Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը մտադրություն է արտահայտել պաշտոնական այց կատարելու Թուրքիայում ԱՄՆ դեսպանատուն։ «Ազգը» Երեւանում ԱՄՆ դեսպանությունից տեղեկացավ, որ դեսպանը մտադրվել է, ըստ նախնական ծրագրի, Թուրքիա մեկնել այս տարվա առաջին եռամսյակում։ Վերջերս Օրդուեյը պաշտոնական այցով մեկնել էր մեկ այլ հարեւան հանրապետությունՙ Ադրբեջան։ Ինչպես նշեցին ամերիկյան դեսպանությունից, նմանօրինակ այցերի ընթացքում դեսպանն իր ամերիկացի գործընկերների հետ քննարկում է տարածաշրջանային հարցեր։ Երեկ, ի դեպ, Օրդուեյն ավարտել է իր այցելությունն ԱՄՆ-ում եւ գալիք շաբաթ կվերադառնա Երեւան։ Հունվարի 10-14-ը դեսպանը հանդիպել է ԱՄՆ միջինատլանտյան նահանգների ամերիկահայերի հետՙ վերջիններիս ներկայացնելով ԱՄՆ կողմից Հայաստանում իրագործվող օգնության ծրագրերը։ Դեսպանի Երեւան վերադառնալուց հետո կճշտվեն նրա Թուրքիա հավանական պաշտոնական այցի մանրամասները։ Մյուս կողմից, Ստամբուլից «Ազգը» տեղեկացել է, որ Օրդուեյը մտադրություն է արտահայտել Թուրքիայում գտնվելու ընթացքում հանդիպել տեղի հայ աշխարհիկ եւ կրոնական առաջնորդների հետ։
Թբիլիսիում ԱՄՆ դեսպան Մայլսը չի գա Հայաստան, իսկ եթե գա՞
Երեկ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանին հարց ուղղվեց, թե իբր, ըստ տարածված տեղեկությունների, Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մայլսը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հայաստանում։ Օսկանյանը պատասխանեց, թե նման տեղեկություններ չունի։ Հիշեցնենք, որ դեսպան Մայլսը, ըստ Վրաստանի ԶԼՄ-ների եւ որոշ պետական, քաղաքական գործիչների պնդումների, կարեւոր դերակատարություն էր ունեցել Էդուարդ Շեւարդնաձեին իշխանությունից հեռացնելու գործում։ Երեւանում ԱՄՆ դեսպանատնից «Ազգը» տեղեկացավ, որ Ջոն Օրդուեյն իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում դեռեւս կշարունակի մինչեւ 2004 թ. վերջը, իսկ Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան նշանակելու մասին Վաշինգտոնից որեւէ հայտարարություն չի եղել, չի նշվել որեւէ անուն։
«Հայաստանը մեկուսացված չէ»
Օսկանյանն ասաց, որ Հայաստանը մեկուսացված չէ, եւ ամերիկյան պատվիրակությունների այցերը հարեւան Ադրբեջան եւ Վրաստան չեն խոսում մեր երկրի մեկուսացվածության մասին, ինչը պնդում է ընդդիմությունը։ Այսօր ե՛ւ Վրաստանում, ե՛ւ Ադրբեջանում կա որոշակի անորոշություն, այդ երկրներում երիտասարդ նախագահներ են, ասաց Օսկանյանըՙ ամերիկյան պատվիրակությունների այցերը հարեւան հանրապետություններ պայմանավորելով այդ հանգամանքով։ «Ազգի» հարցին, թե ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ռամսֆելդի ա՞յցն էլ պետք է դիտել այդ համատեքստում, Օսկանյանը պատասխանեց. «Անուններ չեմ տալիս»։ Արտգործնախարարը նշեց հայ-ամերիկյան համագործակցության խորացման մի քանի օրինակներ, ինչպես նաեւՙ «Տեսեք, թե ԱՄՆ-ն աշխարհում ամենամեծ դեսպանատունը որտեղ է կառուցում»։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