Բեյրութի հայկազյան համալսարանի երաժշտական նվագախումբն օրերս հանդես եկավ առաջին համերգով։ Նվագախումբն ստեղծվել էր ընդամենը մի քանի ամիս առաջ, 2003-2004 թթ. ուսումնական տարվա սկզբին։ Կազմում ընդգրկված են 9 շնորհալի ուսանողներ, որոնք օժտված են երաժշտական հրաշալի ձիրքով ու վարպետությամբ։ Նրանք հանդիսատեսին հիացմունք են պատճառել Խաչատրյանի, Հարությունյանի, Շոպենի, Հայդնի եւ հանրահայտ այլ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ։ Հայկազյան համալսարանի անգլերենի պրոֆ տկն Արթինյանը, որը նաեւ երաժիշտ է, հանդիսատեսին մեկ առ մեկ ներկայացրել է նվագախմբի անդամներին, որոնց վարպետությունը հղկվել է Բեյրութի կոնսերվատորիայում, միայն մեկն է դաշնամուրի մասնագիտությամբ սովորել Երեւանում։ Համերգի ավարտին համալսարանի նախագահ Փոլ Հայդոստյանը ասել է. «Այս սքանչելի համերգն ունկնդրելիս մտածում էի, թե որքան գեղեցիկ է տեսնել, թե ինչպես են մեր ուսանողները հարստացնում համայնքի կյանքը։ Հայկազյան համալսարանը շարունակում է նպաստել համայնքի կրթական եւ մշակութային կյանքի զարգացմանը, քաջալերել ուսանողների տեսական եւ գործնական ուսուցումը»։
Ռ. Պ.