«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2004-01-13 | #2, 2004-01-14 | #3, 2004-01-15


ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՔԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՉԱՐԻՔԻ ԴԵՄ

ՀՀ վարչապետի 2001 թվականի հունվարի 22-ի թիվ 44 որոշմամբ ստեղծվեց ՀՀ կառավարության հակակոռուպցիոն աշխատանքները համակարգող հանձնաժողով։ Հանձնաժողովի հայեցակարգն արժանացավ միջազգային կազմակերպությունների հավանությանը, Համաշխարհային բանկի տրամադրած նպատակային դրամաշնորհների շրջանակներում մշակվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարություն։ Իսկ 2003 թ. նոյեմբերի 6-ի թիվ 1522-Ն որոշմամբ հաստատվեց Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման միջոցառումների ծրագիրը։ Նույն թվականի դեկտեմբերի 1-ին այն վավերացվեց ՀՀ նախագահի կողմից։

Հակակոռուպցիոն ռազմավարության նպատակը կոռուպցիայի հաղթահարումն է, այն ծնող եւ դրա տարածումը խթանող պատճառների ու պայմանների վերացումը, հանրապետությունում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի ձեւավորումը։ Դա իր հերթին կոչված է նպաստել ժողովրդավարական ինստիտուտների, քաղաքացիական հասարակության եւ իրավական պետության հիմնավոր հաստատմանը, ազատ տնտեսական մրցակցությանը, տնտեսության զարգացմանն ու աղքատության նվազեցմանը։

Կոռուպցիայի դեմ պայքարի առանցքային դրույթներն է պարզաբանում ՀՀ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանը։

¬ Պարոն Եսայան, հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի ընդունումը երկար սպասված դրական փաստ է։ Ձեր գնահատմամբ, որքանո՞վ են արդյունավետ կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված քայլերը։

¬ Կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված քայլերը բնավ չեն սկսվել ռազմավարության ընդունումից հետո, կամ դրանով չեն պայմանավորված եղել։ Կառավարության վերջին տարիների ամբողջ գործունեության ընթացքում թե՛ օրենսդրական նախաձեռնությունների, թե՛ տարբեր ոլորտների կանոնակարգման ընթացքում կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված քայլերը միշտ էլ եղել են առաջնային։ Պետք է ասել, որ վերջին շրջանում այդ գործընթացը շարունակական բնույթ է ունեցել տարբեր ոլորտների կարգավորման առումով։ Այլ հարց է, թե Հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի ընդունումից հետո այս քայլերը ավելի համակարգված եւ նպատակաուղղված կդառնան։ Կա հստակ միջոցառումների ժամանակացույցՙ ծրագրում ամրագրված է, ե՞րբ եւ ինչպիսի՞ օրենսդրական փաստաթղթեր պետք է ընդունվեն։ Այնպես որ, գործը վաղուց է սկսվել։ Ուղղակի Հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի ընդունումը նշանավորում է նոր փուլի մեկնարկ։ Եվ այս փուլից սկսվում է ավելի համակարգված պայքար կոռուպցիայի կանխարգելման եւ սահմանափակման ուղղությամբ։

¬ Հանրապետության ո՞ր ոլորտներում են այժմ կոռուպցիայի միտումները ցայտուն արտահայտված։ Ի՞նչ կարող եք ասել դրանց պատճառների մասին։

