Միլանցի փորձագետ Բրունո Նասիմբեն իր ելույթի առյուծի բաժինը տրամադրել է Հայաստանում ԶԼՄ-ների ազատության ու բազմակարծության աղավաղումներին։ ԶԼՄ անկախությունը եւ նրա տարակարծությունների պաշտպանությունն առերեւույթ պասսիվ, իրականում ցանկացած երկրի զարգացման մակարդակը չափորոշող գործոն է։ ԶԼՄ-ների հետ բախումները, փորձագետի հավաստմամբ, արձանագրվում են ոչ միայն երիտասարդ ու անփորձ, այլեւ հին ու ժողովրդավարության ավանդույթներ ունեցող երկրներում։ Նա վկայակոչեց իրենց երկրի օրինակը։ Իտալիայի վարչապետը քաղաքական բարձրագույն դիրք գրավելուց բացի, նաեւ մասնավոր բիզնես ունի, որը դարձել է նրա եւ լրատվամիջոցների հակամարտությունների դրդիչը։ Նման իրավիճակներում սովորաբար երկրները, նայած թե ինչպիսին են մարդու իրավունքներն ու արժանապատվությունն ընդունելու նրանց չափանիշները, սեփականության ու դրա հանդեպ ԶԼՄ վարքը հաշտեցնող նոր օրենքներ են ընդունումՙ որպեսզի կամ իրենք հարմարվեն ԶԼՄ պահանջներին, կամ վերջինիս ստիպեն հարմարվել իրենց։
Ակնհայտորեն նկատի առնելով մեր իշխանությունների համար գլխացավանք դարձած «Ա1+»-ի ոդիսականը, Վենետիկի հանձնաժողովի անդամն ակնարկեց, որ այս առումով Հայաստանի իրավական դաշտն անկատար վիճակում է։ Ինչպես պետք է վարվել նման պարագայում ըստ եվրոպական չափանիշների։ Նախ պետք է սկսել կադրային նշանակումներից։ Մեզանում Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովի ու խորհրդի անդամներին նշանակում է ՀՀ նախագահը։ Նրա իրավասությունների այս ոլորտը պետք է սահմանափակել։ Այդ հանձնաժողովներում պիտի ընդգրկվեն իսկապես արհեստավարժ փորձագետ-մասնագետներ, որոնք ԶԼՄ-իշխանություններ ամեն մի բախումների դեպքում ճիշտ լուծումներ կգտնեն։
Հանձնաժողովների գործունեությունը պետք է վերահսկի անկախ կարգավորիչ կառույցը, որի ստեղծումը եւս պետք է ամրագրել օրենքով։
Հայկական ԶԼՄ-ները, իրենց հերթին, նույնպես չեն փայլում անկողմնակալությամբ եւ անաչառությամբ, որի բաց արտահայտությունը դարձավ նախընտրական եւ ընտրական ժամանակաշրջանը։ Ըստ եվրոպացի փորձագետների, սահմանադրության ու նրանից բխող օրենքների մեջ պետք է խորացնել նաեւ նրա չեզոքությունը երաշխավորող դրույթներ։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