Դավիթ Շահնազարյան. «Հայաստանի արտաքին քաղաքականությունը դատապարտված է»
ՀՀՇ վարչության անդամ Դավիթ Շահնազարյանը շաբաթ օրը «Ազդակ» ակումբում հայտարարեց, թե Հայաստանի արտաքին քաղաքականությունը դատապարտված է եւ «դա շարունակվելու է, քանի դեռ ներկա իշխանությունները չեն հեռացվել»։ Հայաստանի անվտանգության ծառայության նախկին ղեկավարի կարծիքով, «Հայաստանն իր անվտանգությունը կապում է միմիայն Ռուսաստանի, մեր երկրում ռուսական ռազմակայանների հետ», «Հայաստանը բացարձակապես կորցրել է ինքնուրույնությունը», ավելինՙ «ներկա իշխանությունները հրահանգավորվում են Մոսկվայից, Հայաստանը վասալի դեր է կատարում», իսկ «Ռուսաստանը ապակայունության լուրջ գործոն է տարածաշրջանում»։ Նա նշեց, թե Հայաստանը Ռուսաստանի ձեռքում մահակ է Վրաստանի դեմ եւ մանրադրամ Մոսկվա-Բաքու հարաբերություններում։ «Տարածաշրջանում բաժանարար գծերն անցնում են Հայաստանի պետական սահմաններով», ասաց բանախոսը, հավելելով, որ ներկա իշխանությունները վարում են հակավրացական քաղաքականություն, ինչը «մենք դատապարտում ենք»։
Որպես հակավրացական քաղաքականության օրինակներ Շահնազարյանը նշեց երկու օրինակ. իշխանական կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ առաջնորդներից Վահան Հովհաննիսյանը հայ-վրացական սահմանը որակել էր ճակատ, իսկ Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից առաջ պաշտոնական Երեւանը «սեպարատ բանակցությունների մեջ էր մտել Աջարիայի իշխանությունների հետ»։
Նա Հայաստանի արտաքին քաղաքականության ձախողումներից մեկը համարեց հունվարի 7-ին Փարիզում կայացած Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովիՙ Հայաստանի վերաբերյալ ամփոփիչ զեկույցը, որում անուղղակիորեն Լեռնային Ղարաբաղը ձեւակերպվում է Հայաստանի կողմից գրավյալ տարածք, ավելի հստակ. «Որեւէ առաջընթաց չի արձանագրվել կապված ԼՂ հակամարտության լուծման եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքների հետ»։
Շահնազարյանը ժամանակին եղել է ԼՂ հակամարտության կարգավորման բանագնաց եւ պնդում է, որ ԼՂ հարցը վերածվել է Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի, ինչի պատճառով Երեւանին սպասում են տհաճություններ։ «Քոչարյան- Ալիեւ հանդիպումները տանում են փակուղի, մենք դատապարտել եւ դատապարտում ենք նման ֆորմատով բանակցությունները։ Դրանք ոչ թե բանակցություններ են, այլ բանակցությունների իմիտացիա, որոնք ձեռնտու էին Քոչարյանին եւ Ալիեւին», ասաց Շահնազարյանը։
Նա հերթական անգամ շեշտեց, որ ԼՂ հիմնահարցը նենգափոխվել է Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի, ինչը վտանգավոր է թե՛ Հայաստանի, թե՛ ԼՂ-ի համար, եւ ԼՂ-ն փաստորեն դուրս է մնացել բանակցային գործընթացից։
Վարդան Օսկանյան. «2004 թ. Հայաստանը կշարունակի փոխլրացման արտաքին քաղաքականությունը»
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը օրերս հրավիրած ասուլիսում նշեց, որ 2004 թ. Երեւանը շարունակելու է փոխլրացման (կոմպլեմենտար) արտաքին քաղաքականությունը։ Օսկանյանը հերքեց ընդդիմության պնդումները, թե Հայաստանը մեկուսացվել է։
«2003 թ. մեր երկրում անցած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները եւս մի փուլ էին ժողովրդավարական ինստիտուտների եւ քաղաքացիական հասարակության կայացման ճանապարհին։ Ամրապնդվեց երկրի հեղինակությունը որպես կայուն եւ հուսալի պետության եւ գործընկերոջ», ասաց Օսկանյանը։
ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը նշեց, որ «Հայաստան-Ռուսաստան ռազմավարական գործընկերությունը մեր երկրի տնտեսական առաջընթացի եւ անվտանգության ապահովման կարեւոր գործոնն է»։
«Հայաստան-Վրաստան բարիդրացիական հարաբերությունները տարածաշրջանային կայունության ամենակարեւոր բաղադրիչներից են», ասաց Օսկանյանը, հավելելով, որ «մենք ողջունում ենք Վրաստանի նորընտիր իշխանություններին եւ պատրաստ ենք նրանց հետ սերտորեն աշխատելու, համոզված ենք, որ բազմաբնույթ համագործակցությունը մեր երկրների միջեւ շարունակվելու է զարգանալ բնականոն հունով»։
Օսկանյանը ՀՀ արտաքին քաղաքականության ձեռքբերումները թվարկելիս խորհուրդ տվեց կարդալ միջազգային երեք հաշվետվություն։ Այսպես, 2003 թ. «Transparency International» կազմակերպության տվյալներով աշխարհի 133 երկրների մեջ Հայաստանն ամենաքիչ կոռումպացվածն է ԱՊՀ երկրների շարքումՙ զբաղեցնելով 74-րդ տեղը, մինչդեռ մեր հարեւաններ Վրաստանն ու Ադրբեջանը զբաղեցնում են 7-րդ եւ 9-րդ տեղերըՙ կոռումպացվածության չափերով իրենցից առաջ թողնելով միայն երրորդ աշխարհի երկրներինՙ Բանգլադեշ, Նիգերիա, Հաիթի, Պարագվայ, Մյանմար, Տաջիկստան եւ Կամերուն։
«Freedom House» կազմակերպության տվյալներով, քաղաքական եւ քաղաքացիական ազատությունների առումով Հայաստանը որակվել է «մասնակի ազատ» պետությունՙ չզիջելով ԱՊՀ եւ ոչ մի երկրի։
«Heritage Foundation»-ի հաշվարկներով Հայաստանը տնտեսական ռեժիմի առումով համարվել է «մասնակի ազատ» պետություն եւ Ֆրանսիայի հետ կիսել է 44-րդ հորիզոնականը, իրենից հետ թողնելով ԱՊՀ բոլոր երկրներին։
ՀՀ ներկա իշխանությունները համաձայն չեն այն տեսակետին, թե ԼՂ հարցը վերածվել է Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի, եւ «Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների Ժնեւում կայացած առաջին հանդիպումը կարելի է համարել հուսադրողՙ երկխոսությունը շարունակելու հնարավորության առումով»։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