ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի նախագահ, իրավագիտության թեկնածու Մհեր Խաչատրյանի հետ հարցազրույցը վարում է լրագրող Անդրանիկ Ոսկանյանը։
- Հայաստանի իշխանությունների կողմից կոռուպցիայի դեմ ուղղված մի շարք ձեռնարկումներում առանձնապես կարեւորվում է Հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման միջոցառումների ծրագիրը, որի մշակման աշխատանքներին դուք, անշուշտ, քաջածանոթ եք։
¬ Այո։ Եվ ես ողջունում եմ ՀՀ կառավարության ծրագիրը. մեր հասարակությունը բնականոն կերպով զարգանալ չի կարող, եթե կյանքում այդ բացասական երեւույթն իր բազմապիսի դրսեւորումներով առկա է։ Չկա մի երկիր, հասարակություն, որն իսպառ ազատ լինի այդ չարիքից, սակայն երեւույթի տարածմանը խթանող պատճառների եւ պայմանների վերացումը միայն կարող է նպաստել հանրապետությունում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ձեւավորմանը, իրավական պետության հաստատմանը, տնտեսության զարգացմանն ու աղքատության հաղթահարմանը։
Հայաստանում կոռուպցիայի առանձնահատկությունների եւ դրանց իրական ծավալների բացահայտումն ու գնահատումը պայքարի առաջնային պայմաններն են, եւ այս առումով ես կարեւորում եմ օրենսդրական միջավայրի կատարելագործումն ու համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին, քանի որՙ
ա) Հայաստանն ընտրել է զարգացման ազատ շուկայական տնտեսակարգը. բ) մեր պետությունը, դառնալով Եվրախորհրդի անդամ երկիր, պարտավորվել է առաջնորդվել Եվրախորհրդի պահանջներով։
- Կմանրամասնե՞ք։
¬ Անպայման։ Կոռուպցիան իր բազմաթիվ դրսեւորումներով (կաշառակերություն, հովանավորչություն, պաշտոնական դիրքի չարաշահում եւ այլն) վերջնարդյունքում քրեական հանցագործությունների փունջ է, որն իր հերթին, հայտնի է, ունի սոցիալական արմատներ։
Ասել է թե դատական իշխանության կայացումն ու կատարելագործումը կարեւորագույն հիմնահարցեր են որպես երկրում օրենքների մեկնաբան եւ իրականացնող։ Մինչդեռ այս ոլորտում մենք ունենք լուրջ խնդիրներ։ Օրինակ. մեր երկրում դատավորին վերապահված է գրեթե անսահմանափակ լիազորություն պատժի որոշման հարցում, որը, սակայն, նաեւ պաշտոնական դիրքի չարաշահման սողանցք է նախանշում (համեմատության համար ասեմ, որ Ֆրանսիայում գործում է բացարձակ սկզբունք, այսինքնՙ ամեն արարքի համար օրենսդիրի կողմից սահմանված է որոշակի պատիժՙ այս հարցում կանխելով դատավորի լիազորությունները)։
Ծրագրի մշակման նպատակով մեծ աշխատանք է կատարված. հստակեցված են իրականացվելիք միջոցառումների հիմնական ուղղությունները։ Հատկապես կարեւոր է հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման նախապայմաններից մեկըՙ հիմնախնդիրներին համակողմանի մոտեցումը, քանի որ, օրինակ, դատական իշխանությունում կոռուպցիան կարող է շատ դեպքերում խաթարել առողջապահության կամ կրթության բնագավառներում իրականացվող բարեփոխումների ընթացքը։
Հայտնի է, որ երկրի բնականոն զարգացման կարեւոր պայմանը օրենքների իրավական լինելն է, որովհետեւ օրենքներն են կարգավորում բոլոր հասարակական հարաբերությունները։ Եվ մեծ նշանակություն ունի այն, թե ինչպիսի օրենքներ է ընդունում մեր խորհրդարանը. միայն դրանց իրավական լինելը եւ Եվրոպական կոնվենցիային համապատասխանությունը կարող են ապահովել ներդրումները, մեղմացնել-փոքրացնել ռիսկերը, ապահովել օրենսդրական բարենպաստ միջավայր։ Այս առումով չեմ կարող չնշել 2003թ. նոյեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից