Բոլորս էլ գիտենք (կամՙ մեծամասնությունը), որ լեզուն հասարակական-հանրային փոխառնչումների գործիք էՙ զգայուն, թրթռուն, դրա հետ մեկտեղ նաեւ հիմնական ու արմատական գործոն, ժողովրդի հոգեբանության (ուստիեւՙ կեցության) լրջագույն բաղադրիչ, իսկ երբ աղավաղվում, աղճատվում եւ խեղաթյուրվում է, մանրէի պես, վարակի պես աննկատ ախտահարում է մարմինը ծայրեծայր, վերից վար ու հակառակը, ճիշտ այդպես աննկատ էլ շարունակում է իր «գոյությունը», այժմ արդեն հասնելով կարեւորագույն օրգաններ, ամենից առաջՙ ուղեղը։
Իսկ երբ արհեստականորեն, անբնական ու անտրամաբանական եղանակներով փորձում են անգամ «օրենք» ստեղծել լեզվի մասին, հակազդում է անմիջապես եւ խորքով, պատժելով բոլոր նրանց, ովքեր հանդգնում են անպատրաստ մտքով ու անմաքուր միտումներով միջամտել դարեր ի վեր իր բուն օրենքները կերտած երեւույթի գործերին։ Իսկ եթե խիստ է անհրաժեշտ նման «օրենքի» առկայությունը (ասենք, Եվրամիության պահանջով), ապա մեն մի հատիկ հոդված պիտի պարունակի, այն էՙ «Լեզվի անխաթարությանն ուղղված յուրաքանչյուր հակագործողություն դիտվում է որպես քրեական (կամՙ քաղաքացիական) հանցագործություն եւ պատժվում է օրենքի ամբողջ խստությամբ»։ Եվՙ վերջ, մնացյալը շաղակրատություն է։
Իսկ ամեն անգամվա պես, առանձնապես տարեմուտի պահերին, երկրի ղեկավարության բերանից «աղքատություն» բնորոշումը լսելիս, դաղում եւ ձաղկում է մի միտք. մի՞թե չեն գիտակցում եւ հասկանում, որ դա վիրավորանք է երկրի, ժողովրդի, ամենից շատ հենց պետության հասցեին, որ երկիրն, իսկապես, աղքատ չէ, մուրացկանների թիվը զգալի-նկատելի կրճատվել-նվազել է եւ որ «աղքատ» եւ «մուրացկան» ըմբռնումները նույնական են ժողովրդի գիտակցության մեջ։ Այնինչ, կա չքավորություն, կարիքավորություն, եւ ամենեւին նույնը չեն դրանք։ Ի սեր Աստծո, բառն ընթերցելիս կամ գործածելիս զգույշ ու շրջահայաց եղեք, վերացրեք այդ խարանը մեր ճակատներից։ Եվ քանի որ քաղաքական-հասարակական շատ տերմիններ են վերցնովի (հիմնականումՙ ռուսերենից), ուշադրություն դարձրեք. bednost -ը հենց չքավորությունն է, կարիքավորությունը, եւ ոչ ամենեւին ybotnf (աղքատություն, nishii - մուրացկան)։
Կամՙ կոռուպցիան, ինչ գեշ բառ է, ավելի խորանանքՙ կոռումպացված։ Այդ մ-ն որտեղի՞ց մտավ։ Դարձյալ ռուսական շրջվածքիցՙ korumpirivannii ըստ տվյալ լեզվի օրենքների։ Եվ քանիերորդ անգամ առաջարկում եմ զուտ հայկական-հայերեն բառաբարդումՙ կաշառախտ, որ դյուրությամբ եւ բնականորեն գոյացնում է նոր բառերՙ -ական,- ային, ակիր,- ավոր, -ամետ, -ահար, -ածին եւ այլն։ Նույնըՙ գլոբալիզացիայի պարագային, համընդհանրական-ը, համընդգրկուն-ը չե՞ն փոխարինում... Սակայն ՙ ճիշտ այնպես, ինչպես ամեն մի օտարալեզու սահմանում, անվանում դիտվում է որպես «կրթվածության», «իրազեկության» պատկանելություն, արատը փթթում է ըստ ամենայնի։ Նույնանման մի երեւույթ էլ կար անցյալ, նախանցյալ դարերում. իսպանահունչ Դոն Կիխոտը ֆրանսերեն տառադարձմամբ դարձել է Դոն Քիշոտ։ Չասենք, թե ֆրանսերենն աղքատ լեզու է, ուղղակի չունի կոշտ կ, առավել եւսՙ խ։ Եվ «ֆրանսավարի» արտասանողն իրեն ավելի «տեղյակ», ավելի «ուսյալ» է համարում... եւ առանց աչքը թարթելու «ուղղում» է քեզ։ Այդօրինակ «պուրիտաններ» կան ամենուրեք։ Չեմ կարողանում մոռանալ, թե ինչպես տարիներ առաջ, Կալիֆոռնիայում, ուր բաժանորդների ընձեռած միջոցներով հնարավոր դարձավ Սոլժենիցինի «Արխիպելագ ԳՈՒԼԱԳ»-ը տպագրել, ապա եւ եռահատորը տրամադրել բաժանորդներին, այդպիսի մի «գրագետ» ամենայն լրջությամբ եւ համոզված կշտամբում էր մեղավորիս, թե աղավաղել եմ վերնագիրըՙ ոչ թե արխիպելագ, այլ արշիպեղագոս, մնացյալըՙ բ-փ, գ-կ-ք հնչյունափոխության թելադրանքով։ Դոն Կիխոտին առնչվող եւս մի դրսեւորում։
Իսկ ամենացայտունը եւ արտառոցը օտար անձնանունների նկատմամբ մեր «ազատական» մոտեցումն է, եւ ես կաշխատեմ համապատասխան ու համարժեք չափազանցումների ներկայացնել դրա կատարյալ սնանկությունը։
Ինչ-որ մեկի թեթեւ ձեռքով Պյոտր Մեծ ռուսական ցարը դարձավ Պետրոս Մեծ։ Ո՞վ է արտոնել անձնանունը եւս «հայացնել» եւ կշտամբանքների հեղեղ տեղալ մեղավորիս գլխին, որը «հանդգնել» է անփոփոխ թողնել ռուսաց մեծ կայսեր անունը։ Նույնըՙ Վատիկանի ներկա գահակալի պարագայինՙ «Հովհաննես-Պողոս»։ Դպրոցական «Պողոս-Պետրոս-Մարտիրոս» հանգասելուկներին չդիմենք, այլ առաջարկենք սոսկ մտածել. ի՞նչ կզգայինք մենք, եթե մեկնումեկի մտքով անցներ Հովհաննես Թումանյանին դարձնել Իվան կամ Յոհան Թումանյան, Պետրոս Դուրյանին էլՙ Պյոտր, կամ Պետրուչչիո Դուրյան։ Եվ բարի եղեք, եթե Պյոտրը Պետրոսն է, ապա նաեւ Հովհաննե՞ս Ահեղ, Պողոս Առաջի՞ն, Երկրո՞րդ, Երրո՞րդ։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ ոչ Թեոդորոս Միքայելի Դոստոեւսկի կամ Լեւոն Նիկողայոսի Տոլստո՞յ։ Կրկնեմ, որ չափազանցնում եմ, «թարգմանամոլության» համակ անհեթեթությունն ընդգծելու նպատակով։
Առանձնապես վթարաշատ է մեր ղեկավար մարմինների եւ էկրանների «լեզվաշինարարական» մղումը. ի սկզբանե, միանշանակ, ի դեմս (անշունչ առարկաների եւ երեւույթների մասին), հավուր պատշաճի եւ այլ, եւ այլ բառերի ու բառակապակցությունների ասպարեզում։ Այդպիսի մի գիտունիկ էլ հանպատրաստից ըմբռնման վրայից վերցրել էր առաջին եւ վերջին հնչյուններըՙ անկեղծորեն ենթադրելով, թե դա հենց անպատրաստ վիճակն է։
Ճշմարիտն ասած, ինքս ինձնից հոգնեցի գրառած օրինակներ մեջբերելուց եւ հայոց լեզվի անկոչ ուսուցչի դեր ստանձնելու անպատեհությունից։ Այդուհանդերձ, կանգ առեք, բարի մարդիկՙ օրենսդիր եւ չօրենսդիր, էկրանային եւ հենց այնպես, մի խաթարեք ու փչացրեք մեր արքայական, հզոր լեզուն, մի աղքատացրեք եւ մի կողոպտեք։ Իրական «աղքատացումը» հենց դա է եւ ոչ ուրիշ բան։ Պարզապես մի հնչեցրեք այն, ինչ չգիտեք, հարցրեք, սովորեքՙ այնքան էլ դժվար չէ։
Շուրջ հիսուն տարի զբաղվելով գեղարվեստական թարգմանությամբ, ամենահամոզված շեշտով կարող եմ ասել, որ մեր մայրենին ճոխ է եւ շքեղ, հարուստ եւ տարողունակ, ամեն մի լեզվամտածողության գալարներն իր խոսքերում հարթեցնող, համընդգրկուն եւ ամենակարող։ Լրացուցիչ հայացումների կարիքը չունի եւ տեղնուտեղը մատնում է նրան, ով չգիտի կամ սակավ չափով գիտի, սակայն ձգտում է հակառակը ցույց տալ։
ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