«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2004-01-15 | #4, 2004-01-16 | #5, 2004-01-17


«ՈՍԿԵ ԳՐԻՉ» ՄՐՑՈՒՅԹԻ 2003 Թ. ՀԱՂԹՈՂՆԵՐՆ ՍՏԱՑԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հայաստանի Ժուռնալիստների միության նախաձեռնությամբ երկու տարի պարբերականությամբ անցկացվող «Ոսկե գրիչ» մրցույթի 2003 թ. հաղթողներին հունվարի 16-ին «Աստաֆյան» սրահում հանձնվեցին մրցանակները եւ վկայականները։

«Ոսկե գրիչ» մրցույթի 2003 թ. դափնեկրի կոչմանն են արժանացել. Արփեն Մովսիսյանըՙ ազգային, մշակութային արժեքներին, գրականության, մշակույթի երախտավորներին նվիրված «Շրջադարձ» հեղինակային ծրագրի համար (Հայաստանի Հանրային հեռուստատեսություն), Գրիգոր Ջանիկյանըՙ «Հայ զինվոր» թերթում եւ հանրապետական մամուլում տպագրված լավագույն հրապարակախոսական հոդվածների, ինչպես նաեւ «Արեւմտահայաստան» մատենաշարի համար, հեռուստալրագրող Ռոբերտ Մավիսակալյանը (հետմահու)ՙ հեռուստահրապարակախոսական հաղորդումների համար («Արմենիա» հեռուստաընկերություն)։

Մրցույթի հանձնաժողովի նախագահըՙ լրագրող, հրապարակախոս Մարգո Ղուկասյանը նշեց, որ նախորդ տարիների համեմատ այս անգամ հայտերը պակաս են եղել։ Նրա խոսքերով, դափնեկիրներն ընտրվել են լրագրողական վարպետության, խոսքի գեղարվեստականության, արդիական խնդիրների վերհանման եւ արծարծման համար։

Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանի խոսքերով, այսօր առավել քան երբեւէ մամուլը կարիք ունի ճշգրիտ լրատվության եւ անաչառ խոսքի։ Նա հորդորեց սկսնակ լրագրողներին իրենց գործունեության ընթացքում առաջնորդվել ազնվությամբ ու սկզբունքայնությամբ։

Բացի այդ, «Ոսկե գրիչ»-ներ եւ վկայականներ հանձնվեցին նախկինում արդեն այդ մրցանակին արժանացած 25 դափնեկիրների, որոնցից շատերն արդեն հեռացել են կյանքիցՙ Վարդգես Պետրոսյան, Սուրեն Վահունի, Սամվել Շահմուրադյան եւ այլք։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4