«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#240, 2003-12-27 | #1, 2004-01-13 | #2, 2004-01-14


«ՄԿՈՅԻ» ԱՆՏԱՌԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՎԵՐՎԵԼ

Բնակիչների ու քաղաքապետարանի մենամարտը նոր թափ է ստանում

Ընդամենը անցած դեկտեմբերին «Հաղթանակ» զբոսայգու արեւելյան հատվածում, Կարապետ Ուլնեցի եւ Դավիթ Անհաղթ փողոցների հարակից անտառային շերտում, որ նախկին անտառապահի անունով հայտնի է իբրեւ «Մկոյի անտառ», էկոլոգիական կազմակերպությունների եւ տարածքի բնակչության նախաձեռնությամբ, հատված հազարավոր ծառ ու թփի փոխարեն 1500 պտղատու ու դեկորատիվ տնկիներ դրվեցին։ Սակայն հոշոտված զբոսայգու այս հատվածը համառորեն մնում է դղյակների մարմաջով տարվածների տեսադաշտում։ Այստեղ անկասկած ծրագրվում է էլիտար միկրոշրջանի հաջորդ առանձնատան կառուցումը։

Անտառամասի շարունակաբար նվազող կանաչի խնդրին արդեն անդրադարձել ենք մեր թերթի եւ օգոստոսյան, եւ դեկտեմբերյան համարներում։ Այն ժամանակ սպանդի էին ենթարկվել Կարապետ Ուլնեցի 30 եւ 30ա շենքերին հարակից անտառամասի շուրջ 2000 ծառ ու թփեր։ 2 օր առաջ «Ազգի» խմբագրությունը կրկին տագնապի ահազանգ ստացավ Կարապետ Ուլնեցի, Դր. Կանայան, Դավիթ Անհաղթ փողոցների բնակիչներից։ Հունվարի 7-ին եւ 12-ին անհայտ անձինք բնակիչների աչքի առաջ բուլդոզերը գործի գցելով հողին են հավասարեցրել ելակի ու մոշի հսկայական տարածքները, խաղողի վազերն ու պտղատու ծառերը։ Բացատի վերածված տարածքն արդեն հասել է նախկին Գործիքաշինական գործարանի մոտ։ Թե ովքեր են իրականացնում անտառահատումը, շուրջ 1 տարի բնակիչներին չի հաջողվում պարզել։ Ավերածություն իրականացնող փայտահատների պատասխանն անփոփոխ էՙ մեզ հանձնարարել են, մենք էլ կատարում ենք։ Պտղատու ծառերն ու թփերը փրկելու բնակիչների հուսահատական ջանքերը պտուղներ չեն տալիս։ Հողահատկացումները տնօրինող ատյանները պատասխանատվության մեղքը փոխադարձաբար փոխանցում են մեկը մյուսին։ Մայիսի 22-ին քաղաքապետարանին հղած դիմում-բողոքին ի պատասխան խորհուրդ են տվել դիմել անշարժ գույքի կադաստրին։ Վերջինս մերժողական պատասխան է տվել, պատճառաբանելով, թե ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին օրենքի համաձայն հողակտորները մինչեւ 2001 թ. մայիսի 15-ը տարածքային ստորաբաժանման կողմից չեն հաշվառվել ու գրանցվել իբրեւ բնակիչների սեփականություն։ Մինչ այդ, 2000 թ. թաղապետարանն էլ առաջարկել էր անորոշ ժամանակով դրանք հանձնել բնակիչների տնօրինությանը, պայմանով, որ հարկ եղած դեպքում պետք է վերադարձվեն։ Բնակիչները չեն համաձայնել։

Պտղատու այգիները սեփական բազուկներով մշակած ու դրանց բարիքներից օգտվող շուրջ 200 ընտանիքների վրդովմունքը բացատրվում է մեկ այլ, քողարկված ապօրինությամբ եւս։ Չնայած նրանց կողմից տարածքի վերականաչապատման վաղեմության ժամկետին (90-ական թթ. զանգվածային ծառահատումներից հետո նրանք միասնաբար ծառատունկ կազմակերպեցին), առանց բնակիչների գիտության հողերը ներկայացվել են աճուրդային վաճառքի։ Այդ մասին չեն տեղեկացրել, չնայած կադաստրի տարածքային ստորաբաժանման պատուհանները նայում են անտառայգուն ու հարակից շենքերին։ Թեեւ ամեն ինչ իրականացվել է լավ մշակված սցենարով, բայց գործընթացը անսպասելիորեն շարունակում է բախվել բնակիչների համառ դիմադրությանը։ 800-ից 1000 մետր բաժնեմասով հողակտորներից յուրաքանչյուրը, շրջապատը կենդանացնելու ու թթվածնով սնելու դերակատարումից բացի, մի ընտանիք է պահումՙ շատերի համար դառնալով ապրուստի գլխավոր միջոցը։

Տարբեր ատյաններ ապարդյուն դիմելուց հոգնած, երբ բոլորը ձեւացնում են, թե իբր ուզում են օգնել, բայց ձեռքներին ճար չկա, բնակիչները հուսահատական հայտարարություններ են անումՙ պառկելու ենք այս հողի վրա, թող մեզ էլ տրորեն, անցնեն։

Իսկ մենք կրկին ստիպված ենք արձանագրել, որ ոչ մամուլի, ոչ հասարակական կազմակերպությունների ճիգերը որեւէ արդյունքի չեն հանգում։ Չափից ավելի համառ ու ամուր պատ է հառնում նրանց առաջ։ Անկախ այն բանից, թե իրավաբանորեն ում սեփականությունն է լինելու անտառայգու այս հատվածը (բնակիչների՞, ովքեր այն վերակենդանացրել ու մշակում են արդեն տասնամյակ ու կես, թե՞ ծառայելու է նորահարուստ մի պաշտոնյայի փառատենչ նկրտումներին), այս տարածքում կառուցապատումները համարժեք են հանցագործության։ Այն համայնքի կանաչի միակ վտիտ օազիսն է, ուր ժամանակին հիմնվեց Հայրենական պատերազմում զոհվածների ծառուղին։ Կանաչների միության ու բնակիչների հավաստմամբՙ արդեն իսկ հատումների ընդհանուր խրախճանքին զոհ է գնացել 5000 ծառ ու թուփ։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4