«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#240, 2003-12-27 | #1, 2004-01-13 | #2, 2004-01-14


«ԻՆՔՆԱԳԻՐ». ԻՐԱԿԱՆ ԵՎ ԿԵՂԾ, ԿԱՄ ԴԵՊԻ Ո՞ՒՐ Է ԳՆՈՒՄ «ԿԵՆՏՐՈՆ» ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Այն, որ ներկայումս հայրենի հեռուստաալիքները զուրկ չեն, մեղմ ասած, «բազմաժանր» խոտանից, ոչ ոքի համար գաղտնիք չէ։ Դա եթե բնական չէ, ապա գոնե ինչ-որ չափով ներելի է այն ալիքների համար, որոնք չեն հավակնում լինել լավագույնների ո՛չ առաջին, ո՛չ էլ նույնիսկ երկրորդ «էշելոնում»։ Սակայն «Կենտրոն» հեռուստատեսությունն ակնհայտորեն այդպիսի հավակնություններ ունի։ Թեեւ կարելի է ասել, որ դրանք այնքան էլ անհիմն չեն, եթե հաշվի առնենք, որ այդ ալիքը բավականին «ուժեղ սկսեց» ռուսական «Օդնակո»-ն (լավ իմաստով) հիշեցնող «Տեսանկյուն» ծրագրով, որը միառժամանակ անց եթերում հայտնված «Այցեքարտի» հետ ընդամենը մի քանի ամիս հետո արժանացավ լուրջ մրցանակների։ Բավականին ինքնատիպ է «Արարման խորհուրդ» ծրագիրը, նաեւ առավոտյան հաղորդումը, որն ունի իր հեռուստադիտողը։

Սակայն վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում «հետաքրքրական» իրադարձություններ սկսեցին կատարվել «Կենտրոնի» եթերում։

Դրանցից ամենահետաքրքրականն «Ինքնագիր» անունը կրող հաղորդումն է։ Արդեն իսկ հաղորդման ծանուցումից կամ, ինչպես ասում են, անոնսից հասկանալի դարձավ, որ մեզ «սյուրպրիզներ» են սպասվում։

Բավականին յուրօրինակ դեկորացիաների ֆոնի վրա (Էյնշտեյնի, Վիլյամ Սարոյանի, Շառլ Ազնավուրի եւ այլ մեծերի սեւ-սպիտակ լուսանկարներ) վազվզում եւ թռչկոտում էր մի «աղջնակ», որն ասում էր մոտավորապես հետեւյալը. «...Դուք ծանոթի միջոցով ընկել եք այս ծրագիր, ...եւ կարեւոր չէՙ Դուք խուճուճիկ եք, թե տափուկ...»։ Անցնելով առաջ, նշենք, որ արդեն իսկ առաջին հաղորդման մեջ վարողն անընդհատ օգտագործում էր «խուճուճ, խուճուճիկ» բառերըՙ «համեմելով» դրանք այլ ժարգոնային արտահայտություններով։

Պարզվում է, որ շուրթին օղակ հագցրած այդ թռչկոտող «աղջնակը» հասուն տարիքի կին է, բանաստեղծուհի, ինքըՙ Վիոլետ Գրիգորյանը։

Գուցե մենք քի՞չ ենք հասկանում տարբեր «մոդեռնիզմներից», «ավանգարդիզմներից», «հիպերռեալիզմներից», սակայն ակնհայտ է մի բան. հյուրն իսկապես հետաքրքրական պետք է լինի հեռուստադիտողի համար։

Ահա երկու «ֆեմինիստ» կանանցՙ վարողի եւ հյուրի առավել «տպավորիչ» մտքերը.

