եւ ծրագրում։ Ինձ թվում է, նման ծրագիր էլ չկա։

Իբրեւ ամփոփում ասեմ, որ Շվեյցարիայի կառավարության ձեռնարկած քայլերը որեւէ կարեւորություն չեն ստանա, եթե նույնիսկ հայկական քաղաքական ատյանները չկարողանան մեծ թափով ու ուրախությամբ, բայց նաեւ պաշտոնական արտահայտությամբ ասելՙ լավ եք արել, որ ճանաչել եք, երախտապարտ ենք դրա համար։

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա, հատուկ «Ազգ»-ի համար

Հարցազրույցն ամբողջությամբ կտպագրվի «Օրեր» համաեվրոպական ամսագրում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4