Անցած 2003 թվականը հայ-ռուսական մշակութային շփումների առումով թերեւս առավել հագեցածն էր վերջին տասնամյակում։ Մեծ շուքով նշվեց Արամ Խաչատրյանի 100-ամյա հոբելյանը, տեղի ունեցան բազմաթիվ միջոցառումներ երկու երկրների արվեստի վարպետների մասնակցությամբ։ Այդ ակտիվությունը արժանավույնս գնահատվեց թե Ռուսաստանում, թե Հայաստանում։ Մասնավորապես, ՀՀ նախագահը պետական պարգեւների արժանացրեց Ռուսաստանում բնակվող մեր անվանի հայրենակիցներին։
Օրերս Մոսկվայում ՀՀ դեսպանատանը դեսպան Արմեն Սմբատյանը «Մովսես Խորենացի» մեդալ հանձնեց անվանի նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանին։ Շնորհավորելով նրան, դեսպանը վստահություն հայտնեց, որ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոսը կշարունակի կտավներ արարել ու փառաբանել հայ կերպարվեստը։
Շնորհակալություն հայտնելով Հայաստանի պետական պարգեւին արժանանալու պատվի համար Ռ. Խաչատրյանը նշեց, որ մոտ ապագայում կձգտի անպայման անհատական ցուցահանդեսով ներկայանալ հայրենակիցներին։
ՈՍԿԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ, Մոսկվա