Կարինե Մացակյան (նկարչուհի). «...Զիբիլը վերածվում է պաշտամունքի»։

Վիոլետ Գրիգորյան. «...Դու տղամարդկանց հետ քյալլա ես տվել, ...սկանդալներն անխուսափելի են...»։

Եվ անվերջ «ֆեմինիզմ, ֆեմինիզմ, ֆեմինիզմ»։

Գուցե՞ հենց այդ ֆեմինիզմի վառ արտահայտությունն է սովորաբար տղամարդկանց (այն էլ տարեց) զբաղմունքի առարկա հանդիսացող թզբեհը վարողի ձեռքերում։ Կամ գուցե՞ «necjdrf», «yfxfkmybr», «jlyjhfpjdsq», «ըսենց-ըտենց» եւ նման լեզվական «գոհարները»ՙ դրանք էլ են այդ նույն ֆեմինիզմի վառ արտահայտությունը։

Ի դեպ, հաղորդման ստեղծագործական կազմի մեջ ի թիվս այլոց կա նաեւ խմբագիր, որը, թվում էր, թե պատասխանատու պետք է լինի գոնե լեզվական-ոճաբանական նվազագույն նորմերը պահպանելու համար։

Մերՙ հեռուստադիտողներիս հույսերը, թե հաջորդ հաղորդումները գուցե ավելի հաջող կստացվեն, ցավոք, չարդարացան։

...Այն, ինչ հրամցվեցՙ հնարավոր չէ խոսքերով ներկայացնել։

Հաղորդումը սկսվեց «ռաբիս» երգով։ Վարողն այսպես ներկայացրեց իր հյուրին, «Ռաբիս երգի արքա, ինքըՙ Ալիկ Գյունաշյան»։ Բանից պարզվեց, որ «սովետի» ժամանակ «ռաբիսը գրեթե արգելված էր», «ճնշված էր», իսկ այն կատարողներն էլ գրեթե այլախոհներ էին, կամ, ինչպես ասում ենՙ դիսիդենտներ։

Ո՛չ, հարգելիներս, ռաբիսը երբեք ճնշված չի եղել։ Ընդհակառակը, նրանք, ովքեր արգելում էին «Առաքյալներին» եւ ստիպում էին «Շարականը» վերանվանել «Տաղարան» (քանի որ, ըստ իրենց, «Շարականն» իր մեջ կրոնական տարր էր պարունակում), ընդսմին նպաստում էին «ռաբիսի» տարածմանը, քանի որ շատ լավ գիտակցում էին, որ այն շեղում է ժողովրդի ուշադրությունն իսկական ազգային արժեքներից, հասցնում անկման։

Վարողը համեմատում է վերը նշված «ժողովրդին մոտ արվեստը» իսպանական ֆլամենկոյի հետ։ Ֆլամենկոն, ի տարբերություն «ռաբիսի», իսպանական ժողովրդի ծոցից դուրս եկած համաշխարհային համբավ վայելող շատ բարձրորակ արվեստ է, այլ ո՛չ թե կեղծիք եւ պրիմիտիվիզմ։

Մենք չէինք ուզենա վիրավորական բառեր օգտագործել, սակայն վարողը այս անգամ եւս անցավ գռեհկության սահմանը «... հնարավոր չէ ամեն օր (՞) ապրել նույն կնոջ հետ» (՞)։ Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են։

Զրուցակիցն էլ իր հերթին «գոհունակությամբ» նշում է, որ «եթե առաջ երիտասարդներն ավելի շատ լսում էին եվրոպական երաժշտություն, «ջազեր», ապա հիմա իբր ավելի շատ ռաբիս են լսում։

Վարողն անթաքույց հրճվանքով երկար ու բարակ խոսում է «շախով շաբաշ» տալու, «քյաբաբ-խորովածների», «տասանոց-քսանհինգանոց-մանեթնոցների» մասին։

Սակայն այդ դեպքում ի՞նչ կապ ունեն այս ամենի հետ հաղորդման դեկորացիաներըՙ Սարոյանի, Հեմինգուեյի, Ազնավուրի եւ մյուս մեծերի լուսանկարները։

Տեսնելով դրանք, ինչպես նաեւ այն պատկերը, որով սկսվում է «հաղորդումը» (եթե չենք սխալվում, այն կոչվում է «շապկա»), մենք ակնկալում էինք լուրջ, ինտելեկտուալ հաղորդում։

