ՀՀ տնտեսական դատարանը երեկ բավարարեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հայցն ընդդեմ «Արմենտելի» եւ վերջինից պահանջեց չեղյալ համարել «Բարի լոտո» վիճակախաղի կազմակերպիչ «Էս տե» ընկերության հետ կնքած պայմանագրի իզի քարտերի վերաբերյալ դրույթները։ Դատարանը նաեւ որոշել է 5 մլն դրամ բռնագանձել «Արմենտելից» հօգուտ պետբյուջեի։ Այդ մասին տեղեկացանք հանձնաժողովի լրատվական ծառայությունից։
Հիշեցնենք, որ հեռահաղորդակցության ոլորտի մենաշնորհ ունեցող ընկերության առջեւ նման պահանջ հանձնաժողովը առաջադրել է դեռեւս անցյալ տարիՙ «Արմենտելի» հիշյալ գործարքը գնահատելով որպես գերիշխող դիրքի չարաշահում։ Հանձնաժողովի պահանջը ընկերությունը պետք է կյանքի կոչեր մինչեւ դեկտեմբերի 31-ը, ինչը սակայն չի կատարվել։ Նշենք նաեւ, որ «Արմենտելի» եւ «Էս տե» ընկերության միջեւ կնքվել էր 3 հզ. իզի քարտի տրամադրման պայմանագիր, ինչի պատճառով սպառողներն այլ կերպ, քան լոտոյի միջոցով չէին կարող ձեռք բերել այդ քարտերը։ Մինչ հանձնաժողովի կողմից այս հարցին անդրադառնալը, «Բարի լոտոյի» միջոցով արդեն իրացվել էր 1500 իզի քարտ։
Ա. Մ.