¬ Իմ հրապարակային ելույթներում արդեն մի քանի անգամ նշել եմ, որ մենք խնդիր չունենք բացահայտելու, թե ո՛ր ոլորտներն են ավելի կամ պակաս կոռումպացված։ Մեր խնդիրն այլ էՙ ուսումնասիրել տարբեր ոլորտներում կոռուպցիայի դրսեւորման ձեւերը, դրանց կանխարգելմանն ուղղված հստակ առաջարկներ մշակել եւ այդ առաջարկները ներկայացնել ՀՀ նախագահին։ Ասեմ, որ կրթության եւ առողջապահության ոլորտներում այդ ուսումնասիրություններն արդեն որոշակի փուլ անցել են, եւ մենք պատրաստ ենք ներկայացնել հանրությանը մեր առաջին առաջարկները։ Բարեբախտաբար, այս ոլորտներում կոռուպցիոն միտումները շատ ցայտուն չեն, եւ դաշտը համեմատաբար փոքր է, սակայն իր կարեւորությամբ այդ դաշտը չի զիջում բոլոր մնացած ոլորտներին. այստեղ գործ ունենք մեր ժողովրդի առօրյա կյանքի հոգեւոր եւ ֆիզիկական առողջության հիմնախնդիրների հետ։ Հուսով եմ, որ այս ուղղությամբ որոշակի արդյունքներ զգալի կլինեն արդեն առաջիկա ամիսներին։ Ինչ վերաբերում է ոլորտների օրենսդրական եւ ենթաօրենսդրական կանոնակարգմանը, ապա հստակ հակակոռուպցիոն ուղղվածության որոշակի առաջարկներ արդեն մշակվել են։ Կջանանք, որպեսզի այդ ուղղությամբ աստիճանաբար նոր դրական տեղաշարժեր գրանցվեն։

¬ Հայտնի է, որ շատ ավելի արդյունավետ եւ ավելի հեշտ է հիվանդությունը կանխել, քան պայքարել դրա հետեւանքների դեմ։ Այդ առումով, ինչպե՞ս է կոռուպցիայի վիճակը Հայաստանում։

¬ Լիովին համաձայն եմՙ ավելի հեշտ է մշակել կանխարգելիչ, քան պատժիչ միջոցառումներ, եւ դա ավելի արդյունավետ է լինում։ Ինչ վերաբերում է Ծրագրում ամրագրված միջոցառումներին, ապա իմ պարտականությունների մեջ է մտնում օրենսդրական դաշտի կարգավորման բնագավառում համապատասխան կոռուպցիոն «սողանցքների» բացահայտումն ու դրանց վերացումը։ Այնպես որ ՀՀ նախագահի խորհրդականն ու իր գրասենյակն այդ ուղղությամբ հստակ պարտականություններ ունեն։

Անշուշտ, կոռուպցիան կանխարգելելու հիմնահարցում մեծ է նաեւ հասարակության դերը։ Քաղաքացիական հասարակությունը պետք է գիտակցի իր պատասխանատվությունըՙ իշխանությունների կողմից գրվող եւ ընդունվող օրենքների հստակ կիրառման առումով։ Ցավոք, մեզ մոտ խորհրդային ժամանակաշրջանում լիարժեք քաղաքացիական հասարակություն այդպես էլ չձեւավորվեց։ Եղել է կառավարման առումով ծրագրված հասարակություն, եւ օրենքների կատարման վերահսկողության համար պատասխանատու էին միայն իշխանության մարմինները, հասարակությունն անմասն էր։ Այսօր մենք նման պրոբլեմ ունենք։ Պիտի փորձենք հասարակությանն ամբողջությամբ ներգրավել կոռուպցիայի դեմ ծավալվող պայքարում։ Պետք է զարգացնել քաղաքացիական հասարակության ձեւավորվող տարրերը, հասարակությանը տալ գործունեության համապատասխան դաշտն ու շրջանակները։

Անհրաժեշտ է ձեւավորել մեխանիզմներ, որոնց միջոցով մեր հասարակությունը վերահսկի օրենքների կատարումը պետական մարմինների կողմից։

¬ Ըստ Ձեզ, վերահսկողության իրականացման ի՞նչ մեխանիզմներ կան։

¬ Կարող եմ ասել, որ իշխանության կողմից քաղաքական կամքն արդեն դրսեւորվել է. ՀՀ նախագահը, Կառավարությունը, Ազգային ժողովն իրենց գործունեության մեջ Հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի իրականացումը դասում են առաջնահերթ ուղղությունների շարքում։ Դա արդեն վկայում է այն մասին, որ իշխանությունները պատրաստակամ են այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր անելու։

