Երեւանցիները շատ են սիրում ժամադրվել կինո «Երեւանի» դիմաց, որտեղ ուղղակի անհնար է միմյանց կորցնելը։ Սակայն ֆիլմ դիտելու նպատակով տարիներ առաջ այս կինոթատրոն գալիս էին միմիայն էրոտիկ ֆիլմերի սիրահարները, որովհետեւ հիմնականում ցուցադրվում էին այդ բնույթի ֆիլմեր։ Տարիներ առաջ, որովհետեւ արդեն 3 տարի կինոթատրոնը չէր գործումՙ կապիտալ վերանորոգման պատճառով։ Ահա թե ինչու կինոթատրոնի նախկին քարուքանդ ու անհրապույր տեսքն այլեւս չկա, եւ այսօրվանից «Երեւանը» նոր տեսքով ու որակով կներկայանա կինոյի երկրպագուներին։ Նախկին կինոբարի փոխարեն կառուցվել է 40 տեղանոց նոր կինոդահլիճ, որը հագեցած է ժամանակակից սարքավորումներով։
Անշուշտ, էրոտիկ ֆիլմերի սիրահարներն այստեղ ժամանակ անցկացնելու մեծ ակնկալիքներ ունեն, սակայն շտապենք տեղեկացնել, որ նրանք հուսախաբ պիտի լինեն։
«էրոտիկ ֆիլմեր այստեղ այլեւս չեն ցուցադրվի, լիովին հրաժարվել ենք դրանցից, որովհետեւ չենք կամենում այդպիսի համբավ ունենալ։ Կցուցադրենք տարբեր բովանդակության նոր ֆիլմեր, բոլորին գոհացնելու համար», ասում է կինոթատրոնի փոխտնօրեն Սարգիս Կարապետյանը։
Բացի նոր դահլիճից, առաջին հարկում բացվել է նաեւ «Կարաոկե» բարը, որն աչքի է ընկնում ժամանակակից ձեւավորմամբ։ Կինոթատրոնի երկրորդ հարկում, ուր արդեն գործում է գեղեցկության սրահը, առաջիկայում նախատեսվում է բացել քաղաքի ամենամեծ ինտերնետ ակումբը։
Ի տարբերություն մյուս կինոթատրոնների, որտեղ տոմսերի արժեքը 500¬2500 դրամ է, «Երեւանում» դրանց գինը կայուն էՙ 1000 դրամ, անկախ տեղերից եւ ցուցադրության ժամերից։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