«Մի խումբ մտահոգ հայեր» Գլենդեյլում շուտափույթ կազմակերպել են ժողովրդական-քաղաքական հավաք։ Նպատակը Հայաստանի ազատագրված հողերի եւ Մեղրու միջանցքի փոխզիջման կապակցությամբ իրենց վերաբերմունքն արտահայտելն էր։ Ըստ ՌԱԿ «Նոր օր» պաշտոնաթերթի, Գլենդեյլի «Ռոյալ պալաս» սրահում հավաքին մասնակցել են 600 հայեր, որոնք Հայաստանի Հանրապետության օրհներգը հոտնկայս լսելուց հետո տեղեկացվել են Լեռնային Ղարաբաղի եւ Մեղրու մասին ՀՀ ԱԺ դռնփակ նիստի արձանագրությանը։ Այնուհետեւ ներկայացվել է Վազգեն Սարգսյանի զգուշացնող պատգամը Մեղրին ամեն գնով պահպանելու վերաբերյալ։ Հաջորդել է վերապատվելի Պետրոս Հաճյանիՙ երիտասարդությանն ուղղված կոչն ապականյալ մթնոլորտից դուրս գալու եւ հայրենիքի տարածքային ամբողջականության համար պահպանելու մասին։ Իսկ Մ. Նահանգներ բուժվելու մեկնած արցախյան պատերազմի ազատամարտիկ Հրանտ Թումասյանը խոսել է անտարբերությունն արմատախիլ անելու մասին եւ ներկայացրել Արամ Սարգսյանի որեւէ զիջում չհանդուրժելու վերաբերյալ նամակը։
Հավաքի ավարտին կազմվել է նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղելիք նամակը, որում ընդգծվել է երկու կետ.
1. Խորին ընդվզումով դեմ ենք հազարավոր հայ ազատամարտիկների արյամբ ազատագրված մեր հողերի փոխզիջմանը։
2. Խորին ընդվզումով դեմ ենք Մեղրու վրայով Ադրբեջանից Նախիջեւան ճանապարհ բացելուն։
Հանրապետության նախագահին հանձնելիք նամակը, որ վավերացվել է բոլոր ներկաների ստորագրություններով, ավարտվում է հետեւյալ տողերով. «Մենք հավատում ենք, որ կպահպանվի մեր հողերի ամբողջականությունը եւ որեւէ զիջում կամ փոխզիջում համարում ենք ազգային դավաճանություն»։