«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#240, 2003-12-27 | #1, 2004-01-13 | #2, 2004-01-14


ՀԻՆ-ՆՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՈՐԱՆՈՐ ԹԵՐԹԵՐ

Վերջերս շրջանառվող լուրերն այն մասին, թե Ռ. Քոչարյանի վարչակարգին ընդդիմադիր ուժերը համախմբվում են, ըստ երեւույթին հաստատվում են։ Խոսքը վերաբերում է ոչ միայն «Արդարություն» դաշինքի առավել մարտականորեն տրամադրված հատվածի եւ ՀՀՇ-ական ու կոմունիստական որոշ շրջանակների միջեւ վերաշխուժացած շփումներին, այլեւ հին, նոր եւ նորագույն քաղաքական մի շարք գործիչների միջեւ ստեղծված, որոշ դեպքերումՙ վերականգնված համագործակցությանը։ Քաղաքական դիտորդները դրանով են բացատրում, ասենք, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ցուցաբերածՙ առայժմ ոչ երեւութական ակտիվությունը։ Նրանք չեն բացառում նոր կազմվելիք ընդդիմության ղեկավարի դիրքերում ՀՀ նախկին նախագահի հայտնվելն այժմ, երբ Ստեփան Դեմիրճյանի իմիջը սկսել է խամրել։ Դիտորդներն այդ ընդդիմության ղեկավար շարքերում տեսնում են նաեւ «Նոր դար» նորակազմ կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանին, ինչպես նաեւ, անշուշտ, Արամ Զավենի Սարգսյանին եւ Կոմկուսի որոշ դեմքերին։

Այս վարկածին ուժ է տալիս այն հանգամանքը, որ շուտով Հայաստանի տպագիր մամուլի խայտաբղետ շուկայում կհայտնվեն միանգամից 2 նոր օրաթերթեր, երկուսն էլ շեշտված ընդդիմադիր կեցվածքով, որոնցից առաջինի խմբագիրը կլինի օրերս շաբաթաթերթի վերածված «Այբ ֆե» օրաթերթի խմբագիր Վասակ Դարբինյանը, իսկ մյուսը կդառնա Արամ Կարապետյանի կուսակցության պաշտոնաթերթը։

Սա նշանակում է երկու բան։ Առաջինՙ նյութական նոր ռեսուրսներ են ի հայտ եկել Հայաստանի քարոզչական ասպարեզում, եւ երկրորդՙ գոյություն ունեցող ծայրահեղ ընդդիմադիր թերթերն այլեւս վստահություն չեն ներշնչում երկրի ապագա ընդդիմությանըՙ դրանք չափից շատ են տարբեր գործառնությունների մեջ մխրճվել։

Ակնկալվում է, որ հին, նոր եւ նորագույն ընդդիմությունն ավելի հստակ կերպարանք կստանա առաջիկա փետրվար ամսին, երբ խորհրդարանում վերարծարծվի Ռ. Քոչարյանի վստահության հանրաքվեի հարցը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4