Դետրոյթի Պոլսահայ մշակութային միությունը (ՊՄՄ), որը հիմնվել է 1964 թ. փետրվարի 14-ին մի խումբ ստամբուլահայերի կողմից, առաջիկա փետրվարին պատրաստվում է նշելու հիմնադրման 40-ամյակը, տեղեկացնում է Թուրքիայում հրատարակվող «Ակօս» քաղաքական-հասարակական շաբաթաթերթը։
ՊՄՄ-ն անցնող 40 տարվա ընթացքում ցույց է տվել արդյունավետ գործունեությունՙ կազմելով երաժշտական, թատերական, գրական, սոցիալական եւ երիտասարդական հանձնախմբեր։ Հիշատակության արժանի են, ըստ թերթի, միության կազմակերպած համերգները «Արեգ» եւ «Լոռի» երգչախմբերի կատարմամբ, ինչպես նաեւ «Շանթ» թատերախմբի ելույթները, որոնք հիացրել են մի շարք հայաշատ քաղաքների հանդիսականներին։
Միության հանձնախմբերից մեկը բարերար Ալեք Մանուկյանի նախաձեռնությամբ 1969 թ. հիմնել է մի վարժարան, որի նորակառույց շենքը շահագործման է հանձնվել 1974-ին։ 1969-91 թթ. միությունը հրատարակել է «Միութիւն» բովանդակալից հանդեսը, կազմակերպել հրատարակված գրքերի շնորհանդեսներՙ վայելելով պարբերաբար ԹՄՄ-ի եւ ՀԲԸՄ-ի համագործակցությունը։ ՊՄՄ-ի գործունեության կարեւոր մաս են կազմում սոցիալական օժանդակություններն ու նյութական հատկացումները ինչպես ՀԲԸՄ-ի Ալեք եւ Մարի Մանուկյան վարժարանին, Միչիգանի համալսարանների կրթական ֆոնդերին, այնպես էլ Պոլսի վարժարանների արժանավոր սաների կրթաթոշակի ֆոնդին։
Դետրոյթի ՊՄՄ-ն շարունակում է իր ազգանվեր գործունեությունը Ստեփան Գարուկյանի ատենապետությամբ։ 40-ամյակի առթիվ ջերմ շնորհավորանքներ եւ սրտագին մաղթանքներ նրանց։