«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#240, 2003-12-27 | #1, 2004-01-13 | #2, 2004-01-14


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ Է ՎՐԱՑԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՓՈՐՁԸ

Վստահություն ներշնչող տարբեր աղբյուրներից «Ազգը» տեղեկացել է, որ Հայաստանի ընդդիմությունն ուսումնասիրում է վրացական թավշյա հեղափոխության փորձը եւ հավակնություններ ունի դա ներմուծելու Հայաստան։ ինչպես հայտնի է, 2003 թ. ամռանը Վրաստանի ընդդիմադիր մի շարք գործիչներ, այդ թվումՙ Միխայիլ Սաակաշվիլին, Զուրաբ Ժվանիան, Գեորգի Բարամիձեն Սորոսի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ մեկնել էին Բելգրադՙ տեղում ծանոթանալու Հարավսլավիայի պետական հեղաշրջման փորձին, երբ իշխանությունից հեռացվեց Սլոբոդան Միլոշեւիչը։ Մեր աղբյուրները նշում են, որ այդ ընթացքում Բելգրադ են մեկնել նաեւ Ռոբերտ Քոչարյանին ընդդիմադիր քաղաքական որոշ դեմքեր։

2003 թ. ամռանը սերբական «Օտպոր» երիտասարդական շարժման ակտիվիստները ժամանեցին Թբիլիսի եւ երեք օր վրացական «Կմարա» ուսանողական շարժման մոտ հազար ակտիվիստների փոխանցեցին իրենց փորձըՙ երկրի իշխանություններին տապալելու գործընթացում ինչպես օժանդակել ընդդիմությանը։ Եռօրյա հավաքներին մասնակցել են նաեւ երիտասարդներ Հայաստանից։

Հայաստանից Բելգրադ մեկնած ընդդիմադիր գործիչների մի քանիսի անունները մեզ հայտնի են, սակայն կոնկրետ անուններ չենք տպագրի, քանի դեռ տեղեկատվությունը ամբողջական չէ։ Հավելենք միայն, որ մեր աղբյուրները չեն նշում Ստեփան Դեմիրճյանի անունը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4