Վերջերս, Սլավա Սարգսյանի հեղինակությամբ, Երեւանում հրատարակվել է ԼՂՀ պատմաճարտարապետական հուշարձանների քարտեզը։ Այն ընդգրկում է Արցախի (նաեւՙ ազատագրված տարածքների) պատմական հուշարձանները։
Հեղինակըՙ ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարության հուշարձանների պահպանության եւ ուսումնասիրման վարչության պետ Սլավա Սարգսյանը, նշելով քարտեզի պատմաքաղաքական նշանակությունը, միաժամանակ կարեւորել է քարտեզաստեղծման ձեռնարկումն այն տեսանկյունից, որ նման քարտեզի հրատարակումը յուրօրինակ պատասխան է ադրբեջանցի վայ-պատմաբաններին, որոնք պարբերաբար խեղաթյուրում են պատմական իրողությունները։
Քարտեզն առայժմ լույս է տեսել հայերեն, սակայն նախատեսվում է առաջիկայում տպագրել նաեւ դրա անգլերեն տարբերակը, որպեսզի ԼՂՀ տարածքի պատմամշակութային հարստություններին իրազեկ լինեն նաեւ օտարները։
Ըստ Ս. Սարգսյանի, մտադրություն կա կազմել նաեւ Արցախի պատմական տեղանունների քարտեզը, որը, հավանական է, լույս տեսնի Ստեփանակերտումՙ նորաստեղծ գրահրատարակչության կողմից։ Գրահրատարակչությունը գործելու է ԿՄՍ նախարարությանը կից, որի գործունեության իրականացման համար 2004 թ. պետբյուջեով նախատեսվել է 12 մլն դրամ։
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