Մեր ուսումնասիրությունների ընթացքում փորձում ենք գործունեության դաշտ ապահովել նաեւ հասարակական կազմակերպությունների համար, քանզի դրանք հասարակության ինքնակազմակերպման ձեւ են եւ հանդիսանում են քաղաքացիական հասարակության կարեւորագույն բաղկացուցիչ մաս։ Կոռուպցիայի դեմ պայքարում շատ ենք կարեւորում նաեւ չորրորդ իշխանության դերը։ Մամուլը պետք է անաչառորեն, անկախ այսօրվա քաղաքական շահից, վեր հանի առկա հիմնախնդիրները, խոցելի կետերըՙ կոռուպցիոն ռիսկերը բացահայտելու առումով։ Պետք է հստակ տրամադրվածություն լինիՙ ձեւավորել սերտ համագործակցություն մի կողմից իշխանությունների, մյուս կողմից հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների միջեւ։

- Եվրոպական խորհրդի համակարգում գործող «Կոռուպցիայի դեմ երկրների խմբի» (GRECO-ԳՐԵԿՈ) շրջանակներում հունվարի 19-20-ին Երեւանում տեղի կունենա միջազգային համաժողով։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ գործընթացից։

¬ ԳՐԵԿՈ-ին անդամակցումն ամրագրված է կառավարության կողմից հավանության արժանացած Հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրում։ Վստահորեն կարելի է ասել, որ արդեն 2004 թվականին Հայաստանը կդառնա այդ համաձայնագրի անդամ պետություն։ Այսօր ԳՐԵԿՈ-ի համաձայնագրին անդամակցում են Եվրոպայի 35 երկրներ (35-րդը 2004թ. հունվարի 1-ից դարձավ Թուրքիան) եւ ԱՄՆ-ը։ Երեւանում կազմակերպվելիք համաժողովին, որի թեման է «Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն գործիքները», կմասնակցի ԳՐԵԿՈ-ի գործադիր տնօրեն Մանուել Լեզերտուան։ Այդ ճանաչողական սեմինարի ընթացքում միջազգային փորձագետների կողմից կներկայացվեն ԵԽ-ի մոտեցումները կոռուպցիայի հարցերին, խմբի անդամ պետություններում ԳՐԵԿՈ-ի կողմից իրականացվող մոնիտորինգի մեխանիզմները, Եվրոպայի Խորհրդի հակակոռուպցիոն կոնվենցիաները եւ այլն։ Ընդհանրապես, մեր պետական մարմինների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն առաջին անգամ հնարավորություն կունենան ծանոթանալ այդ համաձայնագրի գործունեության սկզբունքներին։ Իմ կարծիքով, Հայաստանը, անդամակցելով ԳՐԵԿՈ-ի համաձայնագրին, հնարավորություն կստանա իր համար սահմանել այն չափորոշիչները, որոնց ուղղությամբ երկիրը պետք է նպատակաուղղված աշխատանք տանի։ Ըստ ձեռք բերված համաձայնության, մեր երկրի Հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիրը ներկայացվելու է նաեւ ԵԽ փորձագետներինՙ համապատասխան առաջարկներ ստանալու համար։ Դրանից հետո մեկ անգամ եւս կանդրադառնանք ծրագրինՙ այն ավելի նպատակաուղղված դարձնելու համար։

Կարծում եմ, որ եվրոպական այս կառույցի հետ համագործակցությունը շատ ավելի նպատակաուղղված կդարձնի այն քաղաքական կամքը, որը դրսեւորվել է Հայաստանի իշխանությունների կողմից Եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու, իսկ մեծ առումովՙ երկիրը եվրոպականացնելու համար։

¬ Այդուհանդեձ, ո՞ր դեպքում Հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիրը հաջողություն կունենա։

¬ Ամենակարեւորը. իշխանությունները պարտավոր են ցուցաբերել հրապարակայնորեն աշխատելու կամք։ Որքանով ընդունվող որոշումներն ու դրանց իրականացման մեխանիզմները հասանելի լինեն հասարակությանը, այնքանով կհաջողվի նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը։ Սակայն, մյուս կողմից, եթե իշխանության համակարգում հասարակության համար բաց աշխատելու համապատասխան մեխանիզմները ստեղծված չեն, իշխանությունները պետք է մշտապես գտնվեն ՀԿ-ների, ԶԼՄ-ների ճնշման տակ։

Ռիմա ԵԳԱՆՅԱՆ

Հրապարակվում է ՀՀ Հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի իրազեկման գործընթացի շրջանակում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4