«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2004-01-13 | #2, 2004-01-14 | #3, 2004-01-15


ԵՐՈՒԽԱՆԻ ԱՇԽԱՐՀԸՙ ՀԵՌՈՒ ՈՒ ՄՈՏ

Գյումրու «Դպիր» հրատարակչությունը ամիսներ առաջ ընթերցողի սեղանին է դրել բանասիրության դոկտոր, Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի հայ գրականության ամբիոնի վարիչ Հայկազ Հակոբջանյանի «Երուխան (կյանքը եւ գործը)» մենագրությունը, որը, թվում է, զուտ մասնագիտականից բացի կարեւոր է մեկ այլ առումով եւս։ Դա ընթերցողի մտապատկերում հերթական եւ անհրաժեշտ հոգեղեն վերարթնացումն է Կորուսյալ Երկրիՙ իր երբեմնի բաբախուն կյանքով, որի դառն ողբերգությունը սեփական կյանքով ու ճակատագրով տեսած նշանավոր մտավորական-անհատներից մեկի մասին է այս գիրքը։

Երուխանի (Երվանդ Սրմաքեշխանլյան, 1870-1915) գրական ժառանգությունը մինչ այս առանձին մենագրության նյութ չի դարձել։ Գրողի ստեղծագործական աշխարհի «անոտնակոխ արահետներից» առավել կարեւորներին փոքրածավալ ուսումնասիրություններով անդրադարձել են գրականության պատմաբաններ Հ. Օշականը, Հ. Ճ. Սիրունին, Հ. Մարգարյանը, Ա. Հովհաննիսյանը, Ստ. Թոփչյանը, Եղ. Պետրոսյանը։ «Մեր ուսումնասիրությունը,- գրում է Հ. Հակոբջանյանը,- այդ գործի շարունակության մի համեստ փորձ է, որը տակավին հեռու է սպառիչ եւ ամբողջական լինելու հավակնությունից»։ Գրքի առաջին գլխում, որը նվիրված է Երուխանի կյանքին ու գրական-հասարակական գործունեությանը, ի դեմս անզուգական նորավիպագրի, հայ իրապաշտական արձակի երեւելի դեմքերից մեկի ներկայանում է նաեւ անվանի հրապարակախոսը, «կորովի եւ ժողովրդական խմբագրապետը» (Տիգրան Արփիարյան), մանկավարժը եւ թարգմանիչը։ Պոլսական միջավայրի ծնունդ մտավորական գործչի գրական-հասարակական էության, աշխարհայացքի, համակրությունների ձեւավորման մեջ մեծ դեր են կատարել «Արեւելք» օրաթերթը («Ինծի համար «Արեւելքը» դպրոց մը եղավ»,- հիշում է գրողը), «Հայրենիքը», «Մասիսը» եւ այլ պարբերականներ, որոնք այստեղ ազգային գրական ու մտավոր կյանքի կազմակերպման յուրատեսակ կենտրոններ էին։ Այդ դարի 80-90-ականների իր շատ սերնդակից գրագետների նման, որոնց հետ նա էլ ի վերջո պիտի համալրեր սեւ Եղեռնի անշիրիմ նահատակների մեծ փաղանգը, Երուխանը մինչ այդ վերապրել է 1895-96 թվականների համիդյան սարսափները, տասներկու տարվա հարկադրյալ տարագրությունն ու 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո վերադարձի հուսալից շրջանը, միշտ ծառայելով ազգային-հոգեւոր համախմբմանը, ընդհատված գրական շարժման բորբոքմանը, վերադարձից հետոՙ սկսված ազգային զարթոնքի ծավալմանը։

