«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2004-01-13 | #2, 2004-01-14 | #3, 2004-01-15


ԿԱԽԱՐԴՎԱԾ ՎԵՐԵՎՆԵՐԻՑ

Անցյալ տարին հեռուստաեթերի համար նշանավորվեց բազմաթիվ փոփոխություններովՙ կայացած հեռուստահաճախականությունների մրցույթների արդյունքում մի շարք կապուղիներ ձեռք բերեցին նոր տերեր, որոշ հեռուստաընկերություններ պահպանեցին հեռարձակվելու հնարավորությունը։ Իհարկե, արձանագրել, որ ընդհանուր առմամբ եթերը շահեց այդ փոփոխություններից, առայժմ դժվար է։ Այդուհանդերձ նշենք, որ կարծես թե որակը հեռուստաեթերին հետեւող պատկան մարմինների աչքից վրիպում է։

Անցյալ տարին հեռուստատեսային կապուղիների մրցույթներին մասնակցելու առումով բուռն էր «Ա1+»-ի համար, բուռն, բայց ոչ արդյունավետ. տարեմուտին տեղի ունեցած հերթական մրցույթը հերթական անգամ «Ա1+»-ի համար անհաջողությամբ պսակվեց։ Նույնիսկ նախանձել կարելի է «Ա1+»-ի եւ Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովի համբերությանը։ Մեկը համառորեն ցանկանում է կրկին եթերում հայտնվել, մյուսն էլՙ համառորեն հրաժարվում է այդ հնարավորությունն ընձեռել։ Ինչո՞ւ է նման վճռականություն դրսեւորվում։ Հարցին կարելի է տալ տարբեր պատասխաններ. «Ա1+»-ի մրցութային առաջարկն իսկապես թույլ է, հանձնաժողովը դարձել է սեփական կամ հայրենի իշխանությունների սկզբունքայնության գերին։ Իսկ գուցե նման իրավիճակը ձեռնտու է երկու կողմերին էլ։

Պատասխանի առաջին տարբերակն ակամա նոր հարցեր է առաջ քաշում։ Ինչ չափանիշներով է իրականում առաջնորդվում ՀՌԱՀ-ը, քանի որ եթերում հաղթող ընկերությունների առավելություններն աչքի չեն ընկնում։ Ի վերջո մրցութային խոստումնալից առաջարկից բացի ցանկալի է, որ հասարակ հեռուստադիտողը գնահատական տա։ Այս հրապարակմամբ ամենեւին էլ նպատակ չունենք պնդելու, թե «Ա1+»-ն իր ներկայությամբ հեռուստատեսային դաշտում որակական լուրջ փոփոխություն էր մտցնում, ավելինՙ կարծում ենք, որ անհարկի աղմուկ բարձրացավ այս հեռուստաընկերության շուրջ, «Ա1+»-ը գրեթե «համաշխարհային» ճանաչում ստացավ, եւ այս խնդիրը նույնիսկ շահարկումների տեղիք տվեց։

Վերջերս Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի նիստին, երբ քննարկվում էր Հայաստանի ստանձնած պարտավորությունների եւ Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ընթացքը, ադրբեջանական կողմն օգտագործեց «Ա1+»-ի հարցը։ Մի երկրում, որտեղ խոսքի ազատությունն ընդամենը բարձրագոչ խոսք է, որը ոչ ազատ երկրների ցանկում է ընդգրկված, եվրոպական ատյաններում բարձրացնում է այլ երկրներում փակված հեռուստաընկերության հարցը։

Իսկ ի՞նչ տեղի ունեցավ վերջին մրցույթի ժամանակ։ 56-րդ կապուղով հեռարձակվելու իրավունք ստացավ «Երկիր մեդիան»։

Միանշանակ պետք է հաստատել մամուլում արտահայտված կարծիքն այն մասին, որ «Երկիր մեդիան» ՀՅԴաշնակցության հեռուստատեսությունն է լինելու Հայաստանում։ Փաստը ոչ միայն դրա հիմնադիրների եւ մասնակիցների անուններն ենՙ «Հուսաբեր», «Ասպարեզ», «Հորիզոն», ռադիո «Այբ» եւ «Երկիր», այլեւ այն վճռականությունը, որով ՀՌԱՀ-ը, կարծես վերեւներից կախարդված, ընդունեց «Երկիր մեդիայի» համար նպաստավոր որոշումը։

Իրադարձություններից առաջ չընկնենք եւ հուսանք, որ նոր հեռուստաընկերությունը եթեր մտնելով դաշտն ավելի հետաքրքրական կդարձնի։ Սա ցույց կտա ժամանակը։ Սակայն արդեն իսկ պարզ է, որ եթերում հայտնվելու է իշխանությունների կողմից վերահսկելի եւս մի լրատվամիջոց, ինչպես նախորդ հեռուստատեսային մրցույթներում հաղթած ընկերությունները (թեեւ ինչպես ՀՅԴ-ն, «Երկիր մեդիան» եւս անկանխատեսելի կլինի)։ Երկրի իշխանությունները հստակ գիտակցում են լրատվամիջոցների, հատկապես հեռուստատեսության կարեւորությունը, եւ բացառված չէ, որ մեր երկրում էլ խոսքի ազատության մասին պնդումներն ընդամենը բարձրագոչ խոսքեր մնան։

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4