կատարված մի փոփոխություն-լրացումը ՀՀ քրեական օրենսգրքի 76 հոդվածում, ըստ որի 104 հոդվածի 2-րդ մասով, 305 հոդվածով եւ այլն, ցմահ ազատազրկման դատապարտված անձինք պատժից պայմանական վաղաժամկետ չեն ազատվում։ Խնդիրն այն է, որ նոր խմբագրմամբ այս օրենքը հակասում է մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածին, համաձայն որի ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգումների կամ պահվել անմարդկային պայմաններում։ Եվ չնայած ըստ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի ՀՀ անունից վավերացված միջազգային պայմանագրերը հանդիսանում են մեր օրենսդրության բաղկացուցիչ մասը եւ հակասության դեպքում գերակայելի է միջազգային պայմանագիրը, ամեն դեպքում հարկ է խուսափել նման նախադեպերից։
- Մեր օրենսդրության մեջ տակավին չլուծված ինչպիսի՞ հանգուցային խնդիրներ կան, որոնց կարգավորումը անհետաձգելի է։
¬ Լիովին կարգավորված չէ նվազագույն պատժի նշանակման խնդիրը, ի տարբերություն եվրոպական շատ երկրների օրենքների, որոնք մեղադրյալի պատասխանատվությունը ծանրացնող որեւէ հանգամանքի բացակայության պարագայում նախորոշում են դատավորի պարտադիր անելիքը. այն էՙ նշանակել սահմանված նվազագույն պատիժ։ Ավելին. եթե մեր օրենսգրքում սպառիչ է պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների ցանկը, ապա անավարտ է մեղմացնող հանգամանքների ցանկը, որի հետեւանքով հաճախ հանդիպում են դեպքեր, երբ երկու իրար նման գործերի (օրինակՙ հափշտակություն. մեղադրյալները նախկինում դատված չեն եղել, տվել են խոստովանական ցուցմունք, վնասը վերականգնված է, խնամքի տակ ունեն երկու անձ) տրվել են տարբեր գնահատականներ եւ սահմանվել տարբեր պատիժներ։
Առհասարակ օրենքը հարկ է ձեւակերպել այնպես, որպեսզի մարդուն իրավունք տրվի կանխատեսել իր վարքագիծը։ Վերջինս պետք է հստակ իմանա, թե որ արարքի համար իրեն ինչ պատիժ է վերապահված։ Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման ճանապարհին, մասնավորապես օրենսդրության կանոնակարգման տեսակետից, այս եւ նմանատիպ հստակեցումները օրվա հրամայական են։ Դրանք մասնավորապես վարքագծի հետեւանքների գնահատման փուլում մարդու հոգեբանության մեջ կբացառեն անորոշությունը, օրենքների խախտման դեպքերում կնվազեցնեն ռիսկերը եւ միաժամանակ կսահմանափակեն պատժաչափի շուրջ որոշակի հանցակազմ պարունակող «առեւտրի» հնարավորությունը օրենքը իրականացնող անձանց հետ։
- Որո՞նք են կոռուպցիայի դեմ պայքարի առաջնահերթ խնդիրները դատաիրավական համակարգում։
¬ Պետք է արձանագրել, որ վերջին հինգ տարիների ընթացքում մեծ աշխատանք է իրականացվել։ Որոշակի ուսումնասիրություններ են կատարվել դատավորի կարգավիճակի դատարանակազմության եւ արդարադատության խորհրդի մասին օրենքների նախագծերի մշակման նպատակով։ Դրանք ենթադրում են համակարգային փոփոխություններ կյանքում, կենցաղում, տնտեսության ոլորտում, ամենակարեւորը, մարդու եւ հասարակության հոգեկերտվածքում։
