Ուղղափառ արմատականությունը տեղի չի՞ տա Վրաստանում
Հունվարի 25-ին Վրաստանում տեղի է ունենալու նորընտիր նախագահ, 36-ամյա Միխայիլ Սաակաշվիլու երդմնակարության արարողությունը։ Ըստ վրացական մամուլի, «թավշյա» նախագահին օրհնելու է Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարք Իլիա Երկրորդը։ Ընդ որում, նա Սաակաշվիլուն օրհնելու է ոչ թե Թբիլիսիի Սիոնի տաճարում կամ Մցխեթում, այլ Արեւմտյան Վրաստանի Գելաթի վանքում, որտեղ թաղված է Վրաստանի թագավոր Դավիթ Շինարարը։
Վերադառնալով Թբիլիսի, Սաակաշվիլին խորհրդարանի շենքի վրա կբարձրացնի վրացական նոր դրոշը (նախագահն արդեն հայտարարել է, որ չի աշխատի Շեւարդնաձեի գրասենյակում), ապա խորհրդարանի շենքում աջը կդնի Աստվածաշնչի վրա, ծնկի կգա ու կհամբուրի պետական նոր դրոշը։
Վրաստանի խորհրդարանը հունվարի 14-ին 147 կողմ եւ 1 դեմ քվեներով օրենք ընդունեց երկրի նոր պետական դրոշի մասին։ Երկրի խորհրդանիշներից մեկըՙ նոր դրոշը, այնքան էլ նոր չէ։ Երբ 2001 թ. Սաակաշվիլին գժտվեց Շեւարդնաձեի հետ, ապա իր համախոհների հետ հիմնադրեց «Միացյալ ազգային շարժումը», կուսակցությունն ընտրեց ճերմակ կտավի վրա պատկերված հինգ ուղղափառ խաչերով դրոշըՙ չորսը եզրերին եւ մեկըՙ առավել մեծը, կենտրոնում։ Ահա այս դրոշն է փոխարինելու մենշեւիկյան Վրաստանի (1918-1921 թթ.) եւ ԽՍՀՄ-ից անկախացած Վրաստանի եռագույնինՙ սպիտակ, մուգ կարմիր եւ սեւ։
«Վարդյա» եռյակըՙ Սաակաշվիլին, Զուրաբ Ժվանիան եւ Նինո Բուրջանաձենՙ հնգախաչ դրոշի ներքո տապալեց Էդուարդ Շեւարդնաձեին, եւ նրանց պնդմամբՙ հենց այդ դրոշն էլ պետք է դառնա նոր Վրաստանի խորհրդանիշը, մինչդեռ նախկին դրոշի սեւ գույնը սգո տպավորություն էր թողնում, «այդ պատճառով էլ Վրաստանը կորցրեց Աբխազիան ու Ցխինվալի շրջանը»։
Հին դրոշը նորով փոխարինելը տեւեց մի քանի ժամ, խորհրդարանում չեղան լուրջ քննարկումներ, լուսանցքային տեղ տրվեց վրաց մտավորականության, երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների կարծիքին, մի խոսքով, պետության խորհրդանիշներից կարեւորագույնն ընդունվեց հեղափոխական տրամադրությամբ։
Խորհրդարանի հայ եւ ադրբեջանցի պատգամավորներ Վան Բայբուրթյանը, Ռամիզ Բաքիրովն ընդունելի համարեցին հնգախաչ դրոշը, հիշեցնելով, որ 12-րդ դարում Դավիթ Շինարար թագավորը հենց այդ դրոշի ներքո է միավորել Վրաստանի ոչ վրաց բնակչությանը։
Անշուշտ, թե ինչ դրոշ պետք է ունենա Վրաստանը, այդ երկրի ներքին խնդիրն է։
Պարզապես արժե հիշեցնել, որ երկիրը որդեգրել է պետական կառուցվածքի եվրոպական մոդելը, անդադար կրկնում է, որ հավատարիմ է մնալու ժողովրդավարության եվրոպական չափանիշներին, ակնարկում է երկիրը ֆեդերալ դարձնելու մտադրությունների մասին, սակայն, մյուս կողմից, հապճեպ փոխարինում է հին դրոշը նորով, ինչը, «հեղափոխական էյֆորիայից» հետո կարող է այնքան էլ ընդունելի չլինել երկրի ոչ վրացի, ոչ վրացադավան եւ հատկապես մահմեդական բնակչության համար։
Ժամանակին, երբ Սաակաշվիլին Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահն էր եւ քաղաքապետարանի շենքի վրա բարձրացրեց հնգախաչ դրոշը, ինչպես ոչ վրացի, այնպես էլ վրացի բնակչության շրջանում դժգոհության ալիք բարձրացավ, եւ դատարանի միջամտությամբ այդ դրոշը ցած բերվեց։
Վրաստանը հպարտանում էր, որ երկրում ավելի քան 100 ազգություններ են ապրում, իրավամբ Թբիլիսին համարվում էր կրոնական եւ ազգային հանդուրժողականության խորհրդանիշ-քաղաք, սակայն վերջին 10-15 տարիներին այս երկիրն ապրում է ազգայնամոլությամբ, ընդգծված տեղ տալով վրացական եկեղեցուն, վրաց ուղղափառ գաղափարախոսությանը։ Վրաց ազգի բացառիկության, վրաց ուղղափառության յուրահատկության առասպելը բոլորովին էլ չի խոսում այդ երկրի կրոնական, ազգային հանդուրժողականության օգտին։
Այս առումով Սաակաշվիլին դեռեւս չի զատորոշվել Շեւարդնաձեից։ Նախկին նախագահն ասում էր. «Վրաստանը յուրահատուկ պետություն է, մենքՙ վրացիներսՙ յուրահատուկ ազգ ենք։ Մի առիթով ասել եմ. վրաց ֆենոմենը պետք է դառնա գիտական հետազոտության առարկա»։ Երկու օր առաջ Սաակաշվիլին հայտարարեց, թե վրացիներն ամենահին եվրոպացիներն են, կրկին ակնարկելով վրաց ազգի յուրահատկությունը։
Սաակաշվիլու խաչերը, երկրի նոր դրոշը, նոր նախագահի ազգայնամոլական, ազգային բացառիկության դրսեւորումները չեն խոսում ժողովրդավարության եւ եվրոպական չափանիշներին Վրաստանի հավատարմության մասին։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