«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2004-01-16 | #5, 2004-01-17 | #6, 2004-01-20


ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ԵՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Արարատի մարզում 10 անգամ ավելի շատ են պեստիցիդներ օգտագործվում, քան նշվում է պաշտոնական վիճակագրությամբ։ «Հայաստանի կանայք առողջության եւ առողջ շրջակա միջավայրի համար» ոչ կառավարական կազմակերպության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ իրականում 1 հեկտարի վրա մարզի բնակչությունն օգտագործում է 2,23 կգ պեստիցիդ, մինչդեռ միջին վիճակագրական ցուցանիշը կազմում է մոտ 0,26 կգ 1 հեկտարի վրա։

Պեստիցիդների ներկրումը Հայաստան հիմնականում անլեգալ է։ Տվյալ խնդրին էր նվիրված «կլոր սեղանը», որին մասնակցում էին Արարատի մարզպետարանի, գյուղատնտեսության եւ առողջապահության նախարարությունների, էկոլոգիական հասարակայնության ներկայացուցիչներ։ Նշվեց, որ երկրում չկա պեստիցիդների առեւտրի վերահսկողություն։ Խանութների վաճառասեղաններին եւ հենց մարզի բնակիչների մոտ հայտնաբերվել են կիրառման համար արգելված պեստիցիդներ, ինչպես օրինակ ԴԴՏ-ն, հեքսաֆլորանը, դիքլորոֆոսը։

Պեստիցիդների անգրագետ կիրառության հետեւանքով հողի մեջ կուտակվում են թունավոր քիմիական նյութեր, որոնք կարող են հարուցել ինչպես սուր թունավորում, այնպես էլ խրոնիկական խանգարումներ, օրինակ նյարդային եւ իմունային համակարգերի, վերարտադրողական գործառույթների ախտահարում։

Խնդիր է նաեւ այն, որ ֆերմերները նախընտրում են բերքի պահպանման կարճ եւ էժան ճանապարհը, հրաժարվելով ոչ միայն նոր տեխնոլոգիաներից, այլեւ հին, փորձված մեթոդներից։

«Կլոր սեղանի» մասնակիցները հանգեցին այն կարծիքին, որ այդ մոտեցումը փոխել հնարավոր է տնտեսական լծակների կիրառման դեպքում, օրինակՙ արտադրանքի հավաստագրման միջոցով, որի դեպքում էկոլոգիապես մաքուր արտադրանքը կարող է դառնալ շատ ավելի թանկ, քան այն արտադրանքը, որ ստացվել է պեստիցիդների կիրառմամբ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4