Ներկա փուլում ես առաջնային եւ սկզբունքային քայլ եմ համարում դատական համակարգի համապատասխանեցումը արդի պահանջներին, որը նշանակում է իրականացնել Եվրոպական կոնվենցիայի դրույթների օրենսդրական ամրագրումը։ Ես համոզված եմ, որ այն արժեքները, որոնք պաշտպանվում են այդ կոնվենցիայով, միատեսակ քրեաիրավական պաշտպանվածություն կստանան Եվրախորհրդի անդամ բոլոր երկրներում. առավել կկոնկրետանան հանցագործությունների համար նախատեսված պատիժներն ըստ իրենց բնույթի եւ մանրամասներիՙ դատավորներին օրենքով «ազատելով» անսահմանափակ կամ չափից ավելի լիազորություններ ունենալու չհիմնավորված բեռից, որը նաեւ ծնում է կոռուպցիոն երեւույթներ։ Օրինակ. Եվրոպական երկրների դատական համակարգում առաջնայինը համարվում են փաստերը, մինչդեռ մեզ մոտ, այսպես ասեմ, գնահատողական է։ Սա իր հերթին շոշափում է դատավորի պաշտպանության խնդիրը, քանի որ վերջինս իր աշխատանքի իրականացման գործընթացում տակավին անկախ չէ, իսկ դրա հետեւանքով մեր երկրում դատավորի կարգապահական պատասխանատվությունը հեղհեղուկ է։
Այսօր մեզ մոտ գործող եռաստիճան դատական համակարգը (որի կյանքի կոչմանը մասնակցել եմ նաեւ ես) կատարելագործման կարիք ունի, քանի որ, ինչպես փորձը ցույց է տալիս, հնարավորություն է թողնված դատական մի շարք գործերի «շրջապտույտ» կատարել եռաստիճան դատական համակարգում, որը խախտում է կոնվենցիայի մեկ այլ պահանջ, ըստ որի առկա է գործերի քննության խելամիտ ժամկետի գաղափարը։ Այս առումով ես կառաջարկեի վերաքննիչ դատարանին որոշակի դեպքերում վերապահել առաջին ատյանի գործեր քննելու լիազորություն, որն իր հերթին նշանակում է ըստ արժանվույն գնահատել, արժեվորել դատավորի ժամանակը եւ նրան հնարավորություն ընձեռել քննելու առավել բարդ եւ ծանր հանցագործություններ։ Դատաիրավական համակարգում բարեփոխումների եւ աշխատաոճի կատարելագործման հիմնախնդիրներն ըստ էության ծառայում են հասարակական հարաբերությունների կանոնակարգմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը։ Այս կապակցությամբ չեմ կարող չնշել տուժողի իրավունքների ընդլայնման խնդրի կարեւորությունը։ Բերեմ օրինակ. մեր երկրում մասնավոր բողոքի գործերը չորսն են (վիրավորանք, զրպարտություն, մարմնական թեթեւ վնասվածք եւ ծեծ), իսկ ասենք Շվեյցարիայում քրեական օրենսգիրքը ավելի քան քառասուն այդպիսի հանցակազմ է նախատեսում եւ դա ավելի ճիշտ է։
Անհրաժեշտ է համապատասխան օրենսդրական փոփոխություն կատարել նաեւ այն հաշվով, որպեսզի ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքերում, եթե տուժողը հաշտվում է մեղադրյալի հետ, գործը կարճվի, ասել է թե նաեւ կանխվի հնարավոր չարաշահումը պատիժը սահմանելիս։ Դրա օրինակը կա. Գերմանիայում տուժողի բողոքի ինստիտուտն այնքան ընդլայնված է եւ դատավորի լիազորություններն էլ օրենքի շրջանակներում այնքան հստակեցված, որ քննվող գործերի մոտ 47%-ը չի մտնում դատական քննության փուլ։
- Իսկ մեր հանրությունը պատրա՞ստ է նման փոփոխությունների։
¬ Այդ հարցը միշտ շոշափվում է։ Արդարադատության նպատակը հասարակությունում քաոսի կանխումն է եւ համերաշխության ու կանոնակարգվածության հաստատումը. եւ կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը հենց այս խնդիրն է լուծելու։ Եթե մենք ուզում ենք իրապես կանխել կոռուպցիոն երեւույթները հասարակության մեջ, ապա պետք է ստեղծենք անկախ դատական համակարգ, որը նշանակում է դատավորի անկախության եւ պաշտպանվածության ապահովում, այսինքնՙ նրա կախվածության մեծացումը օրենքից ու նրա տառից եւ հրապարակայնությունը պետք է լինի դատական գործունեության հիմնական սկզբունքը. այն որոշակի չափով ապահովում է կոռուպցիոն ռիսկերի կրճատումը արդարադատության բնագավառում։ Ավելին. Հասարակության, այդ թվում լրատվամիջոցների ներկայացուցիչները, մասնակցելով դատավարություններին, դատական սխալներին ահազանգելու միջոցով փաստորեն վերահսկում են դատավորների աշխատանքը։
