Հունվարի 9-ի համարում «Առավոտ» օրաթերթը գրել էր, որ «դեկտեմբերի 27-29-ը վրացական կողմի հրավերով տեղի է ունեցել ՀՀՇ պատվիրակությանՙ Դավիթ Շահնազարյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի այցը Թբիլիսի։ Այցի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում Միխայիլ Սաակաշվիլու հետ»։
Այս տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, մյուս կողմից հարկ ենք համարում որոշ ճշգրտումներ մտցնել։ Նախ, վրացական կողմը պրն Շահնազարյանին եւ պրն Քոքոբելյանին չի հրավիրել որպես ՀՀՇ անդամների։ Երկրորդ, «վրացական կողմ» ասելով, չպետք է հասկանալ պաշտոնական Թբիլիսի։
Վրաստանում գործող «Հակամարտության եւ բանակցությունների միջազգային կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Գեորգի Խուցիշվիլին «Ազգի» հետ զրույցում նշեց, որ անդրկովկասյան երեք հանրապետությունների ներկայացուցիչների միջեւ հաճախ են կազմակերպվում եռակողմ հանդիպումներ։ «Այս անգամ Հայաստանից հրավիրվել էին Շահնազարյանն ու Քոքոբելյանը, իսկ Ադրբեջանիցՙ այդ երկրի խորհրդարանի պատգամավորներ Ասիմ Մոլազադեն եւ Անար Մամեդխանովը», ասաց Խուցիշվիլին։
Հանդիպման մասնակիցներին ընդունել է Միխայիլ Սաակաշվիլին, եւ քանի որ հանդիպումը համընկել է ճաշի ժամին, որոշվել է միասին ճաշել։ «Բայց դա գործնական հանդիպում էր, որը տեւեց երկու ժամ», ասաց Խուցիշվիլին։ Զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են Վրաստանի «թավշյա» հեղափոխությանը եւ «հետթավշյա» զարգացումներին։
Թ. Հ.