Եթե չեն արժանանում նորանշանակ տնօրենի բարեհաճությանը
Որքան էլ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը ջանքեր է գործադրում մեղմելու օպտիմալացման հետեւանքով աշխատանքից ազատված ուսուցիչների անհուսալի վիճակը, միեւնույն է, առ այսօր չեն դադարում նախարարությանն ուղղված բողոքները։ Ամեն առավոտ նախարարության սրահում կարելի է հանդիպել օպտիմալացմանը զոհ դարձած բազմաթիվ ուսուցիչների, որոնք աշխատանքի վերականգնվելու իրենց վերջին ճիգերն են անում այստեղ։ Տարեվերջյան մամլո ասուլիսում նախարարը հայտարարեց, որ վերջնական տվյալներով կրճատվել են 3600 ուսուցիչներ, որոնց կավելանան եւս 1000¬ը։ Փոքր¬ինչ զավեշտական էր նրա հայտնած հաջորդ միտքը, որ կրթական համակարգը շատ շուտով 6¬7 հազար ուսուցիչների կարիք կունենա։ Ասել է թեՙ մի կողմից կրճատվում են տարիների փորձ կուտակած ուսուցիչներ ու նետվում անհուսության գիրկը, մյուս կողմիցՙ շռայլ խոստումներ տրվում սկսնակ մասնագետներին, որոնք գալիս են փոխարինելու աշխատանքից ազատված կենսաթոշակառուներին եւ ոչ մասնագիտական կրթություն ունեցողներին։ Քանի որ 45 մլն դոլարի վարկային ծրագրի շնորհիվ նախարարությունն այլեւս ֆինանսական խնդիրներ չունի, հետեւաբար համարձակորեն առաջ է գնումՙ շրջանառության մեջ ունենալով նախնական 15 մլն դոլարը։ Մինչ նախարարությունը ծրագրեր է մշակում, աշխատանքից ազատված ուսուցիչները տառապում են անօրինական քաշքշուկներից, հաճախ էլ հարկադրված լինում գործը հասցնել մինչեւ դատարան։ Խնդիրն այն է, որ դպրոցների որոշ տնօրեններ իրականում ձգտում են իրենց կեցությունն «օպտիմալացնել» եւ հենց այդ նպատակով ուսուցիչներին ազատում կամ նոր ուսուցիչների են ընդունում սեփական քմահաճույքի թելադրանքով։
Նախարարության միջանցքում նկատեցի սաստիկ հուզված երիտասարդ մի տիկնոջ, որը աջակցություն էր հայցում նախարարության կրթության բաժնի աշխատակցից։ Տիկինը Կոտայքի մարզի Արամուս գյուղի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Կարինե Մարգարյանն էր, որին նորանշանակ տնօրենը հունիսի 16¬ի հրամանագրով ազատել է աշխատանքիցՙ իբր մասնագիտական կրթություն չունենալու պատճառով։ Տկն Մարգարյանը ավարտել է Երեւանի ճարտարագիտական համալսարանը, այժմ էլ սովորում է մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետի 3¬րդ կուրսում։ Արդեն 8 տարի նա դասավանդում է դպրոցում, երկու երեխաների մայր է. նրանցից մեկը ուսանող է, մյուսը սովորում է նույն դպրոցում։
Եվ այսպես, նախորդ տարվա մայիսին, մանկավարժական խորհրդի վերջին նիստում տնօրեն Զուրաբյանը հայտարարում է, թե դպրոցում լուրջ խնդիրներ կան հատկապես ոչ մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների հետ, իսկ հունիսի 16¬ին ուսուցչանոցում փակցնել է տալիս 7 ուսուցիչների աշխատանքից ազատելու հրամանագիրը։ Տնօրենը հաշվի չի առնում անգամ այն հանգամանքը, որ տկն Մարգարյանի դասղեկական դասարանը քննությունների շեմին է։ Հենց այդ ժամանակ էլ նա նոր ուսուցչի է ընդունում։ Սեպտեմբերին տկն Մարգարյանը դիմում է տնօրենինՙ իրեն աշխատանքի վերականգնելու խնդրանքով, սակայն մերժվում է եւ ստիպված բողոք ներկայացնում նախարարությանը։ Վերջինս նրան ազատելու որոշումը որակում է անհիմն, հաշվի առնելով նրա աշխատանքային ստաժը։ Բայց դա բնավ չի օգնում ուսուցչուհուն, քանի որ Կոտայքի մարզպետարանի կրթության բաժինն առաջնորդվում է իր օրենքներով եւ բացահայտորեն անտեսում նախարարության պնդումըՙ իրավացի համարելով դպրոցի տնօրենի որոշումը։ Դրանից հետո տկն Մարգարյանին այլ բան չի մնում, քան իր իրավունքները պաշտպանելու համար Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան դիմելը։ Այստեղ, իհարկե, վերականգնվում է աշխատելու նրա իրավունքը, սակայն դպրոցի տնօրենը համառորեն դիմում է վերաքննիչ դատարանՙ ներկայացնելով ուսուցչուհու մասնագիտական պատրաստվածության հետ կապ չունեցող փաստեր։ Տկն Մարգարյանն այս անգամ էլ դիմում է վճռաբեկ դատարան, որից հետո նախարարությունը ստուգումներ է անցկացնում դպրոցում եւ գրանցում մի շարք բացթողումներ։ Վճռաբեկ դատարանում եւս տկն Մարգարյանը կարիք ունի նախարարության միջնորդության...
«Ինձ ամենից շատ զայրացնում է այն, որ Կոտայքի մարզպետարանն ամեն ինչից տեղյակ է, բայց ոչ մի քայլ չի ձեռնարկում, ոչինչ չի անում», ասաց ուսուցչուհին, որն արդեն 8 ամիս զրկված է աշխատանքից, իր նյարդերն է քայքայումՙ առայժմ ոչ մի արդյունքի չհասնելով։ Որ մեզանում չինովնիկական անտարբերությունն արդեն սահմաններ չի ճանաչում, ակնհայտ է, բայց գոնե պաշտպանվեն մարդու հիմնական իրավունքները։
ՌՈՒԶԱն ՊՈՂՈՍՅԱՆ