Ավաղ, ստացանք այն, ինչ ստացանք։

Հաղորդման ռեժիսորը, որն, ի դեպ, թողարկման վերջում ստորագրում է ինչ-որ անհասկանալի «հիերոգլիֆներով», հավանաբար, ինքն էլ չգիտակցելով (իսկ գուցե ենթագիտակցաբա՞ր, «ամոթի բարդույթ» զգալով), խոշոր պլանով ցույց է տալիս Շառլ Ազնավուրի, Էրիկ Քլեփթոնի եւ մյուս մեծերի «ապշած» հայացքները։ Շարունակելով ռեժիսուրայի թեման, նշենք, որ անհասկանալի «մուլտիպլիկացիոն-թռչկոտող» հնարքները, առանձին աչքի, քթի կամ էլՙ վարողի շրթունքում օղակի, «լեռնադահուկորդի» կոշիկների եւ, վերջապես, վարողի կողմից ջանասիրաբար պտտացվող թզբեհի, «համեմված» անընդհատ, անվերջ, անսահման ռաբիս «կլկլոցներով», ստեղծում են հիրավի «անզուգական» մթնոլորտ։

Ճիշտն ասած, առաջին եւ մանավանդ երկրորդ («ռաբիս») հաղորդումները բավական էին, որ մենք երբեք այլեւս չդիտեինք «Ինքնագիր» անունը կրող «հաղորդումը», սակայն ինչ-ինչ կողմնակալության մեջ չմեղադրվելու համար որոշեցինք մի քանի թողարկում էլ նայել։

Սակայն, ցավոք, ոչ մի բան դեպի լավն այս անգամ էլ չէր փոխվել։ Իր զրուցակցիՙ իրավապաշտպանի հետ վարողն արդեն իր կերպարի համար սովորական դարձած ժարգոնի ոճով («ըտենց-ըսենց», «արա-ախպեր» եւ այլն) խոսում էր «խեղճ, ճնշված» կրոնական եւ սեռական փոքրամասնությունների մասին, սադո-մազոխիզմի, կանանց, խմիչք-ուտելիքի եւ միայն դրանից հետո նորՙ ընտանիքի մասին։ Զրուցակիցն էլ բավականին «ինքնատիպ» «բացահայտումներ» արեց, օրինակ, այն մասին, որ երբ պսակադրության ծեսի ժամանակ քահանան հարցնում է փեսացուինՙ «տե՞ր ես», իսկ հարսնացուինՙ «հնազա՞նդ ես», ապա դա մարդու իրավունքների խախտում է։ Էլ չենք ասում այն մասին, որ զրուցակցի շուրթերից հնչեց այսպես կոչված ոչ նորմատիվային լեքսիկային պատկանող մի բառ, թեկուզեւ թեթեւակիորեն «խլացված», որով ժողովուրդը սովորաբար պիտակավորում է միասեռական տղամարդուն։

Հաջորդ հաղորդումը հայոց բանակի մայորի, ասել է թեՙ բարձրաստիճան սպայի համազգեստ հագած մի մարդու հետ էր, որը ներկայացավ այսպեսՙ բանաստեղծ-գրող-երգիծաբան, որի հետ տիկին Վիոլետը կրկին խոսում էր «նանարիկների», «մարմնական սիրո», «ցանցառ-ցանցառ» բաների, բաժակակիցների, նրա մասին, որ «կինը զինվորականի հրամանատարն է» եւ նույնիսկ ԱՄՆ-ում անցկացված փորձի մասին, երբ կապիկին ալկոհոլ են հրամցրել։

Ինչպես ասում ենՙ մեր համբերության բաժակը լցվեց։

Մենք բնավ դեմ չենք որեւէ նորարարության, ինչպես ասում են, էքսպերիմենտների, մանավանդ արվեստի բնագավառում։ Բայց ամեն ինչ լավ է չափի մեջՙ ե՛ւ էքսցենտրիզմը, ե՛ւ էպատաժը, եւ նույնիսկՙ սկանդալը։

Թող չնեղանան մեզանից «Կենտրոնի» իսկապես շնորհալի աշխատակիցները, սակայն կարծում ենք, որ լուրջ քայլեր պետք է ձեռնարկվեն դրությունը շտկելու համար առաջին հերթին ընկերության ղեկավարների կողմից։

Հեռուստադիտողներՙ

ԱՆԺԵԼԱ ԱԹԱԲԵԿՅԱՆ, Հայաստանի ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

ԱՆԺԵԼԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Կոմիտասի անվան Երեւանի պետական կոնսերվատորիայի դոցենտ

ԱՐՏԱԿ ՀԱՄԲԱՐՅԱՆ, Հայաստանի ամերիկյան համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետի փոխտնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու

ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆ, ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4