«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2004-01-15 | #4, 2004-01-16 | #5, 2004-01-17


ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԲԱԺՆԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

Այս ամիս մենք կպատասխանենք ԱՄՆ հյուպատոսական առաքելությանն առնչվող հարցերին։

- Ինչո՞վ է պայմանավորված մուտքի արտոնագիր ունենալու անհրաժեշտությունը ԱՄՆ մեկնելու համար։ Չէ՞ որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ազատ երկիր է։

- Միացյալ Նահանգներն ունի աշխարհի ամենաազատական ներգաղթային կանոնակարգը։ ԱՄՆ-ի հիմնական ուժը պայմանավորված է ներգաղթի շնորհիվ Միացյալ Նահանգներ բերված ազգային բազմազանությամբ։ Համենայն դեպս, Միացյալ Նահանգներին, ինչպես երկրագնդի մյուս պետություններին, իրավունք է վերապահված կարգավորել երկիր մուտք գործողների ներհոսքն ու արտահոսքը։ Կան մի քանի պատճառներ, որոնք պարտադրում են Միացյալ Նահանգներին կարգավորել ներգաղթը։ Առաջինՙ ներգաղթի կարգավորման շնորհիվ ԱՄՆ կառավարությունն ապահովում է անհրաժեշտ քանակի աշխատատեղեր իր քաղաքացիների համար։ Երկրորդՙ ԱՄՆ ներգաղթային օրենքները նպաստում են նաեւ սոցիալական համակարգի պաշտպանությանը (օր.ՙ թոշակներ, բուժօգնություն եւ այլն)։ Այս համակարգը նախատեսված է ապահովելու ԱՄՆ քաղաքացիների իրական ֆինանսական կարիքները եւ անհրաժեշտ բուժօգնությունը։ Միացյալ Նահանգները միջոցներ չունի բավարարելու օտարերկրացիների սոցիալական կարիքները։

- Ինչո՞ւ պետք է ոչ ներգաղթային արտոնագրի դիմում ներկայացնելու համար վճարել ԱՄՆ 100 դոլար։

- Միացյալ Նահանգները կիրառում է «հակադարձ գանձման» համակարգըՙ որոշելու համար տարբեր ազգերի ներկայացուցիչներից մուտքի արտոնագրի համար գանձվող գումարի չափը։ Ենթադրենք X երկրի կառավարությունը մուտքի արտոնագիր տրամադրելու համար ԱՄՆ քաղաքացիներից գանձում է ԱՄՆ 50 դոլար, համապատասխանաբար ԱՄՆ կառավարությունը տվյալ երկրի քաղաքացիներին մուտքի արտոնագիր տրամադրելու համար գանձում է նույնպես ԱՄՆ 50 դոլար, ինչը ենթադրում է, որ ԱՄՆ մուտքի արտոնագիր տրամադրելու համար տարբեր ազգերի ներկայացուցիչներից գանձվում են տարբեր գումարներ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեպքում ԱՄՆ 100 դոլար է, քանի որ գործնական եւ զբոսաշրջության համար սովորական մուտքի արտոնագիրը թույլատրում է Միացյալ Նահանգներում մնալ վեց ամիս։ Մոտավորապես նույն գումարն են վճարում ԱՄՆ քաղաքացիները վեց ամիս Հայաստանում մնալու թույլատրություն ստանալու համար։

- ԱՄՆ մուտքի արտոնագրի իմ դիմումը մերժվել է։ Կարո՞ղ եմ արդյոք նորից դիմել։

- Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ցանկացած ժամանակ կարող են դիմել ԱՄՆ մուտքի արտոնագրի համար, եթե նույնիսկ նախկինում մերժվել է նրանց դիմումը։ Ինչեւէ, կան մի քանի գործոններ, որոնք պետք է նկատի ունենալՙ նախքան վերստին դիմելու որոշում կայացնելը։ Մուտքի արտոնագիր ստանալու համար դիմորդն ինքը պետք է բավարար ապացույցներ ներկայացնի հարցազրույցը վարող հյուպատոսին առ այն, որ ինքը վերադառնալու է Հայաստան ԱՄՆ կատարելիք ճամփորդությունից հետո։ Եթե դուք նախկինում մերժվել եք, ամենայն հավանականությամբ չեք կարողացել ներկայացնել բավարար փաստարկներ համոզիչ դարձնելու Ձեր վերադարձը։

Նախքան վերստին դիմելը, պետք է լրջորեն վերանայեք գործը եւ որոշեք, թե ինչ լրացուցիչ տեղեկություններ կարող եք ներկայացնել հյուպատոսին, որպեսզի ապացուցեք, որ դուք վերադառնալու եք Հայաստան։ Դժբախտաբար շատ դիմորդներ, ովքեր նախկինում մերժվել են, սպասում են մի քանի ամիս եւ կրկին դիմում, մինչդեռ ոչ մի նոր փաստ կամ իրողություն չունեն ներկայացնելու։ Իրականում սա ժամանակի կորուստ է թե դիմորդի եւ թե հյուպատոսի համար, էլ չենք խոսում գումարի մասին։

- Արդյոք ոչ ներգաղթային արտոնագրի դիմում ներկայացնելու համար անհրաժե՞շտ է ԱՄՆ-ից հրավեր ունենալ։

- Չնայած մեծ թվով դիմորդներ իրենց հետ հարցազրուցի են բերում ստորագրված կամ նոտարապես վավերացված հրավերներ, սակայն, հակառակ հայտնի կարծիքի, պետք է նշել, որ հրավերը, լինի դա նոտարապես վավերացված թե ոչ, երաշխիք կամ հիմք չէ մուտքի արտոնագիր ստանալու համար։ Համաձայն ԱՄՆ ներգաղթային օրենքիՙ ապացուցման ծանրությունը դիմորդի վրա է, եւ ոչ այլ ոք, քան դիմորդը պետք է ապացուցի, որ վերադառնալու է Միացյալ Նահանգներ կատարելիք ճամփորդությունից հետո։ Սակայն ԱՄՆ-ից ուղարկված հրավերը չի ապահովում այս պահանջը։

ՀՀ-ում ԱՄՆ հյուպատոսություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4