«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2004-01-13 | #2, 2004-01-14 | #3, 2004-01-15


ՀՀ ԿԳՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ԹՌՉՈՒՆՅԱՆԻՆ

Պատճենըՙ ՀՀ ԿԳՆ նախարար Ս. Երիցյանին

Մեծարգո Արմեն Համբարձումի

Սույնով տեղեկացնում ենք Ձեզ, որ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն, ակադեմիկոս Ս. Արեւշատյանի եւ Մատենադարանի գիտխորհրդի նախագահ, փոխտնօրեն, 004 մասնագիտական խորհրդի անդամ պ.գ.դ., պրոֆ. Վ. Գրիգորյանի կողմից Ձեզ ուղղված թիվ 02/63 առ 12.12.2003 թ. նամակի «գ» կետում անհարկի եւ կեղծ մեղադրանքներ են ներկայացվել պատմության ինստիտուտի եւ ԲՈՀ-ի 004 մասնագիտական խորհրդի գիտքարտուղար, պ.գ.դ. Կ. Խաչատրյանինՙ ուղղակի, իսկ նշված նիստի ընթացքում ընտրված հաշվիչ հանձնաժողովի մյուս երկու անդամներին (հանձնաժողովի նախագահՙ ԵՊՄՀ-ի հայոց պատմության ամբիոնի վարիչ, 004 մասնագիտական խորհրդի անդամ պ.գ.դ., պրոֆ. Մ. Կարապետյան եւ անդամՙ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի բաժնի վարիչ, 004 մասնագիտական խորհրդի անդամ պ.գ.դ., պրոֆ. Գ. Գեղամյան)ՙ անուղղակիորեն։ Նամակում նշված է, թե իբր Կ. Խաչատրյանի «ընդգրկումը հաշվիչ հանձնաժողովի կազմի մեջ կասկածներ է հարուցում նաեւ քվեարկությունից հետո հրապարակված արդյունքների, մասնավորապես 3 անվավեր քվեների աննախադեպ փաստի վերաբերյալ»։ Նախ, հարկ ենք համարում նշել, որ Կ. Խաչատրյանի պահվածքում որեւէ «ագրեսիվ վարքագիծ» մենք չենք նկատել, իսկ ինչ վերաբերում է նրա ընդգրկմանը հաշվիչ հանձնաժողովի կազմում, ապա, որպես խորհրդի գիտքարտուղար, նա ընդգրկվել է 004 խորհրդում 2003 թ.-ից մինչ օրս տեղի ունեցած բոլոր 9 հրապարակային պաշտպանությունների ժամանակ ընտրված հաշվիչ հանձնաժողովների կազմումՙ մասնագիտական խորհրդի միաձայն քվեարկությամբ եւ երբեւէ նրա դեմ կասկած անգամ չի արտահայտվել։ 2003 թ. դեկտեմբերի 9-ի հայտնի պաշտպանության ընթացքում ընտրված հաշվիչ հանձնաժողովի կազմում նրա թեկնածությունը (ինչպես նաեւ Մ. Կարապետյանի) առաջարկվեց ակադեմիկոս Վ. Միքայելյանի կողմից, իսկ խորհուրդն էլ միաձայն պաշտպանեց։

Գաղտնի քվեարկության ժամանակ հաշվիչ հանձնաժողովն աչալրջորեն հետեւել է քվեարկության ընթացքինՙ թույլ չտալու որեւէ խախտման փորձ անգամ։ Քվեարկությունից հետո քվեատուփում առկա բոլոր 18 քվեաթերթիկները մանրազնին ուսումնասիրվել են հանձնաժողովի 3 անդամների կողմից եւ հաշվվել, որի արդյունքում էլ կազմվել է համապատասխան արձանագրություն։ Ի դեպ, «տարակուսանք» հարուցած 3 անվավեր (կամ ձեռնպահ) քվեաթերթիկներից 2-ի վրա որեւէ նշում չի եղել, իսկ 3-րդում սահմանված ձեւով ջնջված էին «համաձայն եմ» եւ «համաձայն չեմ» տողերը։ Նշենք նաեւ, որ խորհրդում մինչ օրս տեղի ունեցած պաշտպանությունների ժամանակ անվավեր քվեաթերթիկներ պարբերաբար եղել են, քանզի խորհրդի անդամներից ոմանք պարզապես երբեմն չեն կարողացել կողմնորոշվել եւ մնացել են ձեռնպահ, ինչը նրանց իրավունքն է։ Զարմանալի է, թե ինչու է դա հարուցել հարգելի Ս. Արեւշատյանի եւ Վ. Գրիգորյանի «տարակուսանքը»։

Մեծարգո Արմեն Համբարձումի, ելնելով վերոշարադրյալից հայտնում ենք, որ նշյալ նամակի «գ» կետում հաշվիչ հանձնաժողովի անդամ Կ. Խաչատրյանի նկատմամբ տեղ գտած մեղադրանքն անհիմն է։ Խնդրում ենք Ձեզ, պաշտպանել մեզ նման կարգի կասկածանքներից։ Պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում Ձեզ տրամադրել քվեարկությանն առնչվող բոլոր նյութերը։

Խորին հարգանքներովՙ

Մ. Ս. Կարապետյան, ԵՊՄԻ հայոց պատմության ամբիոնի վարիչ, 004 մասնագիտական խորհրդի անդամ, պ.գ.դ., պրոֆ.
Գ. Մ. Գեղամյան, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի բաժնի վարիչ, 004 մասնագիտական խորհրդի անդամ, պ.գ.դ., պրոֆ.
Կ. Հ. Խաչատրյան, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի եւ 004 մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար, պ.գ.թ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4