«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2004-01-21 | #8, 2004-01-22 | #9, 2004-01-23


ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՍԻՐՈՂ ՍՐՏԵՐԸ

Անուշ Նագգաշյանի բանաստեղծությունների նոր ժողովածուն

Հուզառատ խառնվածքով, ջերմ, տաք ներաշխարհով երեկ Թեքեյան կենտրոնի սրահում հավաքվածների մեջ սիրո մոռացված հուշեր փորձեց արթնացնել սփյուռքահայ բանաստեղծուհի Անուշ Նագգաշյանը։

Օտարության մեջ ապրող բանաստեղծուհին, որ կրել է տարագիր լինելու ճակատագիրը, սակայն եւ ունենալով բազում հնարավորություններ, ստանալով բարձրագույն կրթություն, տիրապետելով մի շարք լեզուների, ասմունքներով եւ դասախոսություններով հանդես գալով Անգլիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Հորդանանում, Երուսաղեմում, իր հոգում ունեցել է կարոտն առ հայրենին։

Բարձրագույն կրթություն ստացել է Երեւանումՙ պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետում, պաշտպանել է գիտական թեզՙ «Ֆրիկի կյանքը եւ ստեղծագործությունը» թեմայով։ 1997 թ.-ին ընտրվել է Հայաստանի ԳՄ պատվո անդամ։ Հրատարակել է բանաստեղծական 5 ժողովածուՙ Երուսաղեմում եւ Երեւանում։ Վերջինը «Եթէ յանկարծ տեսնես իրեն...» հատընտիրը լույս է ընծայել ՀԳՄ հրատարակչությունըՙ 2003 թ.։

Այս գրքի շնորհանդեսի առիթով Թեքեյան մշակութային միության կազմակերպած երեկոյին ներկա մտավորականներն Անուշ Նագգաշյանին ներկայացրին իբրեւ կրակոտ սիրով առլեցուն, բանաստեղծական էությամբ հայուհու։ Թեքեյան մշակութային միության գործադիր տնօրեն Սերգեյ Գալստյանը վարելով երեկոն, նկատեց, որ Անուշ Նագգաշյանին, եթե պատահաբար անգամ հանդիպես, կզգաս, որ իրավ բանաստեղծ է։ ԹՄՄ նախագահ Ռուբեն Միրզախանյանն Անուշ Նագգաշյանի բանաստեղծությունների ներքին ազատության սիրո դրսեւորումները եւ հայրենատենչությունը բացատրեց թեքեյանական շունչ ունեցող Նագգաշյան ընտանիքի հայաշունչ մթնոլորտով։

Անուշ Նագգաշյանի կանացի սիրառատ էության, նրա հայեցի մտածողության, բանաստեղծական աշխարհի նուրբ քնարականության մասին խոսեցին Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հայ նոր գրականության ամբիոնի վարիչ, բանասիրության դոկտոր Սամվել Մուրադյանը, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը, Լեւոն Լաճիկյանը, Սվետլանա Խանումյանը, Համլետ Կարճիկյանը, Շավիղ Գրիգորյանը, Վարդան Գրիգորյանը, Վլադիմիր Աբաջյանը եւ ուրիշներ։

«Սիրերգակ բանաստեղ, որի գրականության առանցքում սերն է աշխարհի, սիրած էակի, հայրենիքի, իր զավակի նկատմամբ։ Տարիներ շարունակ նա սփյուռքում կրթում է հայեցի սերունդ, սերում է տոհմիկ մանկավարժի ընտանիքից, սփյուռքում կարեւոր դերակատարում ունենալովՙ զգայուն հայրենասերի սիրող սիրտ է բաբախում բանաստեղծություններում»։

Ա. Նագգաշյանի ստեղծագործությունների օբյեկտիվ գնահատականում Սուրեն Դանիելյանն առանց բառերի անտեղի շռայլության նկատեց, որ սփյուռքահայ գրականության մեջ վերջին շրջանում ավելի գերիշխող են ազգային մտահոգությունները, հայրենիքի կարոտը, Հայաստան-սփյուռք հարաբերությունները։ Սիրո, ներանձնական զգացմունքները, կյանքի գեղագիտական ընկալումներն ու ճշմարտությունները կարծես լքել են սփյուռքահայ պոեզիան, եւ Նագգաշյանի բանաստեղծությունների սիրային մոտիվները շատ անհրաժեշտ են այս առումով։

Բանախոսները խոստովանեցին, որ Անուշ Նագգաշյանի պոեզիան եւ ինքըՙ բանաստեղծուհին, իր հետ տաք շունչ ու հաճելի անակնկալներ է բերում միշտ, ինքն ապրում է իր սիրո մոլորակում եւ իր ընթերցողին էլ դարձնում է այդ սիրո մոլորակի անդամ։ Կարեւոր համարվեց սփյուռքահայ գրականությունը դիտել հայ գրականության ընդհանուր ծիրում, որն ավելի կմերձեցնի մեզ արեւմտահայ պոեզիային։

Բանաստեղծուհին արդեն Հայաստանի անձնագիր ունի, որը երկրի, հայրենիքի նկատմամբ նվիրումի ու ակնածանքի դրսեւորում է, նա նաեւ առանձնատուն ունի Երեւանում եւ բազում բարեկամներ եւ իրեն սիրողներ։ Այս վերջին գրքի հասույթը հեղինակը նվիրում է Համահայկական գրական հիմնադրամին, որը նույնպես հայրենասիրության մի արտահայտություն է։

Երեկոն ջերմացրեց բանաստեղծուհու ասմունքըՙ սեփական պոեզիայի մեկնաբանությամբ։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4