Կարեւոր է նաեւ դատավճիռների հրապարակումը։ Այս տեսակետից շնորհակալ գործ է կատարել ՀՀ դատարանների նախագահների խորհուրդըՙ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հովանավորությամբ եւ «Քեմոնիքս Ինթերնեշնլ» կազմակերպության օգնությամբ հրատարակելով ՀՀ վճռաբեկ դատարանի 1999-2001 թթ. որոշումները (ցավոք, այս օգտաշատ աշխատանքն այսօր չի շարունակվում որոշակի նյութական միջոցների բացակայության պատճառով)։ Սկզբունքային հարց է նաեւ դատական բոլոր որոշումների տարագրումն ու տեղադրումը ինտերնետում. այն էապես կբարձրացնի դատավորի պատասխանատվությունը եւ կնպաստի դատական նախադեպի ստեղծմանը, որը վարչական իրավախախտումների կանխման արդյունավետ ճանապարհ է։
- Արդյո՞ք օրենքները կանոնակարգում են բոլոր հարաբերությունները, չէ՞ որ կյանքն ավելի բազմազան է եւ խորախորհուրդ։
¬ Տեղին է հարցադրումը։ Եվ հենց այստեղ է, որ օրենքը պետք է կարգավորի խնդիրը։ Այդ առումով նույնպես մեր դատական համակարգում լուրջ անելիք կա։ Եվրոպական նախադեպերը սահմանում են, որ դատավորը պետք է ձեռնպահ չմնա որեւէ հարց լուծելուց։ Իսկ Իսրայելի օրենսդրությունն ամրագրել է, որ եթե օրենքը տվյալ խնդիրը չի կարգավորում, պետք է ղեկավարվել Իսրայելի ավանդույթներով. քանի որ կարեւորը արդար լուծում տալն է։ Չէ՞ որ սա նույնպես օրենք է...
- Ըստ ձեզ որո՞նք են դատական համակարգում բարեփոխումների իրականացման այն հիմնական փուլերը, որոնք կնախորոշեն կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ ճանապարհները։
¬ ժողովրդին պետք է ասվի միայն ճշմարտությունը։ Հայտնի խոսք է. «Հայրենասիրությունը սկսվում է ճշմարտությունը սիրելուց»։
Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման առաջին կարեւորագույն քայլն արվել է. մշակվել է ծրագիրը, որը բոլորիս համար պետք է դառնա աշխատանքների կազմակերպման ուղենիշ, հատկապես երբ խոսքը վերաբերում է երկրի օրենսդրական կատարելագործման հիմնախնդրին։
Երկրորդ. Հասարակությանը պետք է ներկայացնել այն բոլոր օրենսդրական նորմերը, որոնք բովանդակում են մեր երկրում առկա հասարակական հարաբերությունները։ Այլ կերպՙ հանրությանը պետք է վերապահել իր իրավունքների տերը լինելու իրավունքը եւ ոչ թե շարունակել թողնել օրենքներին անիրազեկ վիճակում, որը նրան ի վերջո դարձնում է խեղճուկրակ խնդրատու։ Իսկ սա կոնկրետ դատական համակարգում նշանակում է դատավորի աշխատանքը օրենսդրորեն այնպես կանոնակարգել, որպեսզի նա չկարողանա իր գործունեությունը իրականացնել «Ես այսպես եմ ուզում» արատավոր սկզբունքով, այլ առաջնորդվի «Ես պարտավոր եմ, քանի որ այլ ճանապարհ չունեմ» կանոնով։
Կարեւոր եմ համարում դատական համակարգում մասնագետների պատրաստման եւ մասնագիտական գրականության նորացման հիմնախնդիրների, ինչպես նաեւ Եվրոպական դատարանների նախադեպերի թարգմանության հարցի լուծումը, մանավանդ, չթաքցնենք, մեր բուհերում շատ դեպքերում մասնագիտական ուսուցումը ընթանում է հին ծրագրերով։
- Դուք հավատու՞մ եք, որ հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման միջոցառումների ծրագիրը մեր երկրում կիրականանա։
¬ Անվերապահ հավատում եմ, քանի որ դա մեր երկրի անկախության ամրապնդման, բարգավաճման եւ հզորացման գրավականն է, որը ցանկանում եւ երազում ենք բոլորս։
Հ.Գ. - «Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր եւ առօրյա առաքինությունների ամբողջությունը»։
Գյուստավ Լեբոն
Հրապարակվում է ՀՀ Հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի իրազեկման գործընթացի շրջանակում։