Ինչպես տեղեկացանք կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանից, Հայաստանի Հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հունվարի 14-ի որոշումներով մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոններից ազատվել են Կարեն Արիստակեսյանը եւ Ալիս Ադամյանը։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Ալիս Ադամյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական (մշակութային հարցերով)։ Մշակույթի եւ երիտասարդության նախարարի տեղակալներ են նշանակվել Գագիկ Գյուրջյանը եւ Կարինե Խոդիկյանը։
Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ է նշանակվել Հրանուշ Խառատյանը։
Ալիս Ադամյանը ծնվել է 1943 թ. Երեւանում, 1967 թ. ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիանՙ ջութակահարի մասնագիտությամբ։ Մինչ նշանակումը եղել է ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար։ ՀՀԿ անդամ է։ Ունի երեք երեխա։
Գագիկ Գյուրջյանը ծնվել է 1948թ. Աշտարակի շրջանի Ոսկեվազ գյուղում։ 1972 թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտըՙ քաղաքաշինություն մասնագիտությամբ։ ՀՀ ճարտարապետների միության անդամ է։ Մինչ նշանակումը եղել է ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ։ Անկուսակցական է։ Ունի երկու երեխա։
Կարինե Խոդիկյանը ծնվել է 1957թ. վրացական ՍՍՀ Ախալքալաք քաղաքում։ 1980 թ. ավարտել է Երեւանի պետհամալսարանըՙ բանասերի մասնագիտությամբ։ Մինչ նշանակումը դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը։ Անկուսակցական է։ Ամուսնացած է։
Հրանուշ Խառատյանը ծնվել է 1952 թ.Ադրբեջանական ՍՍՀ Շամխորի շրջանի Ջագիր գյուղում։ 1975 թ. ավարտել է ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետը։ Պատմական գիտությունների թեկնածու է։ 1994-2000 թթ. եղել է ԵՊՀ-ի ազգագրության ամբիոնի վարիչ։ Մինչ նշանակումը զբաղվել է գիտական հետազոտություններովՙ լինելով Ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի նախագահը։ Անկուսակցական է։ Ունի երկու երեխա։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