ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյան
- Հայաստանի կառավարության կողմից Հակակոռուպցիոն ռազմավարության եւ միջոցառումների ծրագրի ընդունումն իրոք նշանակալի քայլ է։ Դեռեւս 2001 թ. օգոստոսին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախաձեռնած Հակակոռուպցիոն ռազմավարության մշակման գործընթացը, որին ակտիվ մասնակցություն էին բերում միջազգային ֆինանսական հաստատությունների եւ մի շարք առանձին երկրների ներկայացուցիչները, խիստ կարեւորվում էր միջազգային հանրության կողմից։ Տարբեր առիթներով Հայաստանը դրվատվում էր նման ձեռնարկման համար եւ հույս էր հայտնվում, որ նման եղանակովՙ ազգային կառավարության եւ միջազգային հանրության սերտ համագործակցությամբ, կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության մշակումը եւ իրականացումը կարող է դառնալ օրինակելի այլ երկրների համար։
Վերջին տարիներին կոռուպցիայի եւ նրա դեմ պայքարի խնդիրը համընդհանուր ուշադրության կենտրոնում է։ Հիրավի, այդ երեւույթը երբեմն առկա է համարյա բոլոր բնագավառներում եւ իր անդառնալի քայքայիչ ազդեցությունն է թողնում հասարակության վրա։ Այն խոչընդոտում է տնտեսության բնականոն զարգացմանը, տարրալուծում է օրենքների կիրառման տրամաբանությունը, արժեզրկում է բարոյական նորմերը։ Եվ ամենավտանգավորը, հեղինակազրկում է իշխանությունը։ Իսկ իշխանության հեղինակազրկումը ուղղակիորեն հանգեցնում է պետականության հիմքերի խարխլմանը։
Կոռուպցիայի դեմ պայքարը պարտադիր կերպով պետք է կրի համալիր բնույթ։ Իհարկե, յուրաքանչյուր հասարակություն ունի իր առանձնահատկությունները, իր ավանդույթները, որոնց միջավայրում կոռուպցիան կարող է ստանալ ամենատարբեր դրսեւորումներ։ Այդ պատճառով է, որ զուտ ուժային մեթոդները, օրենքի մեխանիկական կիրառմանը ապավինումը չեն կարող հանգեցնել ցանկալի արդյունքների։ Պետք է միաժամանակ փոխել մարդկանց գիտակցությունը, բազմաթիվ երեւույթների նրանց ընկալումը։ Առօրյայում կոռուպցիայի դրսեւորումներ հանդիսացող երեւույթների մերժումը, դրանց հանդեպ անհանդուրժողականության, ընդհանուր շահի գիտակցության արմատավորումը միայն կարող են ստեղծել այն միջավայրը, որում օրենքների կիրառումը կտա լավագույն արդյունքներ։
Տարբեր երկրներում կոռուպցիայի դեմ պայքարն ընթանում է հաջողության տարբեր աստիճաններով։ Սակայն, թերեւս, ամենակարեւորն այն է, որ նախաձեռնելով նման պայքար պետք է անել հնարավորըՙ հասնելու դրական արդյունքների։ Այլապես, հասարակությունը կհայտնվի առավել անբարենպաստ եւ բարոյալքված իրավիճակում։
Միաժամանակ, ոչ ոք իր առջեւ անիրականանալի խնդիրներ չի դնում. անիրատեսական է հուսալ, որ կարելի է արագ կերպով իսպառ արմատախիլ անել կոռուպցիան։ Խնդիրն այլ է. անհրաժեշտ է հնարավորինս նվազեցնել կոռուպցիան, դարձնել այն, ինչպես եւ ցանկացած այլ հանցագործության տեսակ, վերահսկելի եւ հասնել նրա բացասական ազդեցության չեզոքացման։ Սա արդեն լիովին իրագործելի խնդիր է եւ պահանջում է առաջին հերթին քաղաքական կամք եւ հետեւողականություն։