1905 թվականին, գտնվելով Ալեքսանդրիայում, նա պատմության փորձը վկայակոչելով գրում է. «Այն ազգերը միայն իրավունք ունին ապրելու, որոնք ընդդիմամարտության, տոկունության եւ զարգացման սքանչելի հատկությունները հզորապես հանդես կբերեն»։ Հասարակության առողջացման, ազգի արթնացման, նրա գեղագիտական ճաշակը կրթելու կարեւորագույն միջոց Երուխանը համարում էր թատրոնն ու գրականությունը։ Մեսրոպյան գրերի գյուտի 1500-ամյակի տոնակատարության առիթով, 1913 թվականին Խարբերդում ունեցած խորիմաստ ելույթում նա ասում է. «Առանց այդ տառերու գյուտին եւ առանց այդ գրականության, այս ցեղը շատունց թաղված էր գերեզմանին լռության մեջ Տառն ապրեցուց զմեզ։ Եւ գրականությունը կապրեցնե։ Մեր թշնամիները հափշտակեցին մեր հարստությունները, քանդեցին մեր տունն ու տեղը, մոխրի վրա նստեցուցին զմեզ,- բայց մազի չափ չկրցան վնասել մտքին, մեր այն սրբազան մասունքին, զոր ցեղին հանճարն արտադրած էր»։

Երուխանի գեղարվեստական ժառանգությունըՙ նրա նորավեպերն ու «Ամիրային աղջիկը» վեպը, որոնց նվիրված է Հակոբջանյանի ուսումնասիրության հիմնական մասը, գրականագետը վերլուծում է ժամանակի հասարակական ու գրական գործընթացների համապատկերում։ Արեւմտահայ ութսունականների (Արփ. Արփիարյան, Լ. Բաշալյան, Հրանդ, Տ. Կամսարական, Գր. Զոհրապ) կրտսեր գրչակիցը, գրում է մենագրության հեղինակը, ստեղծագործաբար յուրացրեց ու զարգացրեց իրապաշտական գրականության լավագույն ավանդույթներըՙ վեպն ու նորավեպը բարձրացնելով զարգացման նոր աստիճանի։ Գրող-նորավիպագրի գեղագիտական թերեւս ամենակարեւոր սկզբունքը, Հակոբջանյանի արտահայտությամբ, կյանքի փակ դռները անաղմուկ բացելն է, հասարակության ամենահետին խորշերը մտնելը, դիտելը, անշուք, խարխուլ տնակներում թշվառ գոյություն քարշ տվող մարդկանց հոգեբանության նրբին ծալքերում մարդկային արժեքներ, գեղեցկություն, կյանքի սեր, մարդկային անեղծ զգացմունքներ հայտնաբերելը։ Գրքում մեր առջեւ բացվում է խոնարհ դասերից ընտրված նրա հերոսների աշխարհը, որոնց Երուխանը նախապատվություն է տալիս հասարակության տարբեր շերտերը քննելիս։ Կյանքից օտարված, ծանր հոգնությունով իրենց հացը վաստակող այդ մարդիկ, որ ձկնորս են կամ ջրկիր, նավավար, լվացարարուհի, մանրավաճառ, արհեստավոր ու բեռնակիր, իրենց գեղեցիկ երազների, սիրո ու երջանկության բնական ձգտումների ճանապարհին հաճախ կործանվում ենՙ հասարակության անարդար կառույցի, հոգու այն ճգնաժամի պատճառով, «ուր բարոյական ճշմարտությունն անզոր է սոցիալական ճշմարտության հանդեպ»... Շեշտադրումներ, որոնք, թվում է, խորթ չեն նաեւ մեր այսօրվա իրականությանը։

Մենագրության մեջ առանձին գլխով ներկայացվում են հայ հասարակական կյանքի գլխավոր խոցերից մեկիՙ պանդխտության թեմայով նորավեպերը։ Բավական մանրակրկիտ վերլուծվում է «Ամիրային աղջիկը» վեպը, նրա կերպարաշարը, որը Երուխանի կողմից հասարակության սոցիալական կառուցվածքի քննության շարունակությունն է, բուրժուական վերնախավերի արատների, բարոյազրկության անխնա մերկացում ու քննադատություն։

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4