«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#240, 2003-12-27 | #1, 2004-01-13 | #2, 2004-01-14


ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ 3 ՏԱՐՈՒՄ

Օդանավակայանի նոր մասնաշենքի նախագիծը եւ իրականացման փուլերը երեկ լրագրողներին ներկայացրեցին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության կոմերցիոն տնօրեն Խուան-Պաբլո Քեչիջյանը եւ ճարտարապետ Պաբլո Օրսին։

Առաջին փուլն իրականացվում է ներկայումս։ Այն ուղղված է ներկա մասնաշենքի վերանորոգմանն ու սպասարկման որակի բարձրացմանը, թռիչքուղու, VIP մասնաշենքի բարելավմանը։ Հիմնական աշխատանքները պետք է իրականացվեն երկրորդ փուլում։ Ինչպես տեղեկացրեց նախագծի հեղինակ Պաբլո Օրսին, նոր մասնաշենքը կկառուցվի ներկա մասնաշենքի եւ VIP մասնաշենքի միջեւ։ Այստեղ կտեղափոխվի օդանավակայանի ժամանման սրահը, վիզաների գոտին, սահմանապահների անցակետը։ Այն կունենա 20 հզ. քմ տարածք։ Ներկայիս մասնաշենքում է մնալու հաշվառման սրահը, որտեղ գործելու են հաշվառման 21 սեղանները եւ մեկնման սրահը։

Երրորդ հեռանկարային փուլը նախատեսում է եւս մեկ մասնաշենքի կառուցում եւ մնացած ծառայությունների տեղափոխում այստեղ։ Լինելու է մեքենաների նոր կանգառ, հաշվառման նոր սրահ։ Օդանավակայանի ամբողջ համալիրը նախատեսված կլինի տարեկան 3 մլն ուղեւորի սպասարկման համար։ Սպասարկման մակարդակը պետք է լինի C կարգի, ինչն ամենաօպտիմալ մակարդակն է միջազգային չափանիշներով։

Երկրորդ փուլի իրականացումը կտեւի 3 տարի, որի համար կներդրվի մոտ 50 մլն դոլար։ Ըստ կոմերցիոն տնօրենի, այս նախագիծը ներկայացվել է Հայաստանի կառավարությանը, եւ սպասում են հաստատման։ Մեր հարցին, թե «կառավարությունն արդեն հաստատել է նոր օդանավակայանի մաստեր-պլանը եւ ի՞նչը պետք է հաստատվի հիմա», ընկերության իրավաբան Արմեն Տեր-Տաճատյանը ասաց, որ խոսքը ոչ թե կառավարության նոր որոշման ընդունման, այլ նախագծի առանձին բաղադրիչների հաստատման մասին է։ Այդուհանդերձ, նրա եւ կոմերցիոն տնօրենի խոսքերը ակնհայտորեն հակասում էին մեկը մյուսին։

«Ուրիշ ի՞նչ օդանավակայաններ է նախագծել «Զվարթնոցի» նոր մասնաշենքի ճարտարապետը» հարցին Պաբլո Օրսին պատասխանեց, որ իր մասնակցությամբ նախագծվել են Բուենոս-Այրեսի 2 գլխավոր եւ Կորդոբայի օդանավակայանները։ Իսկ այն կազմակերպությունը, որտեղ աշխատում է Պաբլո Օրսին, 33 օդանավակայան է նախագծել եւ նոր օդանավակայաններ պետք է կառուցի Ուրուգվայում եւ Էկվադորում։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4