«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2004-01-13 | #2, 2004-01-14 | #3, 2004-01-15


ՀԱՅ ՍՊԱՆԵՐԸ ՉՀԱՍԱՆ ԲԱՔՈՒ

Պաշտոնական Երեւանը դատապարտում է Ադրբեջանի «արարքը»

«ՀՀ ԱԳՆ-ն խոր մտահոգություն է արտահայտում այն փաստի կապակցությամբ, որ 2004 թ. հունվարի 13-ին Ստամբուլի օդանավակայանում ադրբեջանական իշխանությունների պահանջով եւ միջամտությամբ ՀՀ ՊՆ պատվիրակությանը թույլ չի տրվել մեկնել Բաքուՙ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» «Համատեղ լավագույն ջանք-2004» զորավարժության նախնական պլանավորման կոնֆերանսին մասնակցելու համար», ասվում է Վարդան Օսկանյանի հայտարարությունում։

«ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է այս արարքը եւ գտնում է, որ տվյալ փաստն ամբողջապես հակասում է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի ոգուն, տառին եւ տրամաբանությանը», ասվում է հայտարարությունում։

Բաքվի «Լիդեր» հեռուստաընկերությունը հաղորդում է, որ Ստամբուլի օդանավակայանում «հայ սպաներին թույլ չի տրվել նստել Ստամբուլ-Բաքու չվերթով օդանավը, քանի որ նրանք չունեին վիզաներ»։

Պատասխանելով «Ազգի» հարցին, թե ինչու են հայ սպաները (պատվիրակության ղեկավար, գնդապետ Մուրադ Իսախանյան, փոխգնդապետ Ալբերտ Բաղդադյան, կապիտան Արմեն Մարտիրոսյան) Բաքու մեկնելու համար դիմել Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանությունՙ վիզա ստանալու համար, երբ ըստ Բիշքեկի 1992 թ. համաձայնագրի Հայաստանի քաղաքացիներին Ադրբեջան մեկնելու համար վիզա անհրաժեշտ չէ, արտգործնախարար Օսկանյանն ասաց. «Արել ենք այն քայլերը, որոնք ՆԱՏՕ-ի կողմից էին հուշվել»։

Հայ սպաներն ուրբաթ օրը չեն կարողացել վիզա ստանալ Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանությունից։ Ադրբեջանցի դիվանագետները հայ սպաներին տեղյակ են պահել, որ դեսպանությունը շաբաթ եւ կիրակի օրերին չի աշխատում։ Վերադառնալով Երեւան, հայ սպաները երկուշաբթի երեկոյան Երեւան-Ստամբուլ չվերթով հասել են Թուրքիա այն հաշվարկով, որ նույն օրը Ստամբուլ-Բաքու չվերթով հասնեն Ադրբեջան։ Հայ զինվորականները երկուշաբթի երեկոյան չեն հասցրել նստել Ստամբուլից Բաքու մեկնող ինքնաթիռը, քանի որ առայժմ անհասկանալի պատճառով Երեւանից Ստամբուլ մեկնող օդանավը երկու ժամ ուշացումով է թռել։

Հայկական պատվիրակությունը Բաքու մեկնելու համար ընտրել էր Ստամբուլը, քանի որ, ինչպես նշեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, «Ստամբուլն ընտրել ենք ժամանակային առումով, այդ պահին ամենահարմար ուղին էր»։ Մինչդեռ Վարդան Օսկանյանն ասաց, որ «ՆԱՏՕ-ն է ցույց տվել Ստամբուլի ճանապարհը»։

«Չնայած Ադրբեջանի ցուցաբերած անընդունելի վարվելակերպին, Հայաստանը, մշտապես պաշտպանելով գործընկերության շրջանակներում կառուցողական երկխոսություն ծավալելու սկզբունքը, հետագայում եւս շարունակելու է գործադրել ամեն ջանք տարածաշրջանային համագործակցության զարգացմանը նպաստելու համար», ասվում է Օսկանյանի հայտարարությունում։

Բաքվում կոնֆերանսը շարունակվում է, ճիշտ է, առանց հայկական կողմի մասնակցության։ Նիստը նախագահող, Թուրքիայի ներկայացուցիչ Օլջայ Ույարն իր ելույթում նշել է, որ կոնֆերանսը կնպաստի ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների համագործակցությանը։ Ադրբեջանի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Էյվազ Ջաֆարովն, ըստ Բաքվի «Էխո» թերթի, նշել է, որ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագիրը բեղմնավոր հենք է ստեղծում անվտանգության ընդհանուր համակարգի եւ պետությունների երկխոսության համար»։

Զարմանալի է, որ նման կարգի հայտարարություններ են անում պետություններ, որոնք ամեն կերպ խոչընդոտում են ՆԱՏՕ-ի գործընկեր մեկ այլ պետությանՙ Հայաստանի պատվիրակության մասնակցությունը կոնֆերանսին։

«Հայաստանը, կարեւորելով «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների շնորհիվ տարածաշրջանային համագործակցությունը խթանելու ՆԱՏՕ-ի որդեգրած սկզբունքն ու ներուժը, հույս է հայտնում, որ դաշնակիցները սկզբունքայնություն կցուցաբերեն եւ կձեռնարկեն համապատասխան քայլեր այս իրավիճակը շտկելու համար», ասվում է Օսկանյանի հայտարարությունում։

Եթե ճշգրիտ են Օսկանյանի հայտարարությունները, թե հայկական կողմին ՆԱՏՕ-ն է հուշել վիզաներ ստանալ Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանությունից եւ ապաՙ Բաքու հասնել Ստամբուլով, ապա հայկական կողմիՙ համաժողովին պարտադրված չմասնակցության պատասխանատվությունը դրվում է Ադրբեջանի, մասամբ նաեւ Թուրքիայի վրա։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մի փորձագետ «Էխո» թերթում նկատում է. «Նախապես պարզ էր, որ Երեւանն օգտագործելու է Բաքվիՙ հայ սպաներին չընդունելու հանգամանքը»։

«Բաքվի կեցվածքը նրանց (հայերին) ձեռնտու է։ Մնում է սպասել ՆԱՏՕ-ի ղեկավարության բացասական արձագանքին Ադրբեջանի իշխանությունների հասցեին։ Բաքուն ստիպված է հաշվետու լինել դաշինքի առաջ, եւ այս միջադեպը ազդելու է երկրի իմեյջի վրա», ասել է անանուն փորձագետը։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4