Որպեսզի մերսեդեսները ջիպեր դառնան, ջիպերըՙ ինքնաթիռներ
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Երեկ մայրաքաղաքի վաճառակետեր այցելած գնորդները բախվեցին թանկացումների հերթական ալիքին։ Գրեթե առանց բացառության բարձրացել են բոլոր մթերատեսակների գները։ Ծանոթ խանութպաններից մեկը (որը բազմիցս խնդրեց չհրապարակել ոչ վաճառասրահի հասցեն, ոչ էլ իր անունը) հաճախորդների առաջ «արդարանալու» յուրօրինակ մեթոդ էր գտել. մթերքների նախկին գների կողքին փակցրել էր նաեւ դրանց նոր, մեծածախ գները։ Վաճառասրահների մեծամասնությունը ապրանք հայթայթում է «Սուրմալու» մեծածախ առեւտրի հանրահայտ կետից։ «Ազգ»-ի խնդրանքով հիշատակված սրահի տնօրենը ներկայացրեց բոլոր ապրանքներիՙ ընդամենը 2 օրում աննախադեպ թռիչք ապրած արժեքները։ Թանկացել է պարսկական ու ռուսական բուսական յուղի ողջ տեսականին։ «Շչեդրի դար» ձեթի արկղը դեռ նախօրեին 9 հզ. դրամ արժեր, այսօր դարձել է 9800-9900 դրամ։ 1 շիշ «Գոնչե» ձեթի մեծածախ գինը 490-495 դրամից դարձել է 580-600 դրամ։ Նույն տրամաբանությամբ թանկացել են «Աֆտաբ», «Նազ», «Իդեալ» եւ մյուս ձեթերը։ Համապատասխանաբար մանրածախ առեւտրի կետում դրանց գները բարձրացել են 100 դրամով։ Հաջորդաբար բարձրացել են առաջին անհրաժեշտության բոլոր մթերքների ու ապրանքների գները։ «Վալիո» կարագի 1 տուփի մեծածախ գինը 360 դրամ էր, հիմա այն ներկայացվել է 390-400 դրամով։ «Յոգուրդ»-ների 1 տուփը թանկացել է 15-20 դրամով։
Թանկացումների հորձանքում հայտնվել են նաեւ բրինձը, կարագը, խտացրած կաթը, հավի բդիկները, այն, ինչը դրսից է մտնում Հայաստան։ Նույնիսկ զուգարանի 30 դրամանոց ուկրաինական թուղթը հասել է 70-80 դրամի։ Տնօրենի հավաստմամբ, բարձրացել են դրաՙ նույնիսկ Հայաստանում կեղծված տարբերակների գները։ Շարունակելով ցանկը, ասենք, որ բրնձի 1 պարկը նախկինի համեմատ թանկացել է 1000-1500 դրամով, վաճառակետում 1 կգ-ի գինը համարժեքորեն բարձրացել է 35-40 դրամով։
Որտե՞ղ եւ ովքե՞ր են այս թանկացումները հրահանգավորում։ Անակնկալի եկած իրենց հաճախորդներին «Սուրմալուում» իրողությունը պատճառաբանել են այսպեսՙ մաքսատուրքերն են թանկացել։
Եթե իրոք այդպես է, ապա միանգամայն հավանական է, որ առաջիկայում կթռչեն ընդհանրապես դրսից մեծ քանակով բերվող պահածոյացված ոլոռի, սունկի, եգիպտացորենի եւ մյուս մթերքների գները եւս։
Իսկ այս ընթացքում գողունի աճ է ապրել նաեւ թիվ 1 սննդատեսակիՙ հացի գինը, գրեթե 30-35 տոկոսով։ Նախկին 90 դրամանոց հացատեսակն, օրինակ, արդեն 1 ամիս արժե 130 դրամ։
Մանր ու միջին բիզնեսի զարգացման մասին մեզանում շատ է խոսվում։ Դրանք ոչ միայն նախընտրական ծրագրերի, այլեւ ամբոխահաճության ախտով վարակված բոլոր ելույթների անհրաժեշտ մասն են կազմում։ Եվ ոչ միայն թանկացումներն են հարվածում գնողունակության անկմանն ու իբրեւ հետեւանքՙ միջին գործարարի շահույթին, այլեւ հասարակության աչքից հեռու ու ավանդույթ դարձած այլ երեւույթներ եւս, որոնց պետական դրամաշորթումից զատ այլ որակում դժվար է տալ։ Նույն տնօրենի վկայաբերմամբ, Ամանորի նախօրեին եռանդուն հարկահավաքները 150 հզ. դրամ են պահանջել վաճառակետից։ Դրամակորզումը ձեւակերպվել է իբրեւ տուգանք, կից բանավոր բացատրությամբ, թե բյուջեն դատարկ է, պետք է լցնել, եւ տարին 1 անգամ «պլանային» այդպիսի տուգանքները պարտադիր են լինելու։ Թաղապետարանն էլ իր հերթին տարեվերջյան իր բաժնեմասն է պահանջել համայնքի բոլոր խանութներից։
Մեր պաշտոնյաների ու նորահարուստների հոգում բույն դրած սատանան, որ նրանց անվերջ դրդում է նոր կուտակումների, սպառողական շուկան շարունակում է պահել ֆեոդալական հետամնաց արեւելքի կարգավիճակում, իսկ բնակչությանըՙ նրանց անհագ ախորժակի պատանդ։ Որպեսզի մերսեդեսները ջիպեր դառնան, ջիպերըՙ ինքնաթիռ, վերջում էլ բոինգներով ման գան։ Բայց բոինգները, իմիջիայլոց, անհուսալի են դարձել. դրանց ուղեւորները վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ են վթարների զոհ դառնում։